Հանրապետական վեճեր Արմավիրում

Հանրապետական վեճեր Արմավիրում

Արմավիրի մարզի Արեւաշատ համայնքը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից մեկ պատ է առանձնացնում: Կարելի է ասել՝ Երեւանին կպած է: Բայց մինչեւ հիմա գյուղը մանկապարտեզ չունի, եւ բնակիչները երեխաներին տանում են հարեւան համայնքների մանկապարտեզներ: Գյուղապետ Սուսաննա Գեւորգյանը, որն Արեւաշատը կառավարում է 1993 թվականից, վստահեցնում է, որ անընդհատ պայքարել է մանկապարտեզ կառուցելու համար, բայց ի՞նչ անի, չի ստացվել: Նա մեզ պարզաբանեց, որ իրենից առաջ, 90-ականներին, Արեւաշատի գյուղխորհրդի նախագահ Աշոտ Վարդանյանը մանկապարտեզի վթարային շենքը քանդել է, բայց նոր շենք կառուցելու համար էլ գումար չի եղել: Իսկ գյուղխորհրդի նախագահն էլ չի ժխտում, որ քանդել է հին շենքը, բայց կարծում է, որ Սուսաննան է մեղավոր մանկապարտեզ չլինելու հարցում: «Մտել եմ մանկապարտեզ, տեսել եմ մանկապարտեզի պատը ճաքած, լույսը դրսից երեւում է, երեխաներն էլ քնած են: Հողով սարքած մանկապարտեզ էր, մառանի նման, վերեւն էլ՝ գերաններ: Բերեցինք մանկապարտեզը քանդեցինք, նոր նախագիծ ստեղծեցինք: Օդանավակայանի շինտրեստի պետի հետ պայմանագիրը կապեցի, 1 մլն. 200 հազար ռուբլի փոխանցեցի, ու սկսեցին մանկապարտեզ սարքել: Եկան, հիմքերն սկսեցին գցել, ակտիվ շինարարություն էր»: Բայց Աշոտ Վարդանյանը 93-ին նեղացել է համագյուղացիներից, որոնք հողաբաժանման ընթացքում շատ էին իր դեմ բողոքներ գրում, ու հրաժարական է տվել: Իսկ նոր գյուղապետին` Սուսաննային, զգուշացրել է, որ հետեւի մանկապարտեզի կառուցմանը, որի համար «ահագին գումար է փոխանցվել»: Բայց նա չհետեւել: Ասֆալտապատումն էլ է կիսատ մնացել, մյուս գործերն էլ: «Ամեն գործին պետք է հետեւել, որպեսզի ավարտին հասցվի, իսկ նա չհետեւեց»: Այսպես, Արեւաշատի նախկին եւ ներկա իշխանությունները մինչեւ հիմա վիճում են մանկապարտեզի շուրջ: Եվ Սուսաննա Գեւորգյանը, եւ Աշոտ Վարդանյանն իրենց կողմնակիցների բանակն ունեն գյուղում ու ՏԻՄ ընտրություններում 2 անգամ մրցակից են դարձել: Բայց անընդհատ հաղթել է Սուսաննան: Վարդանյանը պատմում է, որ այդ հաղթանակն այնքան էլ ազնիվ չի եղել: «2005 թվականին ժողովուրդը ոտքի կանգնեց եւ դիմեց իրեն, ասելով` գյուղը քանդվում է, արի տիրություն արա: Մի քանի պատգամավորներ խնդրեցին ինձ, որ ես իմ թեկնածությունը հանեմ, որովհետեւ ինքը փող ունի եւ պետք է գումար դներ նախագահական ընտրությունների համար, իսկ ես գումար չունեի: Ես էլ պատասխանեցի, որ ժողովուրդը պետք է որոշի, եթե կուզեն՝ կընտրեն, չէ` չէ, կամքն իրենցն է»:



Աշոտ Վարդանյանը դժգոհում է, որ Արեւաշատը 70 մլն. դրամ բյուջե ունի: Ի՞նչ է անում այդ գումարները, եթե գյուղը ցեխի մեջ կորած է, ասֆալտ չկա, ջրի խողովակները չեն նորոգվում, արոտավայրերը վաճառել է «Արաքս» թռչնաբուծարանին, գյուղացիներն իրենց անասունը վաճառել են: «Ես օժանդակ ձկնաբուծարան էի կառուցել, ո՞ւր է, չկա»,- ասում է Վարդանյանը: Նա Արեւաշատի ընդդիմությունն է: Նամակներ է գրում նախագահի վերահսկողական ծառայություն, ԶԼՄ-ներով է հանդես գալիս, հորդորում է, որ գյուղապետից պահանջեն հաշվետու լինել, թե ինչի վրա է ծախսել տարեկան բյուջեն: Ոչնչի չի հասնում ու կրկին ասում է. «Ես սա այսպես չեմ թողնելու»: Աշոտ Վարդանյանը նախկինում հանրապետական էր, իսկ Սուսաննա Գեւորգյանը՝ ՕԵԿ անդամ: Հետո Վարդանյանի եւ նրա 137 կուսակցական ընկերներին ջնջեցին կուսակցական ցուցակներից, Սուսաննա Գեւորգյանն էլ մտավ ՀՀԿ: «Էս նեղ մաջալին, ընտրությունից առաջ, հանրապետականներին հանել-գցել են ցուցակներից, բա ո՞նց կլինի»,- հարցրինք Վարդանյանին: «Ես նախագահին եմ գրել էս թեմայով, նոր եմ գրել՝ ծրարով, պետք է տանեմ-գցեմ: Մի հատ էլ վարչապետին եմ գրել, թող իմանան, թե Հանրապետականին ինչ վնաս են հասցնում»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ