Անառագաստ եւ անղեկ

Անառագաստ եւ անղեկ

1997թ.-ից ներհայկական դիսկուրսը տապակվում է «հանձնե՞լ, թե՞ պահել» երկընտրանքի կրակներում: Ոչ ոք չի կոնկրետանում՝ ի՞նչ է սպասվում, եթե «տարածքները հանձնվեն»: Չի հստակեցվում նաեւ ստատուս-քվոն պահելու առարկայական նպատակը: Ստացվում է մոտավորապես «հանձնել չի կարելի պահել» իրավիճակ, որը երկրից եւ ժողովրդից ոչ միայն ահռելի էներգիա եւ մարդկային ու նյութական ռեսուրսներ է խժռում, այլեւ մշտապես օրակարգում է պահում «ով հող հանձնի, կկորցնի կյանքն ու զավակների ապահովությունը» սպառնալիքը: Իսկ դա, բնականաբար, նեղացնում է քաղաքական մանեւրի հնարավորությունը: Ինչքա՞ն է տեւելու այս «տուրբուլենտ» վիճակը, որը ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանին, Արեւմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին, Իրանին: Ձեռնտու չէ Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին: Որովհետեւ, երբ չկա հստակ ձեւակերպված նպատակ, միջանկյալ որոշումները բացարձակապես անիմաստ են դառնում, ներքին բարեփոխումները՝ մշտապես կասկածելի: Մեզանում տարածված է մտայնություն, որ Հայաստանը կարող է արդյունավետ հարաբերություններ կառուցել Իրանի հետ՝ ապահովելով վերջինիս ելքը դեպի վրացական նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Արեւելյան Եվրոպա: Տեսականորեն, իհարկե, ոչինչ բացառված չէ: Բայց երբ փորձում ենք հարցը դիտարկել գործնականացման հարթությունում, ծագում են հարցեր: Մասնավորապես, Իրանի ինչի՞ն է պետք Հայաստանի հզորացումը: Չէ՞ որ կան էներգակիրների տարանցման ավելի նպատակահարմար եւ նվազ ծախսատար ուղիներ: Երկրորդ. հայ-վրացական հարաբերությունների արմատական չկարգավորվածության պարագայում Վրաստանն ինչո՞ւ պիտի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիրներ ունենալու գնով նպաստի Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացմանը: Փոխարենն ի՞նչ ենք մենք տալու վրացիներին, որն ավելի արժեք կներկայացնի, քան վրաց-ադրբեջանական, վրաց-թուրքական համագործակցությունն է: Ավելի պարզ չէ ներքին որոշարկվածության հանգամանքը: Պատմականորեն մենք ամեն ինչի վերաբերվում ենք կասկածանքով:



Աղմուկը, որ բարձրացվեց Սյունիքի արոտավայրերն Իրանին «հանձնելու» թեմայի շուրջ, ասվածի վկայությունն է: Իսկ եթե վաղը խոսք գնա Լոռիում կամ Տավուշում վրացական ներդրումների մասին, ապա կասկածել պետք չէ՝ իսկույն շրջանառվելու է «վրացիներին հող վաճառելու» հարցը: Բոլորը խոսում են մենաշնորհներից, կոռուպցիայից, բայց չէ՞ որ տնտեսական վիճակի բարելավման միջոցներից մեկն էլ արտաքին ներդրումների ներգրավումն է: Իսկ մենք փնթփնթան հանրություն ենք: Եվ արդեն իսկ խոսում ենք, որ Երեւանի «կենտրոնը պարսիկները սեփականացրել են»: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ թուրքական կապիտալը մտնի Հայաստան, միայն պատկերացնել կարելի է: Մինչդեռ նույն վրացիները խնդրելով խնդրում են, որ ադրբեջանական Socar-ը նոր բենզալցակայաններ բացի: Որովհետեւ ադրբեջանական բենզինն էժան է: Իսկ մենք գերադասում ենք Բագրատաշենի անցակետը հատել՝ Վրաստանում մեքենա լցարկել, վերադառնալ, ասենք, Իջեւան, բայց մեր սուրբ հողի վրա օտար տնտեսվարողի ներկայություն չհանդուրժել… Մենք ոչ ոքի ոչինչ չենք տալիս: Մի առասպելական պատմություն, որ 5-րդ դարում Մաշտոցը նաեւ վրացիների համար է այբուբեն ստեղծել, ինչի իսկությունը խիստ կասկածելի է, մենք դրոշ ենք դարձնում եւ շարունակում հուսալ, թե Վրաստանը միայն դրա համար պետք է հավերժ մեզ երախտապարտ լինի: Տնտեսական պատժամիջոցների տակ ճկռած՝ Մեղրիի նեղլիկ ճանապարհով մեզ հետ տարեկան մի երկու հարյուր միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն իրականացնող Իրանը մենք շփոթում ենք Արեւմուտքի հետ հարցեր կարգավորող երկրի հետ: Եվ «հեկտարներով» գրում Իրան-Հայաստան երկաթուղու մասին այն դեպքում, երբ հարեւանները վաղուց հասկացրել են, որ դեմ չեն, միայն հարկավոր գումարն ինքներս պիտի ներդնենք: Գոնե մեր մասը կառուցելու համար:



«Հանձնել չի կարելի պահել» կացությունը բոլոր առումներով աշխատում է մեր դեմ: Ամենագլխավորը, այդպես ներքին կոնֆլիկտայնությունն է մշտակա: Եվ երբեմն հասնում է (ում որ պետք է՝ նրբորեն հասցնում է) չափազանց վտանգավոր սրացումների: Իսկ մենք հպարտանում ենք, որ կարողանում ենք, պատկերացնո՞ւմ եք՝ այդքան քաջություն դեռ ունենք, Երեւանի մի արվարձանում զինված «ապստամբություն» բարձրացնել: Իսկ երբ ամեն ինչ ձախողվում է, անունը դնում ենք «ապագաղութացման շարժում», եւ հոգեգարության հերթական գալարումների մեջ ինչ-որ մեկը հիմա էլ Ռուսաստանի վրա է մատ թափ տալիս, թե՝ «հեռացրու քո զորքը հայ-թուրքական սահմանից, ինքներս կպահենք»: Եվ միաժամանակ դնում Ադրբեջանի հետ հարցերը հաղթական պատերազմով կարգավորելու առաջնահերթություն: Բանաստեղծը կարող էր ասել. Անառագաստ ու անղեկ, կայմը կոտրած նավի պես՝ Ինձ բաց թողեք, ես գնամ,- որովհետեւ խոսքն իր մասին է: Ժողովուրդն իրավունք չունի իրեն անառագաստ ու անղեկ, կայմը կոտրած նավի պես մատնել իրադարձությունների կատաղի ընթացքին: Ոչ ոք իրավունք չունի ժողովրդին մղել խելացնորության: Եվ եթե իշխանություններին պահանջ կա, ապա միայն՝ որ նավապետի իր պարտականությունը կատարի, մեր այս Նոյյան տապանում հաստատի առաջին հերթին նպատակի, ապա այն գործնականացնելու միջոցների կարգուկանոն: Հստակ: Միանշանակ: Անկեղծորեն: Որովհետեւ, եթե հիվանդը կամավոր չի բուժվում, դա անում են հարկադրաբար: Մեր «հիվանդությունը» գնալով վտանգավոր է դառնում ոչ միայն մեր, այլեւ տարածաշրջանի համար: Եվ, որպեսզի արտաքին ուժերը մեզ «զսպաշապիկ հագցնելու» որոշման չգան, պարտավոր ենք «հանձնել չի կարելի պահել» անորոշության մեջ ազգովի ճիշտ ընտրել «ստորակետի» տեղը: Եվ դրա համար սուվերեն պատասխանատվություն ստանձնել:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ