Շարունակեք յոլա գնալ, փախստականներ

Շարունակեք յոլա գնալ, փախստականներ

2007 թվականին պետությունը, ավելի ճիշտ, տարածքային կառավարման նախարարությունը որոշում ընդունեց Մոլդովական փողոց 29 հասցեում բնակվող Բաքվից բռնագաղթված փախստականների 10 ընտանիքի ապահովել բնակարաններով։ Ընտանիքներից ամենալավատեսները համաձայնեցին հրաժարվել իրենց այս խղճուկ, գարշահոտ կացարաններից, քանի որ հավատում էին, որ պետությունն իրենց նոր բնակարաններ կտա նորմալ և բարեկարգ շենքերում։ Բայց մարդիկ սպասեցին-սպասեցին, տեսան, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունը, և սկսեցին դիմել ատյաններ` պահանջելով, որ իրենց վերադարձնեն խղճուկ կացարանները։ Այսօր վերջապես կառավարության նիստում լուծվեց այս ընտանիքների խնդիրը։ 6 փախստական ընտանիքներին կառավարությունը հետ տվեց բնակարանները։ Մյուս շահառուներից մեկը մահացավ` երազելով տան մասին։ Մյուս երեք ընտանիքները դեռ սպասում են։ «Բյուջետային միջոցների սղության պայմաններում հարցը չի լուծվել», - այսօր վարչապետին զեկուցեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Վերջինս էլ հետաքրքրվեց, թե ո՞վ էր խոստացել, որ բնակարանի հարց կլուծի։ Լսելով պատասխանը՝ «պետությունը», վարչապետը արագ հաստատեց որոշումը և անցավ հաջորդ հարցին։



Սյուզան Սիմոնյան