Սպիտակում այսօր քաղաքապետ են ընտրում

Սպիտակում այսօր քաղաքապետ են ընտրում

Սպիտակում քաղաքապետի աթոռի համար պայքարում են երկու ՀՀԿ-ականներ՝ նախկին քաղաքապետ, երկու անգամ վերընտրված Գագիկ Սահակյանն ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Աատրյանը, ով ևս ժամանակին քաղաքապետ է եղել Սպիտակում:
Հետաքրքրական է, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն այդպես էլ որևէ մեկին չսատարեց, ասել է թե՝ նորմալ ընտրություններ խոստացավ, նույնը եղավ նաև Սպիտակից ընտրված ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի կողմից, ով Սպիտակում համարվում է «հարց լուծող» ու վերջնական որոշումները իրականացվում են հենց Համբարձումյանի կողմից:



Սպիտակում այսօր կրքերը հանգիստ են ի տարբերություն նախընտրական քարոզարշավների, որի ընթացքում նաև միջադեպեր են արձանագրվել: Քարոզարշավների ընթացքում փոխմարզպետի կողմից մեղադրանքներ են հնչել նախկին քաղաքապետի կողմից անօթևանության խնդիրը վերջնականապես չլուծելու վերաբերյալ, իսկ ահա նախկին քաղաքապետ, ներկայիս թեկնածու Գագիկ Սահակյանն էլ պատասխանել է, թե փոխմարզպետ էիր, ինքդ էլ անեիր, դու ավելի մոտ ես կառավարությանը:



Աղքատության ու արտագաղթի մեծ ցուցանիշ ունեցող, շուրջ 1000 դեռևս անօթևան ունեցող Սպիտակը թե ով կշարունակի ղեկավարել, պարզ կդառնա արդեն գիշերը, իսկ մինչ այդ Սպիտակի բնակչութունը շարունակում է հուսահատված ապրել բնականոն կյանքով, ասել է թե՝ իրենց համար ինչ-որ տեղ մեկ է:



Ի դեպ, մեր տեղեկութուններով` ՀՀԿ-ի կողմից որևէ մեկին չսատարելը ձեռնտու է եղել նաև հենց իրենց՝ քաղաքապետի թեկնածուներին, քանի որ նրանք ևս քաջ գիտակցում են, որ բնակչության մեջ դժգոհության մեծ ալիք կա իշխանության նկամամբ, իսկ իշխանության դրածո լինելը թերևս վստահության անկում կապահովվի ընտրողների շրջանում:



Hraparak.am-ի թղթակիցը փորձել է հանդիպել երկու թեկնածուների հետ ու լսել նրանց կարծիքը ընտրությունների վերաբերյալ, քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը համաձայնել է հարցազրույց տալ, իսկ ահա մյուս թեկնածուն՝ Վանիկ Ասատրյանը հրաժարվել է հարցազրույց տալ` պատճառաբանելով նախ, թե զբաղված է, իսկ հետո արդեն, թե չի ցանկանում:



Հավելենք, որ Գագիկ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել ինչպես վերևների կողմից տրվող «դաբրոյի», միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու, այնպես էլ իր՝ հերթական անգամ քաղաքապետ դառնալու ցանկության վերաբերյալ: Հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: