Օլիգարխները նեղացած են, բայց նրանց ժամանակը դեռ կգա

Օլիգարխները նեղացած են, բայց նրանց ժամանակը դեռ կգա

Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ակներեւ դարձավ մի գործընթաց, որը, թերեւս, վաղուց էր սկսվել։ Պետական պաշտոններից հեռացվեցին ընդամենը 1-2 տարի առաջ անձեռնմխելի համարվող անձինք, եւ ոչ ոք չէր պատկերացնի, որ մի օր նրանք երկուս ստացող աշակերտների պես դուրս կշպրտվեն դասարանից, եւ ոչ հարստությունը, ոչ վաղեմի կապերը, ոչ նախկին ծառայությունները նախագահին նրանց չեն օգնի։ Եվ որքան էլ նախագահը բացատրի, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նոր իրականություն է ստեղծվել Հայաստանում, որքան էլ զգուշացնի՝ «նեղանալ եւ նեղսրտել չկա», նեղացողներ, այնուամենայնիվ, եղան։



Հովիկ Աբրահամյանի ու նախագահի միջեվ «սեվ կատու է անցել»



Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության իր վերջին նիստը վարեց գործնական տոնով եւ խրոխտ, կարելի է ասել՝ նույնիսկ ուրախ ձայնով։ Անգամ ավետեց «նոր սկիզբ», որը նախընտրական կարգախոս կարող էր դառնալ ՀՀԿ-ի համար։ Բայցեւայնպես, նրան ճանաչողներն ասում են, որ Աբրահամյանը նեղացած է գնացել։ Նախկին վարչապետը կարեւոր հավաքներից բացակայում է։ Անմիջապես իր պաշտոնանկությունից հետո մեկնեց Դուբայ՝ հանգստանալու, եւ չներկայացավ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին, որը կայացավ սեպտեմբերի 3-ին, եւ որին ներկա էր նոր վարչապետը։ Իհարկե, անմիջապես շշուկներ տարածվեցին, որ «Դուբայը» Կարեն Կարապետյանի հետ սեղանակից չդառնալու հարմար պատրվակ էր, ինչպես նաեւ հետպաշտոնեական ընկճախտը հաղթահարելու ձեւ։ Իսկ այդ ընկճախտը պարուրում է բոլոր նախկիններին՝ բարձր պաշտոնը կորցնելուց հետո։ Հովիկ Աբրահամյանը բացակա էր նաեւ ՀՀԿ վերջին նիստերին։ Ի՞նչ «կատու է անցել» նրա եւ նախագահի միջեւ, հայտնի չէ, բայց «կատուն» կա։ Պետք է ընդունել, որ վարչապետության ընթացքում Հովիկ Աբրահամյանին հաջողվեց փոքր-ինչ բարձրացնել իմիջը, որոշակիորեն ձերբազատվել վերմակն իր վրա քաշող ճարպիկ օլիգարխի կերպարից, բայց այս ձեռքբերումը նրան առանձնապես պետք չեկավ։ Ինչո՞վ է զբաղվելու Հովիկ Աբրահամյանը, անպատասխան է։ Վարկածները տարբեր էին՝ ՀՀԿ շտաբի ղեկավարումից մինչեւ հասարակ պատգամավոր Արարատի մարզից։ Իսկ այսօր արդեն՝ ամենագետ աղբյուրների պնդմամբ, Հովիկ Աբրահամյանը մոտ ապագայում նոր պաշտոն չի ունենա։



Սեյրան Օհանյանը՝ պսպղուն շորերի զոհ



Սեյրան Օհանյանը նույնպես նեղացած գնաց։ Իր հեռացման վերաբերյալ նա որեւէ հրապարակային հայտարարություն չի արել, սակայն այնքան էր նեղացած, որ հանդգնեց հրապարակավ ընդդիմանալ «վերեւներին», չհամաձայնել իր վերաբերյալ «պլանների» հետ։ Իսկ «պլանում» Սեյրան Օհանյանին անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելն էր, որում այս տարի Հայաստանի ներկայացուցիչն է լինելու, բայց նա հրաժարվել է։ «Չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»,- ասաց նա լրագրողներին, ինչով, ասում են, բարկացրել է նշանակողներին։ Հանրությունը հասկանում է՝ դժվար է պաշտպանության նախարարությունից հետո տեղափոխվել միջազգային կառույց, այն էլ այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ Օհանյանին ՀՀ նախագահի աթոռին էին տեսնում։ Նույն հանրությունը մյուս կողմից էլ խոսում է Վահագնի թաղամասում նախարարի դղյակի շքեղության մասին, բանակի գումարների փոշիացման, ինչպես նաեւ այն տխուր դերակատարության, որն ունեցավ գեներալի կարիերայի վրա պսպղուն հագուստների սիրահար նրա կինը։



Սյունիքի նախկին մարզպետի ներդրումը չգնահատվեց



Բարձրաստիճան պաշտոնյաների շարքը, որոնց կյանքում հանկարծ լռություն տիրեց, շարունակում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Վերջին տարիներին նա հիշվել է տարատեսակ խայտառակ քրեական գործերով, որոնց հորձանուտից ինքն ու հարազատները չոր դուրս եկան։ Թվում էր՝ այսուհետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքը բռնող չի լինելու, եւ Սյունիքի զանգերից մինչեւ Խնձորեսկ ընկած նրա թագավորությունում այլեւս ոչ մի խռովություն չի լինի։ Բայց արի ու տես՝ եկավ նոր վարչապետն ու պայման դրեց, թե չի աշխատելու Լիսկայի հետ, ու վերջ։ Լիսկան նահանջեց, նույնիսկ ասաց, որ վարչապետն է որոշողը, բայց հաստատ նեղացած գնաց։ Իսկ Գորիսում նրա շրջապատի մարդիկ պատմում են, թե ինչ զոհողություններ է արել նախկին մարզպետը քառօրյա պատերազմի օրերին, քանի զինվոր է հագցրել-կապցրել, ինչքան օգնություն, սնունդ է ուղարկել, քանի մարդ է տվել բանակին այդ օրերին եւ ինքն էլ գնացել է հետներն ու մեկուկես ամիս մնացել նրանց կողքին։ Անշուշտ, Լիսկան նեղսրտելու առիթ ուներ։



Թոխմախի Մհերին բա՞ն են հասկացրել



Իսկ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի նեղացածությունը սրա համեմատ ուղղակի օրիորդի քմահաճույք է։ Սեդրակյանը պաշտոն չի կորցրել, բայց ԱԺ նիստերին չի ներկայանում։ Պատճառը նուրբ է, կարելի է ասել՝ «деликатный»։ Ոստիկանության աշխատակիցները՝ դիմակներով, մեծ խմբով, մտել են նրա տուն՝ ինչ-որ հետախուզվողի որոնելու պատրվակով։ Մհեր Սեդրակյանը վիրավորվել է։ Չէ՞ որ նա ՀՀ հասարակ քաղաքացի չէ, որի հետ դիմակավորված անձինք վարվեն՝ ինչպես կամենան։ Նա ոչ միայն օլիգարխ է, Էրեբունին նրա թաղն է, եւ ինքն է տարիներ շարունակ թելադրել ոստիկաններին, թե ինչ եւ ինչպես անեն։ Նա կարողացավ փակել տալ երկաթուղային կայարանի շուկան, հարակից գետնանցումների ողջ առեւտուրն իր «տղաների» ձեռքը հավաքել։ Տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետերը չէին կարողանում կարգուկանոն հաստատել կայարանամերձ հրապարակում, որովհետեւ Էրեբունու ոստիկանությանը Մհեր Սեդրակյանի բարի կամքով ձեռնտու էր բացիթողի վիճակը։ Եվ հանկարծ Թոխմախի Մհերի տուն ոստիկաններ են ներխուժում, ահաբեկում ընտանիքին։ Պատգամավորը սա ընկալել է որպես ուղերձ, «մեսիջ», բան հասկացնելու ձեւ, ակնարկ, որ, ահա, ավարտվում է իր դարաշրջանը, եւ նեղացել է։ Նա իր վրա «նաեզդ» անողներին ուղիղ տեքստով ասել է՝ «բախտներդ բերել է, որ ես էդ պահին տանը չեմ եղել, հակառակ դեպքում արյուն էր թափվելու»։ Նա անգամ զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որը հավատացրել է, որ Վովան ինքնագլուխ է ձեռնարկել այդ օպերացիան՝ առանց իրեն տեղեկացնելու։



Գագիկ Բեգլարյանը գնաց՝ առանց հետ նայելու



Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ականների մոտ նեղացածությունը դրսեւորվում է նիստերին չներկայանալով։ Մյուս «չներկայացողը» տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Նա ոչ իր պաշտոնանկության շաբաթվա ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցեց, ոչ էլ նախարարության շենք եկավ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր նոր նախարարին՝ Վահան Մարտիրոսյանին։ Մինչդեռ պաշտոնից հեռացող նախարարը ներկա է լինում հաջորդի ներկայացմանը, եւ դա ավանդույթ է, որի ամենաէմոցիոնալ հետեւորդը դատախազության դուռը համբուրող Աղվան Հովսեփյանն էր։ Ով գիտի, գուցե այս ժեստն էր, որ Աղվան Գառնիկիչին նոր պաշտոն բերեց։ Գագիկ Բեգլարյանը դուռ չհամբուրեց, եւ նոր պաշտոնի մասին էլ խոսք չկա։ Օլիգարխները նեղացած են, բայց, ինչպես ասաց Շարմազանովը, «նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ»։ Առջեւում կարեւոր քաղաքական իրադարձություն է՝ ԱԺ ընտրությունները, եւ օլիգարխների ժամանակը դեռ կգա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ