Մամեդյարովի անոնսը

Մամեդյարովի անոնսը

Հոկտեմբերի երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: (http://haqqin.az/news/81170) Նրա ձեւակերպմամբ` Բաքվում եւ Երեւանում հանդիպումների եւ բանակցությունների արդյունքներով «կորոշվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները եւ վայրը»:



Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ խոսվել էր տարածաշրջան այցելելու մասին, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու առումով հստակություն չկար: Ավելին, համանախագահները չէին բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:



Դա թույլ էր տվել եզրակացնել, որ մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում չի ծրագրվում: Թեեւ Հայաստանի անկախության 25-ամյակի շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Օլանդը վերահաստատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Փարիզում հյուրընկալելու պատրաստակամությունը:
Ըստ երեւույթին, Ալիեւը որոշակի ժամանակ է խնդրել, որպեսզի կազմակերպի Ադրբեջանի անկախության 25-ամյակի տոնակատարություններ: Այդ առթիվ պաշտոնական տեղեկատվություն չկա: Օրերս Ալիեւը Սումգայիթում հայտարարել է, որ Ադրբեջանը «շուտով կտոնի անկախության 25-րդ տարելիցը»: Հավանաբար դա տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: 1991 թ. այդ օրն է ընդունվել «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի սահմանադրական օրենքը:



Կկազմակերպի՞ Ալիեւը զինվորական զորահանդես: Ամենայն հավանականությամբ՝ այո: Բաքվում այս օրերին կազմակերպվել է սպառազինությունների ցուցահանդես: Ադրբեջանը մի քանի զինատեսակներ է ներկայացրել, այդ թվում՝ ԱԹՍ-եր: Խոսվում է նաեւ իսրայելական «Դավթի պարսատիկ» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու մասին: Մի խոսքով՝ Ալիեւը կփորձի «վերականգնել հավասարակշռությունը», որից հետո, երեւի, պարզ կդառնա՝ մինչեւ տարեվերջ նախագահները հանդիպում են, թե՝ ոչ:



Այս համատեքստում ուշագրավ տեղեկատվություն է տարածել APA գործակալությունը: Հայտնի է դարձել, որ 2017թ. բյուջեի նախագծով Ադրբեջանի ռազմական ծախսերը չեն գերազանցի 1մլրդ դոլարը: Դա եռակի քիչ է, քան ծախսվել է 2015-ին: Բացառված չէ, որ Մամեդյարովի անոնսը պայմանավորված է Ադրբեջանում ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամով:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ