Հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի արվեստի մեջ

Հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի արվեստի մեջ

Հարցազրույց երաժիշտ Վահան Արծրունու հետ



- Պարոն Արծրունի, «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբությունը հուլիսի 17-ից հետո շատ բան փոխեց մեր իրականության մեջ: Վերջին 2 շաբաթվա իրադարձություններն ինչպե՞ս ազդեցին մեր կյանքի վրա, ի՞նչ ազդեցություն եւ ի՞նչ հետեւանքներ թողեցին:



- Մի քիչ հեռվից պետք է սկսեմ․ եթե թերթեք վերջին 5-8 տարվա լրահոսը, որտեղ խոսում են երաժիշտները, գրականագետները, նկարիչները, թատերական գործիչները, արվեստի մարդիկ, կնկատեք, որ գլխավոր թեման ժամանակակից արդի արվեստում հերոսի բացակայությունն է: Անգամ նման թեզ կա, որ մենք անհերոս իրականություն ունենք, որովհետեւ անկախությունը ձեռք բերելուց հետո այն հերոսական տիպարը, որ ի հայտ եկավ, ընդհանրապես չտեսնված բան էր մեր պատմության մեջ: Այդ որակը մենք կամ անտեսեցինք, կամ հատուկ այդ որակն արժեզրկվեց: Կարծում եմ՝ ամենամեծ ձեռքբերումը, որը կապված է ամենավերջին իրադարձությունների հետ, այն է, որ այդ հերոսը վերադարձավ մեր իրականություն, այսինքն՝ տեղի ունեցավ մեր իրականության հերոսացում, որովհետեւ այդ հերոսը վերադարձավ՝ ընդգծված բոլոր ասպետական հատկանիշներով, բարոյական կեցվածքից սկսած, վերջացրած կուռ տրամաբանությամբ եւ գործողությունների ու նպատակների հստակությամբ, որոնք որ շաղկապված են ոչ թե կոնկրետ տվյալ հերոսների հետ, այլ այդ խնդիրները շաղկապված են հասարակության, ազգի ապագայի հետ:



- Խոսեցիք հերոսի բացակայության եւ նրա վերադարձի մասին՝ ի դեմս «Սասնա ծռերի», այդ տղաների կողքին այս օրերին շատ խոսվեց նաեւ մի մարդու ֆենոմենի մասին՝ տղաներին հաց տանող Արթուր Սարգսյանի, որը ոչ հերոս էր, ոչ էլ ուզում էր հերոսանալ, այլ մարդ էր իր մարդկային քայլով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:



- Միանշանակ համամիտ եմ Ձեր հարցադրման հետ, այս պարագայում էլ կընդգծեի այդ կապը, մենք տեսնում ենք համընդհանուր մի պրոցես, այդ ասպետական հատկանիշների ինքնադրսեւորումը ոչ միայն «Սասնա ծռերի» կողմից, այլ այդ նույն ինքնադրսեւորումը նաեւ ժողովրդի միջից է դուրս գալիս, ժողովուրդը շարունակում է ծնել որակներ, եւ այդ հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի եւ արվեստի մեջ, եւ ժամանակակից միֆոլոգիայի մեջ: Մենք ականատես ենք այնպիսի երեւույթների, որոնք որ, համոզված եմ, միանշանակ ազդեցություն ունենալու են ազգային կյանքի եւ ազգային մտայնության վրա: Կարծում եմ՝ սա ամենամեծ ձեռքբերումն է, որովհետեւ «Սասնա ծռերի» ընտրած ճանապարհը երկար ճանապարհ է, այսինքն՝ դասական հեղափոխականի ճանապարհ է, ինչ ասես կլինի՝ եւ վերելքներ, եւ անկումներ: Այն ուղին, որ իրենք են վերցրել, մի քիչ երկար ճանապարհ է, օրինակ՝ Նելսոն Մանդելան 27 տարի նստեց բանտում եւ հետո դարձավ երկրի նախագահ: Բայց զուգահեռ այդ ընթացքին մենք տեսնում ենք, թե ինչպիսի որակական փոփոխություն կա մտայնության մեջ, ինչպիսի հսկայական բեւեռացում կա նոր կամ հնագույն բարոյականությունն ընդունողների բեւեռում եւ այդ ասպետական բարոյական կեցվածքի մերժողների բեւեռացումը հակառակ բեւեռի ուղղությամբ. մենք սրա ականատեսն էինք, եւ դա չտեսնված է: Եվ, ընդհանրապես, մեր կյանքը շատ բեւեռային է, սոցիալական, տնտեսական բեւեռացումին գումարվեց այնպիսի մի բեւեռացում, որն այդ երկու բեւեռների տարածքում միանշանակ պետք է ծնի նոր որակներ, նոր շարժումներ եւ նոր տեսակներ:



- Չնայած նշեցիք, որ «Սասնա ծռերն» ընտրել են դասական հեղափոխականի ճանապարհը, բայց այն շատերի կողմից այդպես չընկալվեց եւ չմեկնաբանվեց, փոխարենը կային՝ «պարտություն», «սա վերջն էր» եւ նմանօրինակ որակումներ, ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ց է սա:



- Կարծում եմ՝ պարզապես գիտելիքների պակասից է, մենք սովետական ժամանակ ինստիտուտում անցնում էինք հեղափոխական շարժման մարտավարությունը եւ ռազմավարությունը: Եթե այդ գրքերը բացենք, կտեսնենք, որ հոկտեմբերյան հեղափոխության նախաշեմին ընդհանրապես հեղափոխականը, որը բանտում չէր նստել, չէր ընկալվում որպես հեղափոխական: Այսինքն՝ բանտում նստելը հեղափոխականի համար հասունացման էտապ էր: Այսինքն՝ եթե ծանոթ ես հեղափոխական շարժման մարտավարությանն ու ռազմավարությանը, ապա հասկանում ես, թե ինչ ճանապարհ են բռնել տղաները, եւ տեսնում ես, որ գնում են պարզապես դասական ռազմավարությամբ: Եվ իրենք չեն էլ թաքցնում եւ պայքարի առաջին իսկ օրից հայտարարել են, որ սա ապստամբություն է, եւ որոշել են այս ճանապարհով գնալ, ի տարբերություն ժամանակին իրենց կողքին ուս ուսի մարտնչող ազատամարտիկների, որոնց մի մասն այս 25 տարիների ընթացքում ընտրել է հարմարվողական կեցվածքը, մի մասն ընդհանրապես հեռացել է իր իդեալներից, իսկ մի մասը մինչ օրս լռում է, բայց դա չի նշանակում, որ չի ինքնադրսեւորվի:



- Առաջին իսկ օրերին մտավորականները նամակ գրեցին՝ հորդորելով «Սասնա ծռերին» եւ Ժիրայր Սեֆիլյանին զենքը վայր դնել։ Մտավորականների այդ նամակը եւ կոչը միանշանակ չընդունվեց, տարբեր գնահատականներ հնչեցին, հիմնականում այդ մարդիկ քննադատության ենթարկվեցին։ Ինչո՞ւ այդ քայլն այդպես ընկալվեց հասարակության կողմից:



- Երբ այդ նամակը նոր էր ստորագրվում, Ռուբեն Բաբայանը նաեւ ինձ զանգահարեց, եւ ես հրաժարվեցի ստորագրելուց, որովհետեւ ինձ թվաց անհեթեթ բանտում նստած մարդուն նման նամակ գրել, ենթադրենք՝ ինքը համոզեց իր ընկերներին, եւ իրենք զենքը դրեցին, ի՞նչ էր երկրում փոխվելու: Այսինքն՝ ինչի՞ պիտի բերի սա: Իմ, քո, ձեր, մեր կյանքի որակը դրանից կփոխվի՞, թե՞ մենք վերադառնալու ենք նույն իրականության մեջ, որի դեմ այդ տղաները նման ռադիկալությամբ էին ինքնադրսեւորվել, եւ քանի որ չստացա ինձ համոզող պատասխան, չստորագրեցի այդ նամակի տակ:



- Նախագահն այս իրադարձությունների մասին խոսեց միայն 2 շաբաթ անց, իր նստավայրում՝ մի շարք քաղաքական, հասարակական եւ արվեստի գործիչների ներկայությամբ: Վստահ եմ՝ ծանոթ եք նրա ելույթի հիմնական շեշտադրումներին, Ձեզ որքանո՞վ է գոհացրել հասարակությանն ուղղված այդ խոսքը, ի՞նչ ուղերձներ եք առանձնացրել Ձեզ համար:



- 2 տարբերակ կա․ կամ տեքստ պատրաստող ռեֆերենտը, կամ ռեֆերենտների խումբը հատուկ թաքցրել են իրականությունը նախագահից, եւ ընդամենը 2 ելույթ էր եղել բավականին մեծ այս ժամանակահատվածում, կամ իրական նշանակությունն այս իրադարձությունների չի ներկայացվել իր ամբողջ ծավալի մեջ, կամ էլ ներկայացվել է երկրորդ տարբերակն արդեն, եւ նախագահը հատուկ է դրել շեշտադրումները: Այսինքն՝ երբ մենք տեսնում ենք, որ իրականությունն այնպիսին է, որ տղաներն իրենք են որոշում կայացրել զենքերը վայր դնել եւ հանձնվել ռազմագերու կարգավիճակով, բայց, լսելով նախագահի զրույցը, ակնհայտորեն տեսնում ենք, որ այդ իրականությունը ներկայացվում է որպես անվտանգության եւ ոստիկանության քաջ ու հավասարակշռված ազգանվեր ընթացքի շնորհիվ: Ստացվում է, որ կամ իրականությունը լիարժեք ձեւով չի ներկայացվել նախագահին, եւ նա կարդացել է անհեթեթ տեքստ, կամ նախագահը շեշտադրումները դրել է այնպես, որպեսզի մեզ բոլորիս համար դա լինի հստակ ազդակ: Ինչ վերաբերում է «ահաբեկիչ» տերմինն իր խոսքում մի քանի անգամ շեշտելուն, այն դեպքում, երբ դատը տեղի չի ունեցել, ապա հենց միայն անմեղության կանխավարկածից ելնելով՝ ոչ մի որակում թույլ չի տրվում։ Դա նաեւ միջազգային իրավունք է, դատեք, ձեր որոշումը կայացրեք եւ նոր որակումներ տվեք: Դա կարող է իրեն լրագրողը, մտավորականը, կուսակցական գործիչը թույլ տալ, բայց նախագահի մակարդակով նման որակում չի կարելի անել:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ