Եվ դո՞ւ, Բորիս…

Եվ դո՞ւ, Բորիս…

Երեկ Միացյալ Թագավորության խորհրդարանում ծավալված իրադարձություններն ստվերի մեջ թողեցին մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը: Շուրջ 200 զոհ եւ վիրավոր պատճառած ահաբեկչությունը, որքան կարելի է հասկանալ, ISIS-ին անդամագրված ռուսախոս եւ նախկին խորհրդային երկրների քաղաքացիություն ունեցող անձանց ինքնագործունեությունն է եղել, ինչով էլ, թերեւս, բացատրվում է ISIS-ի կողմից դրա համար պատասխանատվություն չստանձնելը:



Այդուհանդերձ, երեկ միջազգային քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում երեւի քչերը Ստամբուլի բացահայտումների վրա կենտրոնանալու ժամանակ գտան, ի տես այն իրադարձությունների, որ ծավալվեցին Լոնդոնում: Օրն սկսվեց նրանով, որ Քամերոնի կառավարության ներքին գործերի քարտուղար Թերեզա Մեյը հայտարարեց Tory-ների (պահպանողականների) կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար ընտրապայքար սկսելու մասին: Մի քանի ժամ անց ամենքն սպասում էին, որ նույնը պետք է հայտարարի Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու ճամբարի գլխավոր քարոզիչն ու այցեքարտը` Բորիս Ջոնսոնը: Սակայն արի ու տես, որ լրագրողներով լեփլեցուն դահլիճում նա վերջապես հայտնվեց հայտարարելու համար, որ վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար չի պայքարելու: Երբ հօգուտ ԵՄ-ից դուրս գալու քարոզի ժամանակն էր, Ջոնսոնն առաջնաբեմում էր եւ այդ արշավի ամենատեսանելի դեմքն էր: Այժմ, երբ քաոսն ստեղծված է, Ջոնսոնը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել: Ինչ հաշվարկներով էլ Բորիս Ջոնսոնն իր քայլը բացատրի, միեւնույն է՝ դա քաղաքական անպատասխանատվության գագաթնակետ է:



Եթե ապագան չես պատկերացնում եւ զգուշանում ես դրա համար պատասխանատվություն ստանձնելուց, ինչ արկածախնդիր պետք է լինել` մարդկանց դեպի անհայտություն առաջնորդելու համար…



Փաստն այն է, որ Բորիս Ջոնսոնը կանգնեց պատմության մեջ եղած մեծագույն քաղաքական արկածախնդիրների շարքում: Գուցե dandy-ի իր էքստրավագանտ էությանը միանգամայն հարազատ էր նման արկածախնդրությունը, սակայն քաղաքացիների եւ հասարակության հանդեպ դա անպատկերացնելի անազնիվ էր: Այլ հարց, որ Ջոնսոնի քայլն օգտակար դաս էր այն մասին, թե որն է ամբոխավարության վերջաբանը ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականությունը շփոթում են թատրոնի հետ: Գուցե դրա մեղավորը լրատվամիջոցներն են, որ լուսարձակների եւ տեսախցիկների չխկչխկոցով ոմանց մոռացնել են տալիս իրականության եւ բանականության մասին: Վերջիններս ճամարտակում են՝ ինչ հասարակությունը կուզեր լսել, կամ ինչ իրենց համոզմունքն է՝ առանց գիտակցելու, որ քաղաքականությունը նախ հնարավորությունների ասպարեզ է, եւ վերջին հերթին միայն` գաղափարների ու ցանկությունների:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ