Բալասանյանի թեկնածության հարցը շարունակում է մնալ ակտուալ

Բալասանյանի թեկնածության հարցը շարունակում է մնալ ակտուալ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ժամանակ քննարկել ենք ՏԻՄ ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր։ Քննարկել են նաև ներքաղաքական, բայց ավելի շատ արտաքին քաղաքական զարգացումներ։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև իր հանդիպումների արդյունքների մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։



Hraparak.am-ի հարցին, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվել ՏԻՄ ընտրությունների մասով, և արդյոք վերջնական հստակեցվե՞լ են Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ ցուցակի առաջին համարի անունները, Շարմազանովն ասաց․ «Այո, Դուք գիտեք, որ Վանաձորում տեղի է ունեցել շաբաթներ առաջ Լոռու Հանրապետական կուսակցության մարզային կառույցի նիստ, և մարզային կառույցը տվել է արդեն առաջին համարի անունը՝ Մամիկոն Ասլանյան։ Իսկ Գյումրու հետ կապված դեռևս տարածքային կառույցը որոշում չի կայացրել, երբ որ լինի որոշում, այդ ժամանակ կհայտարարենք»։



Մեր հարցին՝ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու և ցուցակը գլխավորելու հարցը դեռևս մնու՞մ է ակտուալ, Շարմազանովն ասաց․ «Ես ասել եմ, որ քանի դեռ մարզային կառույցը չի քննարկել այդ հարցը, կոռեկտ չէ՝ ես այստեղ մեկնաբանություններ անեմ։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք հարցնում, ես Ձեզ հատուկ հարցազրույց եմ տվել անցյալ նիստի ժամանակ, և ինչ որ ասել եմ, մնում է ուժի մեջ»։



Հիշեցնենք, որ Շարմազանովն անցյալ անգամ Hraparak.am-ին տված իր հարցազրույցում չէր բացառել Բալասանյանի թեկնածության հարցը։ Այս անգամ ևս նա վերահաստատեց իր ասածը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ