Հուշանվերների տաղավարը դեռ Հրաչյա Թամրազյանի հետ էին համաձայնեցրել

Հուշանվերների տաղավարը դեռ Հրաչյա Թամրազյանի հետ էին համաձայնեցրել

Սեպտեմբերի 3-ին, տեւական ծանր հիվանդությունից հետո, 63 տարեկան հասակում վախճանվեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, որը 2007-ից զբաղեցնում էր տնօրենի պաշտոնն ու բավականին հարգված եւ սիրված էր Մատենադարանի աշխատակազմի կողմից։ Թամրազյանի մահից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պատմական գիտությունների թեկնածու, գիտքարտուղար Վահան Տեր-Ղեւոնդյանը, որը կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ Մատենադարանի կառավարման խորհուրդը նոր տնօրեն ընտրի: 



Նշենք, որ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահը Վիգեն Սարգսյանն է՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Իսկ կառավարման խորհրդի կազմում ընդգրկված է նաեւ նախագահի եղբայր, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Լեւոն Սարգսյանը, որի անունը, ի դեպ, մամուլում երեկ շրջանառվեց որպես տնօրենի ամենահավանական թեկնածու եւ անմիջապես էլ հերքվեց վերջինիս կողմից։



Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունից մեզ պատասխանեցին, որ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի 6 ամսվա ընթացքում։



Թե ինչ նպատակ են հետապնդում մինչեւ մրցույթի հայտարարությունը տարբեր թեկնածուների, այս դեպքում Լեւոն Սարգսյանի անվան շուրջ խոսակցությունները, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը չգիտի եւ չի էլ կարող ասել. «Ես նման տեղեկություն չունեմ, եւ ինձ չի հետաքրքրում մի բան, որը գոյություն չունի, կարող է մի տաքսիստ որոշել է նման բան տարածել, եթե դուք ունեք տեղեկություն, պարզեք, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները»։



Բացի Մատենադարանի տնօրենի հավանական թեկնածուների մասին խոսակցություններից, վերջին շաբաթներին թե աշխատակիցների եւ թե այցելուների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մատենադարանի առաջին հարկում հայտնված հուշանվերների տաղավարը։ Անդրադառնալով վերջերս տեղակայված հուշանվերների տաղավարին՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նախ սկզբում վրդովվեց, թե ինչու է դա այդքան հետաքրքրում մեզ, ապա, անդրադառնալով հարցին, թե դա Մատենադարանի՞ նախաձեռնությունն է, դրական պատասխան տվեց. «Այո, դա մեր նախաձեռնությամբ է լինելու եւ աշխատելու»։ Ինչ վերաբերում է շրջանառվող կարծիքներին, թե «բիզնեսն արդեն մտել է Մատենադարան», Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց. «Այդ կարծիքը հատուկ են տարածում, խնդրում եմ այդ հերյուրանքներին տեղի չտալ»։ Հետաքրքրվեցինք, թե որն է հերյուրանքը՝ տաղավարը չկա՞, տաղավարը, իհարկե, կա, բայց այն դեռ չի գործում. «Տաղավար չի բացվել, եթե բացվեր, նաեւ կգործեր, այն դեռ չի աշխատում, երբ աշխատի՝ կիմանաք, դա ընդամենը նախնական աշխատանքներ են, եւ հիմա մենք թույլտվության ենք սպասում, հենց թույլտվությունը կլինի, օրինական կարգով, բնականաբար, կաշխատի, դուք էլ կգաք՝ այդտեղից ձեզ հետաքրքրող հուշանվերները կգնեք»։



Թե ինչ նպատակով են այդ տաղավարը բացել՝ տուրիստակա՞ն նկատառումներից ելնելով, թե՞ ֆինանսական, ապա Վահան Տեր-Ղեւոնդյանը դարձյալ վրդովվեց. «Ինչո՞ւ է Ձեզ այդքան հետաքրքրում այդ ցուցափեղկը»։ Այն դիտարկմանը, որ այդ ցուցափեղկը կարծես հայտնվեց Հրաչ Թամրազյանի մահից հետո, ասաց. «Դա ոչ մի կապ չունի նրա մահվան հետ։ Դա Հրաչյա Թամրազյանի հետ վաղուց համաձայնեցված էր, տնօրենի թույլտվությամբ մի բան է եղել, որը, իհարկե, պետք է ստանա կրթության եւ գիտության նախարարության արտոնությունը։ Հիմա եթե այդ հուշանվերների կրպակն աշխատի, նրա ամբողջ շահույթը պետք է գնա Մատենադարանի ծրագրերի համար։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա, որ դրա շուրջ այդքան աղմուկ է բարձրացել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ