«Յանդեքսի» երևանյան քարտեզի, նավիգացիոն համակարգի և փոփոխվող սակագների մասին

«Յանդեքսի» երևանյան քարտեզի, նավիգացիոն համակարգի և փոփոխվող սակագների մասին

Հայաստանյան շուկա վերջերս մուտք գործած «Յանդեքս» ընկերությունը մշակել է Երևանի քարտեզն ամբողջությամբ՝ բոլոր փողոցներով, նրբանցքներով, շենքերով։ Քարտեզի օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքում աշխարհի ցանկացած կետից: Անհրաժեշտ է միայն բացել yandex.ru/maps հղումը և սեղմել էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա: Փողոցները, որոնց համար հասանելի են համայնապատկերները, քարտեզի վրա նշված են կապույտ գույնով: Համայանապատկերների նկարահանումներն իրականացրել է «Յանդեքս» տաքսին: 2016 թվականի հոկտեմբերին հատուկ ֆոտոսարքավորումներով հագեցած մեքենան շրջել է Երևանում, ինչպես նաև Էջմիածնում և Գառնիում՝ կատարելով բարձր որակի նկարահանումներ։



Այս ամենը երեկ լրագրողներին ներկայացրեց «Յանդեքսի» ներկայացուցիչ Տիգրան Խուդավերդյանը։ Ի դեպ, «Յանդեքսը» Հայաստանում ներկայացուցչություն դեռ չունի, բայց խոստանում են՝ առաջիկայում կունենա։



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք այս քարտեզն ունի՞ նաև նավիգացիոն գործառույթ։ Նշենք, որ Մոկսվայում, օրինակ, գրեթե ողջ քաղաքն օգտվում է «Յանդեքսի» ստեղծած նավիգացիոն համակարգից, քանզի այն շատ հարմարավետ է և ճշգրիտ նշում է ցանկացած հասցե և ուղղություն։ Վարորդներն այլևս չեն օգտագործում իրենց մեքենաների գործարանային նավիգիացիոն համակարգը, որքան էլ այն զարգացած և նոր լինի։ Նրանք պարզապես ներբեռնում են «Յանդեքսի» համապատասխան ծրագիրն իրենց սմարտֆոններում և ազատ երթևեկում Մոսկվայում՝ առանց մոլորվելու։ Պարզվեց՝ Երևանում ևս գործում է «Յանդեքսի» նավիգացիոն համակարգը՝ անկախ այս քարտեզից։ Պարզապես պետք է ներբեռնել։ Տիգրան Խուդավերդյանն ասաց, որ դրանից արդեն բազմաթիվ վարորդներ են օգտվում, իրենց մասնագետներն էլ փորձում են պարբերաբար կատարելագործել համակարգը՝ ադապտացնելով այն երևանյան խաչմերուկների, փողոցների, խցանումների, ճանապարհային նշանների առկա կամ փոփոխվող իրավիճակին։



Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք «Յանդեքսի» տաքսի ծառայությունների սակագինն ունի՞ ավելացման միտում՝ հիշեցնելով շատ դժգոհությունների մասին, որ մատչելիի հույսով հաճախ մարդիկ կանչում են «Յանդեքս», բայց վճարում են ավելի շատ, քան մյուս տաքսի ծառայությունների դեպքում է։



Խուդավերդյանն ասաց, որ այս պահին նվազագույն ուղեվարձը 200 դրամ է, իսկ ամեն 1 կմ-ի համար գանձվում է 100 դրամ։ Բայց, ահա, օրվա պիկ ժամերին, անձրևի, ձյան պայմաններում, երբ բարձրանում է տաքսիների պահանջարկը, «Յանդեքսը» ավտոմատ բարձրացնում է սակագինը։ Այս մոտեցումը նրանք բացատրում են տնտեսագիտության օրենքներով. պահանջարկին զուգահեռ՝ բարձրանում է նաև գինը։



Մենք նկատեցինք, որ, ամեն դեպքում, մարդիկ կարող են նույն այդ անձրևոտ օրերին այլ տաքսի ծառայությունից օգտվել և նույն ճանապարհն անցնել ավելի մատչելի գնով, քան էժանի համբավ ձեռք բերած «Յանդեքսից» օգտվելու դեպքում է հաճախ լինում։



Ընկերության ներկայացուցիչը չհերքեց սա, բայց փորձեց համոզել, որ իրենց առավելությունն այն է, որ օրվա ամենապիկ ժամին անգամ, եթե հաճախորդը համաձայն է թանկ սակագնին՝ հաստատելով այն ծրագրի միջոցով, իր հետևից անպայման մեքենա կգա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ