ՀՀ անկախության անքակտելի մասն Արցախի անկախությունն է

ՀՀ անկախության անքակտելի մասն Արցախի անկախությունն է

«Անկախությունը սուրբ բան է ու երեւի թե մեր եկեղեցիներից ավելի թանկ բան մեզ համար։ Ուղղակի ամեն մարդ յուրովի է դա հասկանում եւ ընդունում։ Անկախությունը մեր մեջ նստած է, Աստված տա՝ այն ճառերը, խոստումները, որ ասվում են այս օրերին, իրական լինեն եւ նպաստեն մեր երկրի բարելավմանը»,- մեզ հետ զրույցում նշեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու չցանկացավ տոնական այս օրով խորանալ անկախության շրջանի մեր կորուստների մեջ. «Մենք այնքան սխալներ ենք գործել, որ այսօր դրա մասին խոսելն ուղղակի տխուր բան կլինի։ Տոնը պետք է տոն լինի, եւ այդ տոնն ամենաանպետք մարդուն էլ ինչ-որ մի տեղ ոգեւորիչ մի բան է տալիս, որ հետագայում ավելի պիտանի լինի, դրա համար արժե, որ այսօր միայն լավի մասին խոսենք, բայց ո՛չ մեր աչքերը փակելով հետագայի վրա»։ 



Հաղթանակ Շահումյանն ասում է, որ իր մեջ տոնի զգացողությունը միանշանակ կա, բայց կա նաեւ վրդովմունքը, հիասթափությունն ու մի քիչ էլ՝ ուրախությունը, որ մեր ժողովուրդը ճանապարհին է. «Մենք ճանապարհի մեջ ենք, ճիշտ է՝ այդ ճանապարհը, չգիտես ինչու, շատ երկար է տեւում, երբ մենք կարող էինք ավելի արագ հասնել այդ ճանապարհին, բայց կարեւորը՝ ճանապարհին ենք, մենք չենք կարող որեւիցե մեկին մեղադրել, եթե թերացել ենք, էլի մենք ենք թերացել, մինչեւ ինքներս մեզ չճանաչենք, չզգանք մեր արածն ու չարածը, մեր երկիրը լավը չի լինի, ինքներս պիտի կառուցենք մեր երկիրը»։



Գրականագետ Ազատ Եղիազարյանի համար անկախության տոնը միանշանակ տոն է, իսկ զորահանդեսում ներկայացված նոր զինտեխնիկան իր համար գնահատելի է։ Ինչ վերաբերում է անկախության քառորդ դարն արժեւորելուն, ապա. «Նախեւառաջ պետք է գնահատել Արցախի անկախությունը, որ մեր անկախության անքակտելի մասն է, բանակի ստեղծումը, որ, իր բոլոր թերություններով հանդերձ, մեր այսօրվա հանրապետության բարձր արժեքներից մեկն է, բայց, անշուշտ, այնպիսի թերություններ կան, որ թույլ չեն տալիս ամբողջ սրտով ուրախանալ մեր անկախության քառորդ դարով»։
Ըստ Եղիազարյանի, այսօր մեր երկրի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ու նորանշանակ վարչապետն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր պետք է անի. «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, մեր տնտեսության ծանր վիճակը կապված է նաեւ կոռուպցիայի չիջնող մակարդակի հետ։ Ինչքան ճառեր ուզում է ասեն՝ մեր աչքի առաջ դղյակներ են կառուցում, իսկ մեր ժողովրդի 1/3-ն աղքատության մեջ է։ Ես չեմ կարող ասել, որ այս 25 տարիների ընթացքում տեսել եմ ռեալ պայքար կոռուպցիայի դեմ, ընդհակառակը՝ այն մտնում է կառավարության ամենաբարձր էշելոնները։ Այդ պայքարը միայն խոսքով է, հանձնաժողովներ են կազմում, բայց իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում»։



Այս 25 տարիների ընթացքում մեր առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն էլ արտագաղթն է, որը, Եղիազարյանի խոսքով, պետք է բոլորին հուզի. «Թող մեզ չասեն, թե դա տեղաշարժի ազատություն է՝ գնում-աշխատում-գալիս են, այդպես չէ, մեր ժողովրդի վիճակն ուրիշ է, ամեն ամիս պակասող մարդկանց թիվը մեզ համար ամենածանր ցավերից մեկը պետք է լինի, բայց ես չեմ տեսնում, որ մեր ղեկավարությունը, իրար հաջորդող վարչապետերը լրջորեն մտածում են դրա մասին»։



Թե մեր վարած քաղաքականության մեջ այս տարիների ընթացքում որքանով ենք կարողացել դառնալ ազատ, անկախ եւ ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա, ըստ Ազատ Եղիազարյանի, որպես այդպիսին, անկախ պետություն չկա, նույնիսկ ԱՄՆ-ն, որ այսօրվա ամենահզոր պետությունն է, տարբեր թելերով կապված է մյուս պետությունների հետ եւ ստիպված է հաշվի առնել նույնիսկ ամենափոքր պետությունների խնդիրները. «Այսօր շատ է խոսվում Ռուսաստանից մեր կախվածության մասին, մենք այնպիսի պետություն ենք, որ անպայման մեր հարեւանների հետ շատ լավ հարաբերություններ պետք է ունենանք, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առանց դրա չի լինի։ Ռուսաստանը մեր հայրը չէ, մեր մայրը չէ, բայց ճակատագիրն այնպես է արել, որ մենք կապված ենք այդ պետության հետ։ Ամեն մեկն իր շահն է հաշվի առնում, մենք էլ մեր շահը հաշվի պիտի առնենք՝ որ երկիրն ուզում է լինի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ