Կդառնան քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատողներ

Կդառնան քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատողներ

Արդեն 3-4 տարի է՝ տարբեր հարթակներում դժգոհում են կարմիր գծերից, արագաչափերից, ավտոճանապարհային տեսախցիկներից, եւ, ահա, ԱԺ ընտրություններից մի քանի ամիս առաջ այդ ձայները լսելի դարձան։ 



Սերժ Սարգսյանը հանձնարարեց ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին, «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Լոկատոր» ընկերություններին բանակցել եւ օպերատիվ կարգով՝ 10 օրում ֆինանսական հոսքերը պետական եւ համայնքային բյուջե ուղղելու իրավական մեխանիզմներ «գտնել»։ Այլ կերպ ասած՝ փոխել սեփականության ձեւը։ Հանրությունը կրկին ահազանգեց, հարցադրումներ լսվեցին. ինչպե՞ս է փոխվելու սեփականության ձեւը, արդյոք չի՞ խախտվում մասնավոր սեփականության իրավունքը, եւ, «ազգայնացնելով» ընկերությունները, ի՞նչ են նրանց առաջարկելու։



Եվ, ահա, ձեւերը գտնված են, երեկ Երեւանի քաղաքապետարանը, ապա ոստիկանությունը հայտնեցին այս մասին։ «Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը»։ Քաղաքապետը խոստացել է, որ կատարվող բոլոր քայլերը թափանցիկ կլինեն, եւ մոտ օրերս փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հանդես կգա ասուլիսով։



Իսկ ոստիկանությունը հայտնեց, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ համաձայնության է եկել «լուծել 2011 թ․ կնքված՝ պետության կարիքների համար երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը՝ սահմանելով դրա համար անհրաժեշտ գործողությունների սպառիչ ցանկ»։



Մեր տեղեկություններով, տեսախցիկների մասով ընկերության գույքը հանձնվելու է ՀՀ ոստիկանությանը։ Հնարավոր է, որ տեխնիկայի շահագործումն ու սպասարկումն իրականացնեն ընկերությունների մասնագետները, սակայն դրանք այլեւս շահույթ չեն ունենա։ Մինչ օրս հավաքագրված գումարի 70 տոկոսը հատկացվում էր մասնավոր ընկերություններին, իսկ 30 տոկոսը՝ պետությանը։ Հետագայում այս հարաբերակցությունը դարձավ 50/50, իսկ հիմա տեսախցիկների շահագործումից ձեռք բերված ողջ շահույթը կփոխանցվի ՀՀ ոստիկանությանը։ Դետալների շուրջ այս պահին պայմանավորվածություն չկա։



Վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայությունը կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն էլ, ԶԼՄ-ների նման, տեղյակ չէր բանակցությունների արդյունքներից։ «Վերջնական պատկերին անձամբ ես չեմ տիրապետում։ Հստակ չեմ կարող ասել։ Գիտեմ, որ հիմնադիրների հետ տարաբնույթ հարցեր են քննարկվել»,- ասաց նա։ Ի՞նչ ձեւով է սեփականությունը փոխանցվելու, ի՞նչ է ստացել ընկերությունը բանակցությունների արդյունքում։



«Ես կարող եմ միայն ընդհանուր կոնցեպտն ասել՝ պայմանավորվել ենք, որ հիմնադիրը պետք է փոխվի ու դառնա Երեւանի քաղաքապետարանը։ Ոնց կարվի դա եւ ինչ պրոցեդուրայով, այս պահին ես չեմ կարող ասել։ 90 տոկոսով այդպես է լինելու, բայց գուցեեւ այլ ընթացք ստանա»։ Այսինքն՝ դուք լինելու եք վարձու աշխատողների նմա՞ն։ «Ես չեմ կարող ասել՝ մենք կմնանք-կաշխատե՞նք, թե՞ ոչ։ Մեկ շաբաթվա մեջ մենք կկարողանանք մեկնաբանել»։



«Լոկատոր» ընկերությունում, որն արբանյակային վերահսկում, ավտոմատացված ծրագրային համակարգերի եւ սարքերի նախագծում եւ ներդրում, տեսախցիկների տեղադրում է իրականացնում, ասացին, որ խոսենք «Փարքինգ սիթի սերվիս»-ի հետ, քանի որ «երկուսն էլ նույն սեփականատերն ունեն»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ