Էդ ի՞նչ անգրագետ հարց եք տալիս, նման բան չկա ու չի կարող ըլնի. Սամվել Դարբինյան

Էդ ի՞նչ անգրագետ հարց եք տալիս, նման բան չկա ու չի կարող ըլնի. Սամվել Դարբինյան

Բանից պարզվում է՝ Հայաստանի քաղաքային ավագանին քաղաքապետից լրիվ անկախ գործող ու սեփական կամքը թելադրող մարմին է։ Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ին վստահեցնում էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ապավինելով օրենքին և օրենսդրությանը։ Դարբինյանը, երևի, մի պահ կտրվել էր հայկական իրականությունից ու մոռացել, որ մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ նույնիսկ Աշտարակի ըմբոստ ավագանին նորմալ չի կարողանում իր կամքը թելադրել քաղաքապետին։ Դրա համար էլ Վանաձորի երկարամյա քաղաքապետը զարմացավ, թե «էդ ի՞նչ անգրագետ հարց եք տալիս»։ Իրոք որ, մարդ պետք է առնվազն «անգրագետ» լինի, որ ՀՀ երրորդ քաղաքի ավագանու անկախությունը կասկածի տակ դնի, այն էլ՝ մերօրյա Հայաստանում։ Բայց նրան հատուկ ավագանու մասին հարցուփորձ անելու համար չէինք զանգել։ Այս տարի՝ մինչև աշուն, Դարբինյանը կերգի իր «կարապի երգը» որպես քաղաքապետ։ ՀՀԿ-ն որոշել է այլևս չառաջադրել նրա թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, որոնք այս տարի կանցնեն երևանյան մոդելով՝ համամասնական ցուցակով, ապա Ավագանին կընտրի քաղաքապետին։



Փաստորեն, որոշել են հրաժարվել 17 տարի անընդմեջ աշխատած քաղաքապետից, որին վերջերս այդքան քննադատեցին ու դժգոհեցին նրա աշխատանքից, բայց նա մնաց իր «պոստին»՝ տարբեր պաշտոնների տեղավորելով նաև իր տասնյակ ծանոթ-բարեկամներին։ ՀՀԿ-ն այժմ մտադիր է քաղաքապետ դարձնել Վանաձորում հայտնի նոտար Մամիկոն Ասլանյանին։



«Ուրեմն առաջադրողը ես եմ, ես չեմ ուզում առաջադրվեմ, այսինքն՝ Դուք դրանից ավել ի՞նչ եք ուզում իմանալ»,- իր չառաջադրման վերաբերյալ մեր հարցին վստահ պատասխանեց պարոն Դարբինյանը։



-Ի՞նչն է պատճառը, որ այլևս չեք ուզում առաջադրվել։



-Աշխատանքիս բնույթը ուզում եմ փոխել։



-Ո՞ր ոլորտ եք ուզում տեղափոխվել։



-Դե, որ ուրիշ ոլորտ տեղափոխվեմ, կտեսնեք, էլի։



-Քաղաքական որոշում չկա՞ր այստեղ, քանզի դժգոհություններ կային Ձեր աշխատանքից, ըստ այդմ՝ ՀՀԿ-ն երևի որոշեց այլ թեկնածու առաջադրել։



-Կոնկրետ որտե՞ղ։



-Ձեր դեմ քննադատությունները շատ էին այս տարիներին՝ համայնքի բյուջեն վատ տնօրինելու հարցում, քաղաքին լավ չնայելու հարցում...



-Քաղաքի բյուջեն տնօրինում ա ավագանին, ոչ թե քաղաքապետը, էդ ի՞նչ անգրագետ հարց եք տալիս։



-Ավագանին էլ սովորաբար ենթարկվում է քաղաքապետին։



-Էդ որտե՞ղ ա գրած, որ ավագանին ենթարկվում ա քաղաքապետին։ Ո՞ր օրենքում ա գրած...



-Չգրված օրենքներով, պարոն Դարբինյան, սովորաբար այդպես է լինում՝ մեր ավագանիները հիմնականում քաղաքապետերի կուռացիայի տակ են լինում, ցավոք սրտի, և անում են էնպես, ինչպես քաղաքապետն է ուզում։



-Նման բան չի կարող ըլնի։ Նման բան չկա ու չի կարող պատահի, որ նման բան ըլնի։ Ավագանին և համայնքի ղեկավարը իրարից լրիվ անկախ են, և ավագանին տնօրինում ա և՛ համայնքի գույքին, և՛ համայնքի բյուջեին, և՛ առանց ավագանու որոշման՝ որևէ խնդիր քաղաքապետը չի կարող լուծել։



-Հիմա ձեր ավագանին քանի՞ անգամ է Ձեր ցանկությանը դեմ որոշումներ կայացրել, կարո՞ղ եք հիշել։ Առանցքային նշանակության ցանկությունների մասին է խոսքը։



-Դե, ես հո չե՞մ հաշվում՝ որն ա կողմ քվեարկում, որն ա դեմ քվեարկում։ Այնուամենայնիվ, ավագանին... հետո քաղաքապետն էլ ավագանուն էնպիսի խնդիր երբևէ չի առաջարկում, որ դեմ քվեարկի։ Կան մարդիկ, որոնք ամեն ինչի են դեմ՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց էն, որ քաղաքապետը կարող ա ավագանու նիստին ինչ-որ խնդիր առաջարկի, որ ավագանու անդամները դեմ ըլնեն, այսինքն՝ դա ոչ համայնքի շահերից ա բխում։ Քաղաքապետը նման խնդիր իրավունք չունի ավագանու նիստին ավագանու առաջարկի, որ նրանք դեմ քվեարկեն։



-Լավ, այս տարիների ընթացքում Դուք ի՞նչ լավ աշխատանք եք կատարել և ի՞նչ ժառանգություն եք թողնելու հաջորդ քաղաքապետին, որ վանաձորցիները Ձեզ լավ կողմերով հիշեն։



-Ուրեմն, էդ աշխատանքները 17 տարվա ընթացքում էնքան շատ են, որ 5-10 րոպեում Ձեզ չեմ կարող նշել։ Ես հիմա խորհրդակցություն եմ անցկացնում, եթե Ձեզ հետաքրքիր ա, Դուք եկեք Վանաձոր, ես շատ գեղեցիկ հարցազրույց կտամ, Դուք էլ կգրեք, որ հա՛մ կարդացողը բան հասկանա, հա՛մ Դուք։



Հ.Գ. Մինչ առիթ կստեղծվեր Վանաձոր գնալ՝ 17 տարվա քաղաքապետի հետ «գեղեցիկ հարցազրույց» անելու», որոշեցինք մի հարց էլ տալ այն մասին, թե ի՞նչ է լինելու նրա այն տասնյակ բարեկամների հետ, որոնք նրա քաղաքապետության տարիներին տարբեր պաշտոնների են նշանակվել Վանաձորում՝ դպրոցի, մանկապարտեզի տնօրեններ, տարբեր կառույցների ղեկավարներ, քաղաքապետարանի բաժինների պետեր և այլն։ Եվ արդյոք նրանք կշարունակե՞ն պաշտոնավարել, երբ նա այլևս քաղաքապետ չլինի։ Բայց դեռ հարցը լրիվ չհնչեցրած՝ պարոն Դարբինյանն անջատել էր հեռախոսը։



Որ էս «մեռելոց» օրով խորհրդակցության չլիներ ու հեռախոսը չանջատեր, կհարցնեինք նաև նրա դեմ հարուցված քրեական գործից։ Մտադիր էինք հարցնել նաև, որ նա այլևս քաղաքապետ չլինի, Վանաձորի փողոցները վերջապես նորմալ ասֆալտի երես կտեսնե՞ն։ Բայց, ոչինչ, այս և մյուս հարցերն էլ՝ հաջորդ անգամ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ