Մարգարիտ Եսայանն առաջարկում է վաղը «հավեսով» նշել Սահմանադրության օրը

Մարգարիտ Եսայանն առաջարկում է վաղը «հավեսով» նշել Սահմանադրության օրը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Սահմանադրության օրվան ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ հուսադրեց նոր Սահմանադրության փոփոխություններով, որ դրանք մեր երկրին օգուտ կտան։ Նա, սակայն, միաժամանակ նկատում է, որ օրենքը հավասար է յուրաքանչյուր քաղաքացու համար, և յուրաքանչյուրս պետք է պահպանենք Սահմանադրության դրույթները։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նոր Սահմանադրությանը կողմ իշխանական պատգամավորից, թե նախորդ Սահմանադրության օրոք տեղի ունեցան Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, մի շարք այլ հանցագործություններ, որոնց իրական մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին ու չպատժվեցին։ Արդյոք նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա՞ լուծել այդ խնդիրները, և ի՞նչ երաշխիք կա, որ նոր Սահմանադրության պարագայում բոլորս կմտնենք այդ յուրաքանչյուրի մեջ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանն ու իր մերձավոր շրջապատը։



Ի պատասխան՝ տիկին Եսայանն ասաց, որ ոչ մեկս չենք հավակնում, ինքը գոնե չի հավակնում ասել, որ եթե նույնիսկ իդեալական, անթերի Սահմանադրություն էլ որ ունենանք, երկրում հանցագործություններ տեղի չեն ունենալու։



«Սահմանադրությունը չէ դրանում մեղավոր, կարևորը, որ Սահմանադրության նորմերը կյանքում իրականանան»,-ասաց նա։



Քննարկմանը ներկա բանախոսներից ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ նկատեց, մոր Սահմանադրությունը մայր օրենքն է, որով որ առաջնորդվելու են այն մարմինները, որոնք բացահայտելու են այդ հանցագործությունները։ Ըստ նրա՝ նախկին Սահմանադրությունը տալիս էր այդ հնարավորությունը այդ մարմիններին, նոր Սահամանադրությամբ այդ մարմինների համար առանձնապես շատ լիազորություններ չեն փոփոխվել։



Այդ դեպքում ինչը՞ փոխվեց նոր Սահամանդրությամբ, եթե, ըստ էության, ոչինչ չփոխվեց. կիրառողները այն նորից չեն կիրառում։



«Ուրեմն, ասեմ՝ երկու հիմնական բան փոխվել է՝ կառավարման համակարգն է փոխվել մեր երկրում և խորհրդարանական կառավարման ենք անցել, սրանք ամենաէականներն են։ Եվ բոլոր մյուս գլուխներում փոփոխությունները համապատասխանեցվել են այդ փոփոխություններին»,- ասաց տիկին Եսայանը։



Իսկ թե ինչու չեն պահպանում սահմանադրական դրույթները մեզանում, տիկին Եսայանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, փոխարենը առաջարկեց. «Երեխեք ջան, եկեք վաղը նշենք Սահմանադրության օրը մի հատ հավեսով, որ լավ ավանդույթ ձևավորենք միասին»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ