Ուժգին քամու վերաբերյալ ԱԻՆ-ում գրանցվել է 575 ահազանգ

Ուժգին քամու վերաբերյալ ԱԻՆ-ում գրանցվել է 575 ահազանգ

Մայիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի տատանումներով պայմանավորված մոլեգնեց ուժեղ քամի, մոտավորապես 1 ժամվա ընթացքում անցնելով առանձին հատվածներով՝ բավականին մեծ վնաս հասցրեց՝ վնասելով շենք-շինություններ, ծառեր։ ԱԻՆ-ում գրանցվեց 575 ահազանգ, որից 472-ը՝ մայրաքաղաքից։ Մասնավորապես, մայրաքաղաքում 280 շենք շինությունների վնասման դեպքեր գրանցվեցին, 137 ծառի շրջման դեպքեր, որոնք իրենց հերթին առաջացրել են տարբեր խնդիրներ։ 196 տանիքի վնասման դեպքեր, որը քամին ամբողջությամբ կամ մասնակի քշել է, 19-ի դեպքում դրանք վայր են ընկել տրանսպորտային միջոցների վրա և այս կամ այն չափի վնաս հասցրել մեքենաներին։ 6-ի դեպքում երթևեկության խցանումներ են արձանագրվել՝ լուսացույցերի, գովազդային վահանակների շրջման հետևանքով։ Խոշոր հոսանքազրկումներ չեն եղել, շատ արագ, համատեղ աշխատանքի շնորհիվ վերականգնվել է էներգիան։



ԱԻՆ-ը արձանգանքել է 150 ահազանգի, առավել տուժել են մայրաքաղաքի Շենգավիթ, Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր և Մալաթիա Սեբաստիա համայնքները։ Մարզերից Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի համայնքներն են տուժել, ընդ որում ՝Վայոց Ձորի մարզում ուժեղ քամին վնաս է հասցրել մայիսի 24-ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ Նա նշեց, որ մեծամասամբ տանիքների, ծառերի վնասներ են արձանագրվել։ Նրա խոսքերով՝ երևույթը բնորոշ է տվյալ ժամանակաշրջանին։ Պաշտոնյան խորհուրդ տվեց, որ այս կամ այն շինարարությունը ձեռնարկելիս հաշվի առնեն սեզոնային քամիները: Ուժեղ քամու հետեւանքով ԱԻՆ-ում գրանցվել է ընդամենը մեկ տուժածի տվյալ:  



Նա նաև նշեց, որ վնասների թվերի մասին գնահատական տալը դեռ վաղ է, այդ առթիվ համապատասխան արձանագրություններ պետք է կազմվեն, իսկ փոխհատուցման վերաբերյալ կառավարությունը պետք է որոշում ընդունի: