Մեռելին թողած՝ դատապարտյալի հարազատը ընկել է Օսիկյանի դռները

Մեռելին թողած՝ դատապարտյալի հարազատը ընկել է Օսիկյանի դռները

Այս պահին քրեակատարողական վարչության դեմ կանգնած դատապարտյալի հարազատ Սուսաննա Պետրոսյանը, թողած իր վիշտը, փորձում է ստիպել վարչության պետ Արթուր Օսիկյանին կատարել օրենքի պահանջը։ Բանն այն է, որ Սուսաննայի հայրը երեկ մահացել է, և նա հիմա պետք է թաղման կազմակերպմամբ զբաղվեր։ Դրա փոխարեն նա ընկել է Օսիկյանի դռները՝ փորձելով քրոջը գոնե երկու օրով ազատել Աբովյան քրեակատարողական հիմնարկից, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցել հոր հուղարկավորությանը։ Օրենքը թույլ է տալիս ոչ ծանր հանցանքի համար դատապարտված անձանց նման արտակարգ դեպքերում երեք օրով բացակայել կալանավայրից։ Քրիստինե Պետրոսյանը 5 տարով ազատազրկված է խարդախության համար, ինչը ծանր հանցանք չի համարում: «Երեկ եկա վարչություն, առաջին խորհրդականը տղամարդու խոսք տվեց, որ գոնե երկու լիարժեք օրով քրոջս բաց կթողնեն, որ տուն գա պապայիս մահվան կապակցությամբ, բայց հիմա նրանք չեն կատարում խոստումը։ Նա ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը մահացած է։ Հիմա այստեղ կանգած եմ, տարբեր մարդիկ մոտենում են, ասում են՝ գնա, քույրդ կգա, բայց ոչ մի գործողություն չեն կատարում»։



Սուսաննա Պետրոսյանը դիմել է նաև ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատողներին բոլորովին այլ պատասխան են տվել, ասելով, որ այսօր Քրիստինեին երկու ժամով կտանեն հոգեհանգստի, իսկ վաղվա հարցը դեռ որոշված չի։ Սա այն դեպքն է, որից հստակ երևում է, որ Օսիկյանն իրեն կայսրի տեղ է դրել, իսկ դատապարտյալներին և նրանց հարազատներին՝ իր ճորտերի, որոնց հետ ՔՀՎ-ն վարվում է, ինչպես ցանկանա՝ խախտելով մարդկային և Աստծո օրենքները։