Ընտրակաշառքի դեմ ճար կա՝ պետք է հայտարարել, որ կաշառք եք վերցրել

Ընտրակաշառքի դեմ ճար կա՝ պետք է հայտարարել, որ կաշառք եք վերցրել

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունման էլ նոր ընդունված եւ արդեն գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս վերահսկել ընտրախախտումներն ու կեղծիքները, եւ որ փոփոխությունների նախագիծն ընդամենը «դետալային» փոփոխություններ էր նախատեսում, ոչ թե «արմատական»։ Հիշեցնենք, որ, առաջարկվող փոփոխությունների համաձայն, կիրառության մեջ էր դրվելու ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման համակարգը, ձեւավորվելու էր ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, նախատեսված էին մի շարք այլ տեխնիկական նորամուծություններ։



Քվեարկության նոր կարգ, պայքարի նոր գործիքակազմ
«4+4+4» ձեւաչափով բանակցությունների արդյունքում ձեւավորված փոփոխությունների նախագծի տապալումից հետո եղան հրապարակումներ, շահարկումներ, որ նոր ԸՕ-ն չի գործելու։ Մինչդեռ ԿԸՀ նախագահը հիշեցնում է, որ նոր ԸՕ-ն ընդունվել է եւ ունի իր կանոնակարգումները։ Անցումային դրույթների համաձայն, ԸՕ-ն չի գործելու միայն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եւ իրավակարգավորումները կսկսեն գործել խորհրդարանական ընտրություններից հետո։ Մուկուչյանը վստահեցնում է, որ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմները, որոնք գործել են հին օրենսգրքում, ամբողջությամբ պահպանվել են նորում. «Այսինքն՝ վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, նրանք կարող են լինել տեղամասերում, լուսանկարել, հետեւել ընտրական գործընթացին քվեարկության օրը՝ սկսած ժամը 7-ից, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է նիստը, ապա հետեւել քվեարկության ընթացքին, արդյունքների ամփոփմանը»։



Վերոնշյալ վերահսկողական ինստիտուտներից զատ, Մուկուչյանի գնահատմամբ, լրացուցիչ նոր մեխանիզմներ են ամրագրվել, որոնք եւս պարունակում են հանրային վերահսկողության նոր էլեմենտներ, լրացուցիչ գործիքակազմ։ Դա, մասնավորապես, գրանցման փուլում տեխնիկական սարքերի կիրառումն է։ «Տեխնիկական սարքավորումներն օրենսգրքում արդեն իսկ ամրագրված են գրանցման հետ կապված, պարզապես դրանց աշխատանքի բովանդակային առումով որոշակի փոփոխություններ նախատեսվում էին այն օրենքով, որն ուժի մեջ չի մտնելու, բայց բուն տեխնիկական սարքավորումների ինստիտուտն արդեն նախատեսված էր»։
«Ընտրողը, գալով ընտրական տեղամաս, մոտենում է համապատասխան տեխնիկական սարքավորման պատասխանատու մասնագետին, նրան ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, անմիջապես այդ սարքավորման մեջ մուտք է լինում ընտրողների ցուցակը, նա, ով մոտենում է գրանցումն իրականացնող անձին, բնականաբար, ստուգվում է անձը հաստատող փաստաթուղթը, նա կարող է ներկայացնել իր անձնագիրը, նույնականացման քարտը, համապատասխան սարքով մուտք են արվում անձնագրի տվյալները, սարքավորումն արդեն հայտնաբերում եւ տեղեկացնում է՝ նշված անձը հանդիսանո՞ւմ է նշված ընտրական տեղամասի ընտրող, թե՞ ոչ, մինչեւ այդ պահը նա իր փաստաթղթով մասնակցե՞լ է ընտրությանը, թե՞ ոչ, որովհետեւ անձինք կարող են քվեարկությանը մասնակցել եւ անձնագրով, եւ նույնականացման քարտով, եւ կենսաչափական քարտով, հետեւաբար, այս պայմաններում յուրաքանչյուր անձի պարագայում, եթե անգամ ըստ օրենսգրքի մեկ փաստաթղթով անձը մասնակցել է, հաջորդ անգամ եթե նույն անձը կգա իր անձնագրով, ապա այդ հանգամանքը կհայտնաբերվի»։



Գրանցումից հետո տպագրվում է կտրոն, տրվում է քաղաքացուն, որն այդ կտրոնով մոտենում է քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամներին, որոնք նույնպես աշխատում են ընտրողների ցուցակի հետ՝ ստուգում են փաստաթուղթը, լրացուցիչ ցուցակում գտնում նրա անունը։ «Այսինքն՝ այստեղ էլ է մի անգամ պարզվում, որ այդ անձի անունն իրենց աշխատանքային ընտրողների ցուցակում ամրագրված է, հետո համապատասխան հանձնաժողովի անդամը նշում է կատարում անվան դիմաց, եւ անձին տրվում են քվեաթերթիկներ»,- վստահեցնում է Մուկուչյանն ու շարունակում ներկայացնել քվեարկության նոր կարգը․ «Յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկ է տպագրվելու, ընտրողը մտնում է քվեարկելու, ընտրում է քվեաթերթիկներից մեկը եւ դնում ծրարի մեջ։ Այստեղ եւս նորույթ կա, քանի որ հաշվառման փաստաթուղթ հանդիսանում են ոչ թե չքվեարկված քվեաթերթիկները, այլ ընտրողի կողմից քվեարկված քվեաթերթիկը, հետեւաբար, քվեաթերթիկը դրվում է ծրարի մեջ, որն ունի առանձնակի բացվածք։ Որից հետո, երբ նա մոտենում է քվեատուփի համար պատասխանատու անդամին, վերջինս այդ բացվածքից դրոշմանիշ է փակցնում քվեաթերթիկի վրա՝ ընտրողից վերցնելով նրա քվեարկության կտրոնը, որքան կտրոն ստացվեց, այնքան դրոշմանիշ պետք է փակցված լինի. սա էլ՝ մյուս վերահսկողության գործիքը»։



Սողանցքներ չկան
Ամիսներ շարունակ ԸՕ քննարկումների ընթացքում ընդդիմադիրների մտահոգությունների թվում էր նաեւ ոչ միատեսակ փաստաթղթով քվեարկության հարցը, որը, նրանց համոզմամբ, արդեն իսկ կեղծելու ռիսկեր է առաջացնում։ Ընդդիմադիրները բազմիցս բարձրաձայնել են, որ անձը կարող է եւ նույնականացման քարտ ունենալ, եւ անձնագիր։ Մուկուչյանն այս համատեքստում ասում է․ «Առաջարկված փոփոխությունները հետեւյալն էին, որ բոլոր ընտրողներին պետք է տրամադրել նոր նմուշի նույնականացման քարտեր, որոնք պետք է տրամադրեին 10 մատների մատնահետքի ստանալու պայմանում, եւ այդտեղ նախատեսվում էր, որ քվեարկությանը կարող են մասնակցել միայն նույնականացման քարտերով։ Այս դեպքում արդեն նախատեսվում է հետեւյալը, որ անձինք գալու էին ընտրական տեղամաս նույնականացման քարտերի միջոցով, արդեն անձնագրերով չէին կարող գալ, եւ վերջիններիս նույնականացումը կամ գրանցումը տեղամասում իրականացվելու էր մատնահետքի, դրոշմանիշը հանձնելու միջոցով։ Եթե տրամադրեինք նույնականացման քարտեր, կունենայինք նաեւ մատնահետքերի համապատասխան բազա, եւ նույնականացումը կիրականացվեր ոչ թե անձը հաստատող փաստաթղթի միջոցով, այլ մատնահետքեր հանձնելու։ Սա էր տարբերությունը»։



Ասել է թե՝ կասկածները հիմնավոր են, դժվար է կեղծել 10 մատնահետքի դեպքում, մինչդեռ իշխանությունների համար 1 մատի մատնահետքի կեղծումը խաղուպար է։ Ի դեպ, բողոքարկման ընթացակարգերի հետ կապված էլ որոշակի նոր կանոնակարգումներ են առկա։ Եթե նախկինում դիմումները կարող էին ներկայացվել քվեարկության հաջորդ օրը՝ 12։00-18։00-ն, ապա նոր օրենսգիրքը նախատեսում է դիմումների ընդունելության ժամկետ՝ 12։00-18։00-ն, եւ նաեւ դրա հաջորդ օրը՝ առավոտյան 9-11։00-ն։ «Շատ անգամ, կարճ ժամկետներով պայմանավորված, անձինք չէին կարողանում լիարժեք իրենց դիմումները ձեւակերպել, ներկայացնել, մենք պետք է նկատենք, որ ժամկետների երկարաձգման ձեւակերպում ունենք, որը դիմումատուների օգտին է»,- նկատում է Մուկուչյանը։



Փողի դեմ խաղ չկա
Ի վերջո, ուզում ենք 10 մատնահետք հանձնենք, ոտնահետքն էլ՝ հետը, ընտրատեղամասերում էլ «պահենք» ձայները, պատշաճ հսկողություն իրականացնենք, բայց Հայաստանում ընտրությունների փորձը ցույց է տվել, որ կեղծիքը կատարվում է տեղամասից դուրս, երբ իշխանությունը փողով գնում է ընտրողին, ընտրողն էլ, հասկանալի պատճառներով, «գնվում» է, իսկ գործարքը բռնացնելու դեպքում էլ գործը ջրվում է։ ԿԸՀ նախագահը կարծում է, որ դրա դեմ գործիքակազմ կա. «Եթե խոսքը վերաբերում է ընտրակաշառքին, ապա թե տալը, թե ստանալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք։ Մնացածը ենթադրում է մեր քաղաքացիների կողմից ակտիվ վարքագծի դրսեւորում, այսինքն՝ գիտեք, եթե մարդիկ բարձրաձայնում են նշված ընտրախախտումի մասին, այդ ամենն օրենսգրքով արդեն իսկ ամրագրված է որպես քրեորեն, հանրորեն վտանգավոր արարք։ Հետեւաբար, վերջիններս ընդամենը պետք է նման երեւույթների մասին բարձրաձայնեն։ Ես կարծում եմ՝ սա է պայքարի հիմնական գործիքը»։ Կաշառք վերցնողը կասի՞, որ կաշառք է վերցրել, որ տանեն պատասխանատվության ենթարկեն։ «Գիտեք, աշխարհում ուրիշ այլ մոդել չկա, եթե որեւէ հանգամանք չի ներկայացվում հանցագործության մասին, կներեք, բայց ես չգիտեմ, թե ինչ ձեւ կարելի է պայքարել»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ