Ո՞ր կուսակցությունները կվերցնեն նաիրիտցիների նետած ձեռնոցը. թեժ է լինելու

Ո՞ր կուսակցությունները կվերցնեն նաիրիտցիների նետած ձեռնոցը. թեժ է լինելու

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին վերջապես արձագանքեցին ինչպես գլխավոր դատախազությունից, այնպես էլ արդարադատության նախարարությունից: Սակայն գործարանի աշխատակիցների հույսերը չարդարացան, դատախազությունը հանցագործության մասին տվյալներ չի գտել, իսկ արդարադատության նախարարությունն ամբողջովին իր իրավասությունից դուրս է համարել հարցի լուծումը:



Հիշեցենք, որ դեռևս մայիսին «Նաիրիտ» գործարանի ավելի քան 600 աշխատակիցներ ստորագրությամբ և կից փաստաթղթերով դիմում են հանձնել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ արդարադատության նախարարին: Նաիրիտցիները պահանջում են՝ իրենց դիմումն ընդունել հիմք՝ իրենց աշխատավարձերի ուշացման պատճառով գոյացած տույժ-տուգանքները վճարելու համար համապատասխան ստորաբաժանմանը գործի քննության վարույթ բացելու հանձնարարական տալու համար:



Դատախազությունից պատասխանել են. «Դիմումի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դրանում առկա չեն տվյալներ, որոնք կվկայեն հանցագործության հատկանիշների առկայության մասին: Դիմումում քննարկվել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, իսկ մասնավոր շահերի պաշտպանությունը՝ որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով»: Իսկ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բարձրացված հարցի լուծումը դուրս է արդարադատության նախարարության իրավասությունից:



Նաիրիտցիները կդիմեն հին և փորձված մեթոդին՝ բողոքի ցույց կիրականացնեն, բայց այս անգամ, ինչպես ասաց աշխատակիցներից մեկը, բողոքի ցույցը թեժ է լինելու: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ի դեպ, այս անգամ ձեռնոց են նետում մեր երկրի իրենց «ընդդիմություն» հռչակած կուսակցություններին: Կուսակցության ներկայացուցիչներին հրավիրում են մասնակցել բողոքի ցույցին:



«Օրհասական է «Նաիրիտի» հարցը: Սա առիթ է շատ ու շատ քաղաքական գործիչների համար մեր կողքին գտնվելու և ապացուցելու, որ ևս անհանգստացած եք «Նաիրիտ»-ի խնդրով և ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու և ապացուցելու, որ երկրի տնտեսության զարգացումը ձեզ համար կարևոր և լուծվող խնդիր է։ Ուրեմն ի՞նչ, հրավիրում ենք բոլորիդ հունիսի 23-ին ժամը 11.00-ին, ՀՀ Կառավարություն, որտեղից երթով՝ Բաղրամյան 26։



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նպատակները ազնիվ են։ Մեր ցանկությունը՝ արդար, իրավական ու բարեկեցիկ պետություն ունենալն է: Համոզվենք, հրավիրում ենք:



«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նպատակն է սոցիալ-ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացումը: Համոզվենք, ՀԱԿ հրավիրում ենք:



«Հայ Յեղափոխական Դաշնակցություն». Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության: Համոզվենք ՀՅԴ հրավիրում ենք:



«Օրինաց Երկիր»՝ այսօր՝ «Հայկական վերածնունդ» կուսակցություն. «Հայկական վերածնունդը» ոչ միայն մտնելու ենք խորհրդարան, այլ նաև մտնելու է ծանրակշիռ ազդեցությամբ։ Համոզվենք, հրավիրում ենք:



«Ժառանգություն». Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատանքի և հաց վաստակելու հնարավորությունների ընձեռում։ Համոզվենք, հրավիրում ենք:



Բանվորական միություն. հրավիրում ենք
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցություն, հրավիրում ենք
Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն,  հրավիրում ենք
«Չորրորդ հանրապետություն» կուսակցություն, հրավիրում ենք
Ազգային միաբանություն, հրավիրում ենք
Համախմբում կուսակցություն, հրավիրում ենք
Հրավիրում ենք ձեզ՝ մեր պահանջները բազմիցս ճիշտ և արդար լուսաբանող լրագրողներ
Հրավիրում ենք նաիրիտցիներին՝ ներկա, նախկին»: