Ամառ է…

Ամառ է…

Ամառ է, Պապն էլ եկավ-գնաց, եւ ժամանակն է հանգստի մասին մտածելու: Կառավարությունը, ճիշտ է, ԱԺ-ից վրեժ է լուծում արտահերթ նստաշրջաններ հրավիրելով, բայց բոլորին էլ հասկանալի է, որ կառավարությունում էլ դեմ չեն օր առաջ ազատվել աշխատանքային եռուզեռից: Քանի դեռ կառավարությունն ու ԱԺ-ն, ի հեճուկս միմյանց, ցույց են տալիս, որ կիսատ գործեր կան, ԶԼՄ-ներն էլ չեն կարողանում իրենց ամառային հանգիստը պլանավորել: Բոլորը մտածում են` այնպես չլինի, որ մեր խելացի քաղաքական գործիչները մի բան ասեն, եւ դա, հանկարծ, չարժանանա անհրաժեշտ ուշադրության: Այս վիճակը, կարծում ենք, երկար չի տեւի, եւ արդեն հուլիսի առաջին տասնօրյակից արձակուրդային տրամադրությունները կիշխեն քաղաքական կյանքում:



Իսկ մինչ այդ թերթերը գրում են, որ սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու, իսկ շարունակության մեջ՝ նաեւ քաղաքապետի ընտրությունները թեժ ամառ են խոստանում: Ով հավատում է այս թեզին, թող ձեռք բարձրացնի: Իսկ ես գիտեմ, որ երբ ստվերում ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի, ոչ քարոզելու հավես է մնում եւ ոչ էլ հույս, թե քարոզը կարող է հասնել որեւէ ուղեղի:



Այս տարի, եթե ինձ չեք հավատում, կարող եք հարցնել իրենց, հատկապես շատ են լինելու Արցախ հանգստի մեկնող պաշտոնյաները: Ծագումով ղարաբաղցի, թե լոռեցի` նշանակություն չունի: Սա, ինչպես ասում են, հայրենասիրական դրդապատճառներով է պայմանավորված: Բացի այդ, նախագահն էլ կոստյում-փողկապով առաջնագիծ կատարած իր այցով հստակ մեսիջ հղեց պալատական վերնախավին, որ խրամատներից նորանոր սելֆիների պակաս չպետք է լինի, որպեսզի մեր ժողովուրդը վերջնականապես համոզվի, որ «Հոռոմի էնիքը» դարձած 800 մետրն իսկապես չի խաթարել Արցախի տեսարժան վայրերի «աշխատանքային» գրաֆիկը: Նախագահից ցածր պաշտոնյաները կարող են առաջին գիծ գնալ թե մարզահագուստով, թե շորտիկներով, թե թիթեռ բռնելու ցանցերով… Հանգիստը Ղարաբաղում պետք է լինի լիակատար եւ, որ ամենակարեւորն է` թափանցիկ եւ տեսանելի: Դրա համար Արցախի մշակույթի նախարարությանը, ամենայն հավանականությամբ, հանձնարարվել է զանազան ֆլեշմոբեր կազմակերպել ՀՀ-ից հանգստի եկած պաշտոնյաների համար, ամենօրյա տուրեր Ստեփանակերտից եւ Շուշիից դեպի հեռավոր Մարտակերտ եւ Հադրութ, ճանաչողական էքսկուրսիաներ Մանվելի եւ Շմայսի փառքի կածաններով:



Բնականաբար, ոչ մի հայ պաշտոնյա չի ասի, որ այս տարի ամառն անցկացնելու է Անթալիայում, բայց գնացողներ կլինեն, ինչպես հայ-թուրքական քիրվայության օրերին էր, երբ նույնիսկ պայքարում էին Երեւանում Անթալիայի ծովափերի գովազդներն ամենաերեւացող տեղերում փակցնելու համար: Այս տարի քաղաքական մոմենտը թույլ չի տալիս այդ մասին բացեիբաց հայտարարելու: Բացի այն, որ ապրիլյան պատերազմ է տեղի ունեցել, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն էր, նաեւ դեռ թարմ է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ռազմական օդանավը թուրքական զինուժի կողմից կործանելու հուշը: Ո՞նց կլինի` Պուտինը նույնիսկ Էրդողանի հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ հայ նախարարը կամ օրենսդիրը հայտարարի, որ ամռանը մեկնելու է Անթալիա: Բայց ասեմ` Ռուսաստանի բոյկոտից հետո Անթալիայում ամեն ինչ ջրի գին ունի, եւ դա կարող է մագնիսի պես ձգել հայերին: Եվ պարտադիր չէ Երեւանում օդանավ նստել Անթալիա հասնելու համար: Գնում ես Բաթում, իսկ այնտեղից էլ… Պուտինը հո չի՞ ստուգելու` հայ պաշտոնյայի անձնագրում Թուրքիայի կնի՞ք է ավելացել, թե՞ ոչ: Կարեւորը Անթալիայում սեփական վարքի կամ մի ուրիշ պատճառով «ժուռնալ» չընկնելն է: Գրիմի ժամանակակից միջոցներն ու կարգին արեւայրուքը, կարծում ենք, կլուծեն այդ հարցը:



Վստահաբար, Հայաստանում կան շատ պաշտոնյաներ, անգամ պաշտպանության նախարարությունում, որ, չնայած ոչինչ չեն արել տարվա ընթացքում, այնուամենայնիվ, ծրագրում են ամառն անցկացնել հեռավոր էկզոտիկ կղզիներում` լողազգեստից գրեթե զուրկ վիթագեղ նեգրուհիներով զմայլվելու համար: Բայց մեր այդ պաշտոնյաներին զգուշացնենք, որ պապարացին «պապ» բառի հետ կապ չունի եւ առաջնորդվում է բոլորովին այլ զգացմունքներով, քան Պապը: Եվ եթե Անթալիայում մեծ փորերով, ծուռ ոտներով եւ դրոշակ շորտիկներով դեռ կարելի է ձուլվել թուրքերի մեջ, ապա Կանարներում կամ Հավայներում գեղեցիկ բան տեսնելիս պետք է նաեւ բերանը փակ պահել, որ ծնոտը չկախվի: Ավելի շատ կոսմետիկա, մուգ ակնոց, հայկական ատրիբուտիկաներից զուրկ շորտիկ, մի փոքր զսպվածություն, եւ կոնսպիրացիան կապահովվի նաեւ Կանարներում:



Հայ պաշտոնյաների մի խումբ էլ ձեզ կասի, որ ամռանը միշտ գնում է հայրական տուն, ասենք` Քյավառ, Վարդենիս, հնարավոր է` Տավուշ, Դիլիջան, Վանաձոր, նույնիսկ` Ամասիա, որտեղ հրաշալի պայմաններ կան հանգստանալու` արթնանում ես աքաղաղի հետ, կողքիդ Սեւանն է խշշում, դաշտերում ծաղիկներն են բուրում, անտառներում` ծտերը երգում… Ծախսի տեսանկյունից էլ մատչելի է, որովհետեւ հայրական տանը միշտ էլ թե առավոտյան թարմ ձուն կա, թե գիշերվա սառը մածունը: Բայց մեր պաշտոնյաների պատմած այս հեքիաթները, ինչպես ասում են, հովվերգության ճյուղին կպատկանեն… Հայ պաշտոնյաներին տրված չէ հայրենի հանգստավայրերը սեփական ֆիզիանոմիայով զարդարելու եւ դրանով հանդերձ գովազդելու առաքելությունը: Դու նրանց որեւէ գործ հանձնարարիր եւ հետեւիր, թե ինչպես են ձախողում: Այ, ձախողման հարցում մրցակից չունեն:



Հավանաբար, հարց առաջացավ` իսկ դուք` լրագրողներդ, որ ամբողջ տարին քաղաքական գործիչների հետեւից եք ընկած, լավ-լավ տեղերում չե՞ք հանգստանում: Փորձեմ պատասխանել: Հուսամ` իմ շատ գործընկերների կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ մեզ համար լավագույն հանգիստը, թերեւս, ամռան այս մի քանի օրերին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բացակայությունն է: Ուղղակի երանություն է, երբ առավոտյան արթնանում ես, ու պարզվում է` գիշերը մարդ չեն սպանել, ակտիվիստները հերթական հավաքի ծանուցում չեն բաժանում, Գասպարին չի պառկել, էլեկտրաէներգիան ու գազը չեն էժանացել, վարչապետը կերուխումը չի ընդհատել ու Արթիկ չի մեկնել, պատգամավորը չի խոսել նոր ԸՕ-ում հեղափոխական բարեփոխումների մասին, իսկ Արցախում էլ, փառքդ շատ, Աստված, խաղաղ է, որովհետեւ Ալիեւը թավալ է տալիս Թուրքիայի ծովափերին:



Իհարկե, կան նաեւ լրագրողներ, որոնք որեւէ տեղ, այնուամենայնիվ, մեկնում են հանգստանալու: Եղել են դեպքեր, երբ մեր «հաջողակ» գործընկերները «պատահաբար» երեւակվել են եթե ոչ շատ թանկ, ապա լավ հյուրանոցներում եւ ոսկյա ավազներով ծովափերին: Դիցուք` իմ օրինակը, ամենատարածվածը լինելով հանդերձ, ամենավարակիչը չէ: Քոբուլեթի, Ուրեկի. վայրեր, որ ամռանը վերածվում են Հայաստան քաղաք-պետությունների: Մի տարի ես նույնիսկ մեր հարեւան Շմավոնին հանդիպեցի Ուրեկիում, եւ մեր հանգիստը փչացավ, որովհետեւ մեր հայուհի կանայք հրաժարվեցին իմ ու Շմավոնի ներկայությամբ ծովը մտնել:



Այս տարի, սակայն, ոչ մեկին խորհուրդ չէի տա գնալ Վրաստան, այնտեղ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ է ընթանում, որ ավարտվելու է, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին: Իսկ նրանց մոտ ծովափը, որտեղ դժվար է այս սեզոնին վրացի գտնելը, չգիտես ինչու, լավագույն քարոզչավայրերից մեկն է համարվում:



Բարձրախոսներով զինված մոտորանավակներն ուղղակի չեն հեռանում առափնյա ջրերից եւ անընդհատ վրացերեն ինչ-որ բաներ են հայտարարում, որոնց ողջ իմաստը հայերիս համար այն է, որ ափի մոտ ջուրը պղտորվում է ու պատվում սոլյարկայի շերտով:
Ամեն դեպքում` ամառ է: Բոլորին մաղթում ենք լավ հանգստյան օրեր:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ