Երեկ լարված է եղել իրավիճակը, կրակոցների թիվը ավելացել է. Սեյրան Օհանյան

Երեկ լարված է եղել իրավիճակը, կրակոցների թիվը ավելացել է. Սեյրան Օհանյան

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրան ուղեկցում էին բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատակիցներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց եւ ծաղկեպսակ դնելուց հետո Պնախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:



«Սովորաբար լարվածություն կամ խախտումներ, ոտնձգություններ լինում են հիշարժան օրերին, հանգստյան օրերին, երբ հակառակորդը փորձում է ճշտել զգոնությունը: Երեկ լարված է եղել իրավիճակը ԼՂՀ հյուսիսային հատվածում` Մարտակերտի շրջանում: Կրակոցների թիվը ավելացել է, ականանետերից են ավելացել կրակոցների թիվը: Այսօր առանձին գծում գտնվող ստորաբաժանումները իրենց պաշտպանական դիրքերում են»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:



Ադրբեջանի հայտարարությունը հայկական տանկ խոցելու մասին Սեյրան Օհանյանը մեկնաբանեց որպես հերթական բացահայտ սուտ: Լրագրողները հետաքրքրվեցին լայնամասշտաբ գործողությունների վերսկսկման հնարավորության մասին: «Մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը որ մեզ պետք է հետ տանի 1994թ մայիսի 12-ին ստորագրված հրադադարին, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ հրադադարը պաշտպանվի, որովհետեւ հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձեւավորումն է, որ նաեւ հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալուն: Եւ հայկական բանակը, եւ ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ են ամեն ինչ անել եւ ապահովել Արցախի անվտանգությունը»: 



Նախարարից խնդրեցին մեկնաբանել նաեւ բանակի պատրաստվածության մասին լուրերը: «Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջեւ դրված խնդիրները իրականացնել, այն բարեփոխումները, որ իրականացվեցին տարիների ընթացքում եւ զինված ուժերի զարգացման պլանը, որ ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2 տարվա աշխատանքի արդյունքում, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին, պարզապես փոքր-ինչ առաջնահերթություններ կան, որոնց վրա մենք այսօր շեշտը դնում ենք: Այսօր ոչ միայն ես, այլեւ բոլորն են ասում, որ երբեք թույլ չեն տա, որ Արցախում լինի ճնշում Արցախի ժողովրդի վրա, եւս մեկ անգամ կրկնվի այն, ինչ-որ եղել է 101 տարի առաջ: ես այսօր ուզում եմ որ մենք խոնարհվենք ոչ միայն 1,5 միլիոն զոհերի, այլեւ Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի առաջ, չմոռանանք նաեւ 2014-2015թթ լարվածության ընթացքում մեր տղաների հերոսությունները եւ ապրիլյան առաջին օրերի պատերազմում զոհված հերսներին»:



Պատասխանելով տարածքներ հանձնելու մասին հարցին`  Պնախարարը նշել է, որ քաղաքական գործընթացներին համապատասխան գնահատական տալիս են քաղաքական ղեկավարները որոնք զբաղվում են,դիվանագիտությամբ: «Ես կարող եմ ասել որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք չի կարող գնալ: Այս իրավիճակում պետք է ամեն ինչ անենք, վստահության եզրեր գտնենք, մթնոլորոտ ստեղծենք ու փոխհամաձայնություններ լինեն, իսկ այդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ Արցախի հարցի լուծումը միայն ու միայն խաղա ճանապարհով, երկխոսությւուն է պետք, եթե դա չկա, ինչի՞ մասին է խոսքը»:



Խոսելով Արցախը որպես հակամարտող կողմ բանակցություններին ներգրավվելու մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ ԼՂՀ-ն այս կամ այն կերպ մասնակցում է, բայց անմիջական մասնակիցը պիտի լինի, հակառակ դեպքում` հարցի լուծման վերջնական փուլում ԼՂՀ նախագահի հետ նորից պետք է զրոյից սկսենք «Ղարաբաղը` որպես կողմ, ներգրավված է 1994թ հրադադարի պայմանագրով, այդ համաձայնագիրը մինչեւ հիմա գործում է, պարզապես շփման գծում գործողությունները դադարեցնելու համար ձեռք է բերվել պայմանավորվածություն»:



Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե վերլուծություն արել եք` ինչ է պետք անել ավելի քիչ զոհեր ունենալու համար. «Ի՞նչ եք կարծում, վերլուծություններ չե՞նք արել, այդ վերլուծությունները արել ենք մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ ՊՆ-ի հետ միասին»: Իսկ թե ինչպես եղավ, որ ապրիլյան առաջին օրերի պատերազմի ժամանակ հայկական կողմը 92 զոհ ունեցավ, նախարարն ասաց, որ պատերազմի ընթացքում լինում է, մեր զինվորները կռվի են դուրս եել եւ կռվել են մինչեւ վերջին փամփուշտը, բայց դա չի նշանակում, թե փամփուշտները ավարտված են եղել: