Հասարակ ժողովուրդը, ճիշտ մտածողները Վահան Բադասյանի կողմից են

Հասարակ ժողովուրդը, ճիշտ մտածողները Վահան Բադասյանի կողմից են

Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատերազմի մասնակից Վահան Բադասյանը քննադատել է գեներալ Մանվելին՝ ասելով, որ թալան է կազմակերպել պատերազմի տարիներին, նրան մեղադրել պաշտպանության նախարարությանը բարձր գներով ցորեն վաճառելու, գեներալներին՝ Վահագնի թաղամասում եւ այլուր շքեղ առանձնատներ ու դղյակներ կառուցելու համար։ Ավելի վաղ «Հրապարակին» ասել էր. «Մոսին բանակի ուժերով Ստեփանակերտում տուն է սարքել, հետո այն վաճառել է բանակին 1 մլն. 280 հազար ԱՄՆ դոլարով, իսկ հետո էլ բանակն այդ տունը նվիրել է լեգենդար Մոսիին»։ Նա իր անունից եւ հրապարակավ բարձրաձայնել է այն ամենը, ինչի մասին խոսում էին բոլորը, խոսում էին, բայց թաքուն, պատերի տակ։ Նրա հայտարարություններով սկսեցին զբաղվել։



Նոյեմբերի 22-ին զինվորական քննչական վարչությունում Վահան Բադասյանին երկար հարցաքննել են՝ 5 ժամ, իրեն հայտնի տեղեկությունները նա ներկայացրել է իրավապահներին։ Նրան մեղադրել են իր բիզնես շահերն ունենալու մեջ, որ ինքն էլ է ցորեն վաճառում, հացի արտադրամաս ունի, դրա համար էլ մրցակցում է Մովսես Հակոբյանի հետ, ինչին նա պատասխանել է. «Բիզնե՞ս, այո, ունեմ, ցորենի արտեր, 350 հեկտարից ավելի վարձակալած հողեր՝ սահմանից 3-5 կմ հեռու, ունեմ հացի արտադրամաս, 2013 թվականից հետո բանակի մատակարարումներին չեմ մասնակցել, զզվել եմ՝ տեսնելով, թե ինչ կոռուպցիա է տիրում բանակում»։ Մենք լսեցինք Արցախի ազատամարտիկների կարծիքը, թե ինչպես են վերաբերվում Բադասյան-Մովսես Հակոբյան վեճին նրանք, ովքեր երկու կողմին էլ լավ են ճանաչում։



Ներսես Օհանջանյան, 2 շրջան պատգամավոր է եղել, Մարտակերտի շրջանի նախկին ղեկավար. «Վահանը ճիշտ է ասում։ Աչքներն էլ հանում է, որ ասում է։ Դրանց տեղն է։ Բայց այսօր ավելի կարեւոր հարցեր կան՝ այսօր 7 շրջան են ուզում տան, իսկ Ձեր ասածը ներքին խնդիրներ են։ Մենք հաճախ ծանրանում ենք ներքին խնդիրների վրա՝ 1000 դրամների, չգիտեմ ինչերի, ժողովուրդը հարգում է ռուսներին, ամբողջ կառույցները հարգում են ռուսներին, իսկ թշնամին իր սեւ գործն է անում»։



Վաչագան Զաքարյան, հաշմանդամ ազատամարտիկ, վաշտի նախկին հրամանատար. «Կարծում եմ՝ միայն բանակում չէ, ողջ պետականության մեջ գոյություն ունեցող կոռուպցիոն երեւույթները պետք է վերացվեն, առավել եւս՝ բանակում։ Որովհետեւ բանակն անմիջապես մեր անվտանգության երաշխավորն է եւ միակը՝ ես կասեի։ Վահանը շատ ճիշտ հարց է բարձրացրել, եւ դա ոչ թե իր անձնականի համար է, այլ բանակի եւ բանակաշինության համար է։ Ես կարծում եմ, իհարկե, երկու բեւեռ գոյություն ունի։ Իշխանության մոտ գտնվողները եւ լափամանից օգտվողները չեն պաշտպանում Վահան Բադասյանին, բայց հասարակ ժողովուրդը եւ ճիշտ մտածողները նրա կողմից են»։



Արթուր Խաչատրյան, հաշմանդամ ազատամարտիկ. «Ես գիտեմ, անձամբ ճանաչում եմ Վահան Բադասյանին։ Նա մաքուր մարդ է, ճիշտ պայքար է տանում։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա ճիշտ է եւ Մովսես Հակոբյանի կողմից կատարված չարաշահումների մասով, եւ գեներալ Մանվելի։ Ես տեղյակ եմ այդ մանրամասներն։ Մենք ենք ապրում սահմանամերձ գոտիներում, շրջաններում։ Ոչ մի իշխանավոր հարազատ սահմանամերձ գոտիներում չի ապրում։ Ես ավելի լուրջ առաջարկ ունեմ՝ ճիշտն ասած։ Նրանք, ովքեր կհայտարարեն, որ ազատագրված շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, թող ընտանիքներով տեղափոխվեն մեր տեղը։ Ու հետո ուզում են՝ Աղդամը տան, ուզում են՝ Ֆիզուլին տան, ուզում են՝ Ջեբրայիլը։ Թե չէ նրանք, տաքուկ աթոռների վրա նստած, հայտարարություններ են անում 7 շրջանների մասին, իսկ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդտեղ 7 շրջանի հարց չկա, այլ կա 12 շրջանի, այսինքն՝ ողջ Լեռնային Ղարաբաղի հարց։ Ես գիտեմ, որ Բադասյանը հողագործությամբ է զբաղվում։ Նա ժամանակին հաց է մատակարարել բանակին, բայց պայմանագրի լրանալուց շուտ հանձնել է ու մինչեւ լրանալը հրաժարվել է բանակին հաց մատակարարելուց։ Եթե այսօր մարդիկ արտագաղթում են Ղարաբաղից, հիմնական պատճառն այն է, որ վստահություն չկա, իշխանությունը ժողովրդի կողքին չէ, արտագաղթում են իշխանության վատ վերաբերմունքից։ Ասում եմ՝ Ղարաբաղ, իմացեք, որ Հայաստան եմ ասում»։



Մհեր Պետրոսյան, Հայաստանի եւ Ղարաբաղի «Մարտական խաչի» ասպետ. «Ես չգիտեմ՝ անձամբ գեներալներից ով ինչ է արել, որ ասեմ ու պնդեմ, բայց ընդհանուր կարծում եմ՝ Բադասյանի ասածների մեջ ճշտություն կա։ Ես ինքս էլ եմ դուրս եկել բանակից, աֆիցեր էի։ Հասարակ շարքային քաղաքացիներն ինչ-որ չափով հումորով են ընդունում այս ամենը եւ չեն էլ հավատում, որ Վահանի տված գործն արդյունք կտա»։



- Կարծում եք ձեւակա՞ն քննություն են անելու։



- Հա, ժողովուրդն այդ կարծիքի է։ Բայց ես՝ էդ որ կանչել են-քննել են, ուրիշ բանի հետ եմ կապում։ Ես դա կապում եմ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան կոնֆլիկտի հետ։ Սեյրան Օհանյանին խփելու համար կծիկի մի տեղից պետք է սկսեն։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ես ինքս երկու հատ «Մարտական խաչ» ստացած տղա եմ, ես չեմ վստահում այս իշխանություններին, դա լինի Հայաստանի, թե Ղարաբաղի։



- Շա՞տ են անարդար եղել Ձեր նկատմամբ։



- Ուրիշ բան չի էլ եղել, միայն դա է եղել՝ անարդարություն ու ստորություն։



- Ինչո՞ւ եք թողել բանակը։



- Շատ բան էի լսում-հասկանում, աֆիցեր էի, 2004 թվականին լուրջ առողջական խնդիրների առաջ կանգնեցի, երկու ամիս հոսպիտալ պառկեցի, հետո գնացի Երեւան՝ բուժվելու։ Կոնտուզիա ունեի։



- Նյարդերի պատճառո՞վ եք հեռացել, թե՞ առողջական այլ խնդիրների։



- Բոլոր առողջական խնդիրները նյարդերից են գալիս։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ