Նոր հաղթանակներ նվաճելը դեռ չի նշանակում հասնել խաղաղության. Վլադիմիր Կարապետյան

Նոր հաղթանակներ նվաճելը դեռ չի նշանակում հասնել խաղաղության. Վլադիմիր Կարապետյան

«ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետեւանքները» թեմայով այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրած քննարկման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կանխատեսեց, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ ըստ իրավիճակի եւ սպասելի է, որ ապրիլյան գործողությունները կրկնվեն։ Նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային ճանապարհով չունի լուծում։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը պետք է պատժվի ռազմական ճանապարհով, եւ հայկական կողմը պետք է ցույց տա իր ուժը։



ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ ԼՂՀ ճանաչման գործընթացը պետք է անցնի մի քանի փուլ։ Նա ասաց, որ ՀԱԿ-ը կարեւորում է միջազգային հանրության ներգրավվածությունը բանակցային գործընթացում։ Վլադիմիր Կարապետյանը համաձայն չէ Արա Պապյանի այն կանխատեսմանը, որ կարող են լինել ապրիլյան ռազմական գործողությունների նման գործողություններ։ Արա Պապյանն էլ հակադարձում է, որ Ադրբեջանը պետք է պատժվի, եւ, եթե այսօր չպատժենք նրան, ապա վաղը կավելանա զոհերի թիվը։ Նա այս փուլում այդքան չի կարեւորում բանակցային գործընթացի դերը եւ կարծում է, որ մենք պետք է նախահարձակ լինենք։



ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ կարծում է, որ դե ֆակտո ՀՀ-ն եւ Արցախը չունեն ճանաչման խնդիր։ Նա կարծում է, որ եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, ապա կարող են մնալ ԼՂ-ն եւ Ադրբեջանը։ Թեւան Պողոսյանը եւս կարծում է, որ Ադրբեջանին պետք է հասկացնել, որ ռազմական ուղին իր համար ճանապարհ չէ։
Վլադիմիր Կարապետյանն էլ կարծում է, որ պետք է կարեւորել երեք ուղղություն. բանակը պետք է պատրաստ լինի եւ սպառազինված, դիվանագիտական աշխատանքները պետք է լինեն կազմակերպված, պետք է լինեն ներքին փոփոխություններ, ժողովրդավարական բարեփոխումներ, օլիգարխները, պաշտոնյաները պետք է հրաժարվեն իրենց կուտակած հարստությունից, պետք է ընդառաջ քայլ արվի դեպի ժողովուրդը։ Արա Պապյանն էլ հիշեցրեց, որ ՌԴ-ն մեր առջեւ ունի պարտավորություններ, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելով էլ չլուծվեց մեր անվտանգության խնդիրը։ Նա եզրակացրել է, որ իմաստ չունի մնալ մի կառույցում, որը մեզ ոչինչ չի տալիս։



Թեւան Պողոսյանին մտահոգում է Գորիս-Սիսիան ճանապարհի վիճակը, որը ցուցադրվում է վերջին շրջանում։ Քննարկումը վարող լրագրող Արեւիկ Սահակյանն էլ դիտարկում արեց, որ ճանապարհը պետք է վերանորոգումը, ըստ ԶԼՄ-ների, պետք է իրականացնի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսնուն պատկանող ընկերությունը։
Վլադիմիր Կարապետյանն էլ կարծում է, որ ռազմի դաշտում նոր հաղթանակներ նվաճելը դեռ չի նշանակում հասնել խաղաղության, քանի որ ամեն ինչ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ուշադրություն հրավիրեց, որ հայրենասիրական կոչերի փոխարեն պետք է մտածել խնդրի կարգավորման եւ ԼՂ ինքնորոշման իրավունքի հաստատմանը հասնելու մասին։