Սեւանի ընտրությունները ջրի երես են հանել ՀՀԿ-ի «կեղտերը»

Սեւանի ընտրությունները ջրի երես են հանել ՀՀԿ-ի «կեղտերը»

Պարզվում է՝ տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզպետի եւ Սեւանի քաղաքապետի միջեւ լուռ հակամարտություն է եղել, որի մասին հանրությունն իմացավ ընտրությունների շեմին, ավելին՝ մարզպետի պատասխանից պարզ դարձավ, որ տարիներ շարունակ Սեւանի քաղաքապետը «յուրացրել» է պետության միջոցները, իսկ Գեղարքունիքի մարզպետն էլ, անհասկանալի պատճառներով, աչք է փակել այդ ամենի վրա, կուսակից ընկերոջ «ապօրինությունների» մասին չի տեղեկացրել իրավապահ մարմիններին եւ միայն մեր հրապարակումից հետո է պատրաստակամություն հայտնում շտկել սխալը։



Բանն այն է, որ մեզ հետ զրույցում Սեւանի գործող քաղաքապետ եւ հոկտեմբերի 2-ի ընտրություններին քաղաքապետի թեկնածության հայտ ներկայացրած Ռուդիկ Ղուկասյանը, որը հայտնի է «Ուդո» մականվամբ, ուրբաթ օրը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակից մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր դեմ է աշխատում։ Առաջադրված հինգ թեկնածուներից երեքը նրա դրածոներն են. երկուսը ՀՀԿ անդամներ՝ Սեւանի նախկին քաղաքապետներ Գեւորգ Մալխասյանը, Աշոտ Ալեքսանյանը եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալը։



Մուրադյանին, Ուդոյի վստահեցմամբ, ընդամենը մեկ տարի առաջ են հանել Լճաշենի գրանցումից, Սեւանում են գրանցել, որպեսզի քաղաքապետի թեկնածու առաջադրվի։
«Երբ որ ինքն իմ մոտ գյուղապետ էր աշխատում՝ 96 թվին, խոպանից որ եկել էր, եթե ինքը խոպանչու հոգեբանություն ունի, ես ի՞նչ կարամ ասեմ՝ ինչի՞ ա ըտենց անում»,- իր եւ մարզպետի հակամարտության պատճառներն այսպես էր բացատրել Սեւանի կիսագողական քաղաքապետը։ Մարզպետ Գրիգորյանի պատասխանը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։ Մարզպետի գրությունից ակնհայտ է դառնում, որ նա մեր միջոցով իրավապահների ուշադրությունն է հրավիրում քաղաքապետի ապօրինությունների վրա. «Ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն, եւ ես կներկայացնեմ վարչական վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունը եւ առանձին տեղեկանք կտրամադրեմ այլ խախտումների վերաբերյալ»։



Երեկ չկարողացանք պարզել՝ իրավապահ մարմիններն ընթացք տվե՞լ են մարզպետի հայտարարությանը, թե՞ ոչ։ Անձամբ քաղաքապետին իր վերադասի մեղադրանքները չեն մտահոգում, նա վստահեցնում է, որ որեւէ ծրագրի ֆինանսավորում կեսից չի դադարեցվել, չգիտի նաեւ, թե ինչ չարաշահումների մասին է խոսում մարզպետը։ «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե ինքը երբ ա դատախազություն մտնելու»,- ինքնավստահ հեգնեց Ռուդիկ Ղուկասյանը։ Հայտնի է, որ քաղաքապետը, ըստ մամուլի հրապարակումների, իշխանության բարձրաստիճաններից մի քանիսի հովանավորչությունն է վայելում։



Խոսում են նրա եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ Վովա Գասպարյանի մտերմության մասին։ Դրանից բացի, Ուդոն մեծ ազդեցություն ունի Սեւանի եւ, առհասարակ, մարզի քրեական հեղինակությունների վրա, թերեւս դրանով է պայմանավորված նրա ինքնավստահությունը։ ՀՀԿ-ն էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ռիսկի չի գնում, չի նեղացնում ազդեցիկներին ու չի հրաժարվում նրանցից։ Ուդոն, թերեւս, այդպիսիներից է, նրան ոչ թե ՀՀԿ-ն է առաջադրել, այլ ինքնառաջադրվել է, ընտրություններից հետո էլ նրա ճակատագիրը, հավանաբար, կվճռեն թիմի համար բերած ձայների քանակով։



Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին էլ երեկ զանգեցինք, ասաց, որ ասելիքը հայտնել է ու չի ցանկանում ավելին մանրամասնել, պատասխանեց միայն, որ իրավապահ մարմինները դեռ չեն արձագանքել, իսկ թե ինչու է հիմա խոսում քաղաքապետի յուրացումների մասին, ասաց, որ իր «վերահսկողության լիազորությունների շրջանակում այս ընթացքում ուսումնասիրվել են, վարչական վերահսկողության ընթացքում բացահայտվել են տարբեր տեսակի խախտումներ, որոնք քննարկվել ու ներկայացվել են համապատասխան տեղ»։ Թե կոնկրետ ուր, Գրիգորյանը համառորեն չասաց։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ