Եթե կարծիքս ասեմ, բոլորը հեղեղը կթողնեն, կզբաղվեն մարզպետով

Եթե կարծիքս ասեմ, բոլորը հեղեղը կթողնեն, կզբաղվեն մարզպետով

Արթիկում գրանցված հեղեղի եւ դրա հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ «Հրապարակը» զրուցել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ



- Կառավարության փոխհատուցմամբ նախատեսվում է 22 մլն Արթիկում հեղեղից տուժած բնակիչների շենք-շինությունների վերականգնման համար։ Քանի՞ տուն է վերականգնվելու այդ գումարով։
- Խոսքը 12 բնակելի տների վերականգնման մասին է։ Ընդհանուր 40 տուն էր վնասվել,` նկուղներում ջուրը լցվել է, փլուզման որոշ աստիճան կա, բայց 12 այն տներն են, որոնք հնարավոր չի առանց աջակցության վերականգնել։ Վնասվածքները տարբեր չափերի են։ Փոխհատուցման ամենաբարձր գումարը 4 մլն 500 հազար դրամ է։ 2 մլն 400 հազար էլ կտրվի կորցրած անասունի և բուսականության համար։



- Կա՞ն բնակիչներ, որոնց տները հիմնահատակ քանդվել են, և հիմա զրոյից պետք է կառուցվեն։
- Ոչ, այդպիսի տներ չկան։ Հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել և կարող եմ ասել, որ չկա այնպիսի տուն, որը նորոգումից հետո պիտանի չլինի բնակվելու համար։ Քանդման ենթակա տներ չկան։



- Տպավորություն է, որ փոխհատուցման թիվը՝ 22 մլն դրամ, փոքր է շենքերի ավերածությունները վերացնելու համար։
- Նաև հանձնաժողովը խիստ է մոտեցել։ Օդից չեն փորձել ինչ ասես, գրել, ներկայացնել։ փորձել են մաքսիմալ օբյեկտիվ լինել։ Բնական է, այս պահին ամբողջությամբ օբյեկտիվ լինել չէր կարող, քանի որ այդ ամբողջ տիղմը հեռացված պետք է լիներ այդ տներից, ամբողջ տունը մաքրված լիներ և նոր կարող էինք ասել, որ մասնագետները մտան ու ասեցին՝ էս տունն այս աստիճանի խնդիր ուներ, այն մյուսը՝ այնպիսի խնդիր։ Այն, ինչ որ վիզուալ հնարավոր էր գնահատել, արագ կարգավորել, որ մարդիկ կարողանային ապրելու համար տարածք կարգավորել, այս մասով է խնդիրը լուծվել։ Թե չէ, կարող է, մաքրվի ու պարզվի, որ վնասն ավելի շատ է։



- Մաքրման աշխատանքներին 16 մլն էր տրամադրվա՞ծ։
- Մաքրման աշխատանքների համար, որ պետք է հեղեղատարը մաքրվեր, բակերը, փողոցները, մենք սկզբում ներկայացրել էինք 42 մլն դրամի։ Բնական է, սա էլ նախնական հաշվարկ է, բայց կրճատեցին այս գումարը, որոշեցին տալ 15 մլն, բայց հետո տրվեց 27 մլն, որովհետև հնարավոր չէր այդ աշխատանքները իրականացնել այդ 15 մլն-ով։ Եթե պատկերացնեք տիղը, որը բերել-լցրել է, կհասկանաք, որ ամենամեծ դաժանությունը դա է, սա ավելի ծանր է, քան տների խնդիրը։ Չեմ էլ ասում, որ շատ տեղեր էնտուզիազմով մարդիկ մաքրում են, քաղաքապետարանը, լիքը մարդիկ աջակցում են, օգնում են։



- Հատկացումների երկրորդ փուլ է՞լ է լինելու շինարարության, հեղեղատարի կառուցման համար։
- Չեմ կարող ասել։ Հիմա մենք մաքրման աշխատանքներն ենք փորձելու ավարտել։ Պետք է առաջին հերթին կարողանանք հեղեղատարի հունը փոխել, որ այն իսկական հունով գնա։ Հետո նոր մտածելու ենք հեղեղատարի կառուցման մասին։



- Վարչապետն ասաց, որ իրարամերժ խոսակցություններ են տարածվում, որ իբր ոչինչ չի արվում։ Ի՞նչ խոսակցություներ են սրանք, եթե ամեն ինչ լավ է։
- Դուք լրագրող եք, հիմա ես մի բան ասեմ, կուզես ճիշտ կգրես, կուզենաս՝ 180 աստիճանով փոխած կգրես։ Ի՞նչ ասեմ, ցավդ տանեմ։ բայց որ ազգանունդ Սիմոնյան է, վստահ եմ, ճիշտը կգրես, ինչ-որ մենք զրուցեցինք։ Հիմա ես ասում եմ, ես Արթիկում նստած եմ, տեխնիկան աշխատում է։ Ի վերջո, տեխնիկա է չէ, շարժիչը տաքանում է, պետք է անջատեն չէ՞ երբեմն։ ես ինչ գիտեմ, հենց էդ կանգնելու պահին մեկ էլ գալիս, չրխկ, նկարում են, որ տեխնիկան չի աշխատում։ Շահարկում են շատ, որը լավ բան չի։



- Այսօր նիստի ժամանակ Լոքյանն ասաց, որ քաղաքական շահարկումներ են դրանք, Ձեր կարծիքը ո՞րն է։
- Ես լիքը կարծիք ունեմ, որպես մարզպետ, բայց հավատացեք, եթե ես իմ կարծիքը հայտնեցի, էս հեղեղը կմոռանան ու կզբաղվեն մարզպետով։ Սա մի քիչ հումոր արեցի էլի։ Ես մարզպետ եմ, չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև իմ ցանկացած կարծիք կարող է ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենա, որը ճիշտ չի։



- Մի խոսքով, քաղաքում աշխատանքային վիճակ է։
- Այո, լիարժեք։ Բավական աշխատանք կատարված է։ Ահագին տեխնիկա է եկել, կամավորներ։ Դպրոցը, մանկապարտեզը մաքրել են, հիմա այնտեղ ավելի շատ գույքի խնդիր է, քան շենքի։ Մենք դպրոցի և մանկապարտեզի շենքը փրկեցինք, ամեն վարկյան հունը փոխելով, ջրերի դեմը կանգնելով` մինչև առավոտ։



- Կան մարդիկ, որնք չեն ապրում իրենց տներում։
- Այո, 3-4 տուն կա, որ մարդիկ չեն ապրում, տեղահանվել են։ Բնականաբար, քաղաքապետն առաջարկել է տներ վարձակալել, բայց սա փոքր քաղաք է, մարդիկ իրենց բարեկամների, հարազատների տներում են նախընտրում մնալ։ Բայց պետք է փորձենք արագ վերականգնել, որ մարդիկ իրենց տան մեջն ապրեն։



- Ե՞րբ կվերացվի ավերածությունների առաջին շերտը, կավարտվեն աշխատանքները։
- Ահագին ժամանակ է պետք։ Ժամկետ չեմ կարող նշել։ Վաղը նախագծողը պետք է ծավալները հաշվարկի և պիտի փորձենք արագ շինարարին գտնել և քանի օրվա ընթացքում կազմակերպենք։



Սյուզան Սիմոնյան