Վերջապես էս «գժանոցին» վերջ տանք

Վերջապես էս «գժանոցին» վերջ տանք

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն ընդդիմությունը պարբերաբար արձանագրում է, որ իշխանությունը ոչ մի էական առաջարկ չի ընդունում։ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը 36 առաջարկ էր ներկայացրել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որոնցից երեկ ընտրել էր հինգը, որոնք եւ ներկայացրեց ԱԺ հայտարարությունների ժամին։ «Ազատություն» կուսակցության անունից Բագրատյանն առանձնացնում է հետեւյալ քայլերը, որոնք «ներկայացված փաստաթուղթն Ընտրական օրենսգիրք կդարձնեն»․ իջեցնել անցողիկ շեմը, կուսակցությունների համար 5%-ից դարձնել 4%, իսկ դաշինքների համար` 7-ից 5, քանի որ նոր Սահմանադրությամբ կրճատվել է պատգամավորների ընդհանուր թիվը, վերականգնել քաղաքապետի ուղիղ ընտրությունները Գյումրիում եւ Վանաձորում․ «Պատկերացրեք՝ քաղաքապետը ոնց որ կառավարությունը լինի, իսկ ավագանին նրա պառլամենտն է, որը հսկում է բյուջեն՝ կոպիտ եմ ասում։ Բայց երբ որ ավագանին իրենից է քաղաքապետ ընտրում, միեւնույն քաղաքական ուժը համ ավագանի է լինում, համ քաղաքապետ, եւ կոռուպցիան ընդլայնվում է։ Բոլորը հայտնվում են մեկ մաֆիայի մեջ»։ Հաջորդը՝ «կրճատել» կայուն մեծամասնություն ասվածը։



«Սահմանադրության համաձայն, օրգանական օրենքները պետք է ընդունվեն առնվազն պատգամավորների 3/5-ով, եւ սպասվում էր, որ կայուն մեծամասնությունը 3/5-ից ավելի չպետք է լինի, նույնիսկ նշում էին, որ իտալական մոդելի են գնում, որում կայուն մեծամասնությունը 54 տոկոս է։ Հիմա բերել են փաստաթուղթ, որով կայուն մեծամասնությունը կարող է լինել մինչեւ պատգամավորների թվի 2/3-ը, այսինքն՝ 66 տոկոսից ավելի։ Այս օրենսգրքով նրանք նույնիսկ այս չընդունված Սահմանադրությունն են կեղծում»,-ասում է Բագրատյանը։ Նա էական փոխզիջում կհամարեր նաեւ ցուցակների մաքրումն այն 700 հազարից մինչեւ 1 մլն. անուններից, որոնք արտագաղթել են, բայց տարեցտարի «քվեարկում» են․ «ՏԻՄ ընտրությունններում միայն մշտական բնակչությունն է մասնակցում, թող այս ցուցակներում էլ միայն մշտական բնակչություն մասնակցի։ Այսինքն՝ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն անձնագիր, բայց վեց ամիս եւ ավելի ապրել են Հայաստանում, իսկ ով որ ունի անձնագիր, բայց Մագադանից եկել է քվեարկելու, խնդրեմ, թող դիմում գրի, լրացուցիչ ցուցակում թող լինի, քվեարկի, որ ակնհայտ երեւա»։ Այս երկրորդ խոշոր զիջմանը նրանք նույնպես չգնացին։ 



- Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակն արդեն ունենք։ Կարելի՞ է ասել, որ սա կոմպրոմիսային տարբերակ է։



- Եթե հետեւում ենք օրենսգրքի նախագիծը ներկայացրած Դավիթ Հարությունյանին, տեսնում ենք, որ իրենք գնում են միշտ փոքր կոմպրոմիսի։ Նույն կայուն մեծամասնության հարցը։ Իրենք ասում են՝ ընդդիմության իրավունքներն ապահովել ենք, դուք կարող եք քննիչ հանձնաժողով ստեղծել եւ որեւէ հարց քննել, առանց արդյունքի, առանց որոշման։ Կներեք, բայց դա 25 տոկոս է։ Դա՞ է ընդամենը զիջումը։ Հիմա ստացվում է, որ երբ ասում էին՝ անցնում ենք պառլամենտական հանրապետության, եւ դա կլինի երկիր բոլորի համար, դա ամենեւին այդպես չէր։ Դա երկիր է մեծամասնության համար եւ ավելի մեծ չափով, քան առաջ էր։



- Երկիր՝ կայուն մեծամասնությա՞ն համար։



- Ըստ որում՝ շատ օրիգինալ մեծամասնություն է։ Կայուն մեծամասնություն կա, կայուն փոքրամասնություն չկա՝ ընդամենը մեկ երրորդ։



- Պարոն Բագրատյան, Դուք ժամանակին ասում էիք, որ մեծամասնական ընտրակարգն իրականում չեն վերացրել, եւ այն թաքնված ձեւով էլի առկա է, եւ առաջարկում էիք երկուսից մեկն ընտրել։ Ի՞նչ են Ձեզ առարկում։



- Իրենք ասում են՝ որպեսզի լինի դեմոկրատիա, ոչ միայն կուսակցությունն է իր ցուցակն առաջարկում, այլեւ ըստ տարածքների թեկնածուներ է դնում։ Եվ ասում են՝ կեսը թող կուսակցության ցուցակով անցնի, կեսը՝ թեկնածուներով։ Եթե ժողովրդավարության համար եք մտածում, ընդհանրապես կուսակցության ցուցակով թող ոչ ոք էլ չանցնի, իսկ եթե ուզում եք, որ այնպիսի համամասնական լինի, ձեր խոսքերով, որպեսզի ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն թող կուսակցությունը չնշանակի թեկնածուին, այլ 100 տոկոսով թող ժողովուրդն ընտրի։ Այս հարցում էլ ոչ մի զիջում։



- Ձեր առանձնացրած 5 առաջարկները, փաստորեն, չեն համընկնում «4+․․․»-ի առաջարկներին։ 



- Մասամբ չեն համընկնում, սա իմ տեսակետն է։ Ինչ վերաբերում է «4+4+4»-ին. Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ առաջարկով, մենք նրան վստահեցինք, որ նա բանակցի։ Բայց բանակցություններից բան դուրս չեկավ, եւ այդ ֆորմատը մեզ համար ներկայումս չկա։



- Հիմա իշխանությունները կասեն՝ մենք քննարկել ենք Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրության հետ, ու «գալոչկա» կդնեն։ Ի վերջո, կայացա՞վ քննարկումը, թե՞ ոչ։



- Քննարկումները կայացան, եւ մեր կողմից լիազորված ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, որ ոչ մի զիջման ոչ մի էական հարցում իշխանությունը չգնաց։



- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ սա ձեւական քննարկում էր։



- Իբրեւ թե փոխում են, բայց շատ հաճախ ընդդիմադիր գործիչները տալիս են մանր հարցեր, որոնց Դավիթ Հարությունյանը շատ մեծ հաճույքով պատասխանում է, ասելով, որ անպայման պետք է դա քննարկել եւ մտցնել՝ ցույց տալով զիջողական կեցվածք։



- Դուք ելքեր եք առաջարկում ամենաանելանելի իրավիճակներում։ Ի՞նչ պետք է անել, ԼՂՀ կարգավորման շուրջ ստեղծված բանակցային կոլապսից ինչպե՞ս դուրս գալ։



- Նախ, ես թույլ կտայի, որ ընտրություն լիներ։ Որ Ազգային ժողովն իրոք ներկայացներ ժողովուրդը։ Բայց արդեն պարզ է, որ ընտրություն չի լինելու։ Իրենք խառնվելու են։ Իրենք նույնիսկ մտնում են ընդդիմության դաշտ ու ասում են՝ բերեք որոշենք, թե ձեզանից ով կանցնի, ով՝ չէ։ Մենք տեղերում այնպես կանենք, որ այս մարդկանց ձայն կտան։ Վաղը «քցոցին» լինելու է ընդդիմության հիմնական գործիքը, եւ պետք չէ մեղադրել ընդդիմությանը, ասել՝ այնպիսի մարդիկ ընտրի, որոնք «չքցեն»։ Փողը կուտակված է հանրապետականների ձեռքը, եւ նրանք աջ ու ձախ բաժանելու են ընդդիմությանը։ Խնդիրն այն է, որ թույլ չտանք, որ այդ կաշառակերության, փողերի մեջ ընդդիմությանը ներգրավեն, որ գոնե մի բեւեռ մաքուր մնա։ Այլ ելք չկա, քան ներսում քիչ թե շատ արդար կարգեր սահմանելու միջոցով փորձել բարձրացնել տնտեսությունը։ Տնտեսությունը, մասնավորապես ֆինանսները, անկումային վիճակի մեջ են, բանկային համակարգը գտնվում է լրջագույն պրոբլեմների առաջ։ Արհեստականորեն պահպանվում է նրա վճարունակությունը, հասկանո՞ւմ եք, վերջապես էս գժանոցին վերջ տանք։ Սա համարվում է կայունություն։ Հանրապետական կուսակցության ղեկավարի տեսլականն այն է, որ չի կարելի այս կայունությունը խախտել, ու երբ ասում ես, որ այսպիսի կայունությունը հնարավոր չէ պահպանել, չի ընկալվում։



- Գժանոցին վերջ տալը կօգնի՞ մեզ արտաքին քաղաքական հարցերում։



- Մենք անընդհատ արտաքին քաղաքական ճնշումների մեջ ենք լինելու։ Հիմա այլեւս ելք չկա։ Ադրբեջանը մի քանի ամսից ուշքի կգա, նորից կհարձակվի։ Այս իրադարձությունները նաեւ ցույց տվեցին, որ չնայած պատերազմական գործողությունները բացահայտ սկսեց Ադրբեջանը, աշխարհը համարյա թե լռեց։ Իմ կոչն է, որ գոնե ներսում կառավարման արդարություն սահմանեն։



- Պաշտոնների մասին։ Վերջին պաշտոնանկությունները ՊՆ համակարգում կարծես թե Ձեր հայտարարություններից հետո եղան։ Ի՞նչ եք կարծում, մեր ռազմական ղեկավարությունը հասկացե՞լ է, որ պետք է կտրուկ փոփոխությունների գնալ։



- Ես չեմ կարող ասել, որ իմ հայտարարությունից հետո եղավ կամ չեղավ։ Դրանք վերաբերում էին բանակային կապին եւ նյութատեխնիկական միջոցների մատակարարմանը։ Ես ՖԲ իմ էջում գրեցի, որ մի քանի մլն. դոլարի ծախս էր ամբողջ բանակը գիշերային տեսողության սարքերով զինելը։ Շուտով կավարտվի այդ պրոցեսը, եւ պատերազմի արդյունքում վերջապես դա կունենանք։ Ի՞նչ ասեմ։ Իմ փորձից ելնելով, երբ որ 93-ին ստանձնեցի վարչապետի պաշտոնը, դրեցի հաշվեցի, թե ինչու ենք սխալվել, որտեղ ենք սխալվել։ Լուծեցի այդ բոլոր հարցերը, այդ թվում՝ կապի հարցը, հակաօդային պաշտպանության հարցը։ Ի վերջո, դա ավարտվեց հաղթանակով։ Ես հիմա գտնում եմ, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանը, շնորհիվ ներքին կառավարման բարելավման, դեմոկրատացման, կարող է հաջողության հասնել անխուսափելի պատերազմում։ Բայց հույս չունեմ այս ադմինիստրացիայից։



- Իսկ հեռանկարո՞ւմ։



- 10-20 տարվա հեռանկարը եթե վերցնենք, Հայաստանում կսխալվի այն քաղաքական գործիչը, որը տեսական դատողությունների վրա եզրակացություններ կանի։ Ռեգիոնն արդեն դարձել է շատ խիտ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ, եւ այդտեղ շատ հնարավոր է, որ մենք տուժենք այս կամ այն շահի հաղթանակի, չեմ ասում՝ գերակայության պարագայում։ Դրա համար ես չեմ ուզում մի քանի տարուց հետո անելիքի մասին խոսել, բայց առաջիկա երկու-երեք տարիներին կտրուկ փոփոխություններ են պետք։ Իշխանության եկած վերնախավն ինքը պետք է հեռանա։ Նա չունի արդյունավետ կառավարում։ Նա իր սեփական բիզնես-շահը շփոթում է պետության բիզնես-շահի հետ։ Պետք է մաքրել, կառավարությունում, գործադիրում, դատարաններում չպետք է լինի մեկը, որ սեփական բիզնես ունենա։ Սա միանշանակ է, իսկ երբ որ երկրի համար առաջին դեմքերից մինչեւ վերջին փոխնախարարը բոլորը բիզնեսմեն են, չսպասեք լավ բանի։



- Երեկ «Հրազդան ցեմենտին» արտոնություն տալու դեմ խոսեցիք, եւ անցավ, հիմա կարո՞ղ է այնպես անեք, որ պատերազմ էլ չլինի, պարոն Բագրատյան։



- Ոչ։ Մի քանի ամսից, կարծում եմ, կլինի նոր պատերազմ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ