ՍԴ-ի տարօրինակ պատասխաններն ու անհասկանալի ծախսերը՝ «100 տոկոս մաշված» մեքենաների վրա

ՍԴ-ի տարօրինակ պատասխաններն ու անհասկանալի ծախսերը՝ «100 տոկոս մաշված» մեքենաների վրա

ՀՀ Սահմանադրական դատարանը վերջերս՝ նոյեմբերի կեսին, ընդհանուր հաշվով 545 հազար դրամի ավտոմեքենայի շարժիչի և այլ կոմպոնենտների յուղ է գնել։ Դրա մեջ մտնում է 100 լիտր մեքենայի շարժիչի յուղ` Multivis 10w40, 50 լիտր փոխանցման տուփի յուղ, և 7 հատ հիդրավլիկ յուղ։ Վերը նշված շարժիչի յուղն, իրականում, Morris Multivis է, սակայն մակնիշը չեն նշել, իսկ10w40 ինդեքսից ենթադրելի է, որ սինթետիկ յուղ է։ Գնումը կատարվել է «Եռյակ» ՍՊԸ-ից և մեկ անձից տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթի։ ՍԴ աշխատակազմից հետաքրքրվեցինք՝ քանի՞ մեքենայի համար են նախատեսված այս քանակությամբ յուղերը, քանի՞ մեքենա ունի ՍԴ աշխատակազմը, և ինչու՞ է գնումը կատարվել մեկ անձից։



ՍԴ աշխատակազմից մեր հարցմանը բավականին օպերատիվ կերպով պատասխանեցին, անգամ փորձել էին հնարավորինս մանրամասն տեղեկատվություն տրամադրել, բայց իրենց մոտ լավ էր ստացվել միայն օպերատիվ արձագանքը։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի անունուվ ուղարկած պատասխանում մի շարք հարցականներ առաջացնող տողեր կան։



Նախ նշել են, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հաշվեկշռում ունի 18 ծառայողական ավտոմեքենա, որոնցից շահագործման մեջ են գտնվում 14-ը։ Այդ տասնչորս մեքենաներից առաջինն Audi է։ Այն Q7 մոդելի բարձր դասի արտաճանապարհային մեքենա է, որը սպասարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Չորսը հարավկորեական Hyundai մակնիշի են։ Թեպետ մոդելը, ինչպես Audi-ի և մյուսների դեպքում, չեն նշել, բայց տեղյակ ենք, որ դրանք բյուջետային դասի Elantra-ներ են՝ նվազագույնը 2011 թվականի թողարկման։ Այդ չորս Hyundai Elantra-ներից մեկը սպասարկում է հենց Առուշան Հակոբյանին։ Մնացած տասը մեքենաներից վեցը հարավկորեական Kia մակնիշի են։ Սրանք էլ հիմնականում Cerato և Optima մոդելների Kia-ներ։ Optima-ն Գագիկ Հարությունյանի Audi Q7-ին ուղեկցող մեքենան է՝ առկայծող փարոսիկներով։ Կա նաև մեկ Chevrolet (եթե չենք սխալվում՝ ցածր դասի Aveo), մեկ Opel (մոդելն անհայտ է) և մեկ GAZ 31505-411 տեսակի մեքենա։ Այս վերջինն այդպես էլ չհասկացանք՝ ինչ մեքենա է, երևի պետք է գրեին GAZ 31-105, որը միջին դասի սեդան է, քանզի իրենց գրած ինդեքսով GAZ մակնիշի մեքենա գոյություն չունի։ Նշել են նաև չշահագործվող չորս մեքենաների անունները՝ GAZ 31 105-411 (ըստ էության՝ այն շահագործվողը ևս սրանից էր, պարզապես ինդեքսում մի թիվ սխալ էին գրել), GAZ 31-10, NIVA 21-214 և 1995 թ․ թողարկման Mercedes 140-32: Այստեղ էլ Mercedes-ի անվանումը պատշաճ կերպով չեն գրել, հավանաբար իրենց ունեցածը W140 թափքով Mercedes S 320 է։ Ինչևէ։



Նրանց ուղարկած պատասխանի ամենահստակ մասը, թերևս, սա է։ Հետո գալիս են հարցականներ առաջացնող պատասխանները։ Օրինակ՝ նշել են, որ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում գտնվող 18 մեքենաներից 11-ն ունեն ավելի քան 100 տոկոս մաշվածություն։ Ի՞նչ է նշանակում՝ ավելի քան 100 տոկոս մաշվածություն։



Տրամաբանորեն ենթադրելի է, որ այս մեքենաներն այն աստիճանի մաշված են, որ պիտանի չեն շահագործան կամ ենթակա չեն վերակագնման։ Եվ եթե 11 այդպիսի մեքենա ունեն, ապա ինչու՞ են գրել, որ այդ 18 մեքենաներից ընդամենը 4-ն են, որ չեն շահագործվում։ Իրենց այդ մի տողով հակասության մեջ են դնում վերևի տողը՝ «18 ծառայողական ավտոմեքենաներից շահագործման մեջ են գտնվում 14-ը»։



«100 տոկոս մաշվածություն», եթե որպես տերմին դիտարկենք, կարող է նաև մեկ այլ՝ ավելի «կառավարչական» իմաստ ունենալ, քանզի հնարավոր է՝ նկատի են ունեցել ծառայողական մեքենաների շահագործման ժամկետի այն նորմատիվները, որ սահմանում է կառավարությունը։ Ըստ այդմ՝ ընդունված ստանդարտ է, որ 5-7 կամ մինչև 8 տարվա շահագործումից հետո պետական մեքենաները պետք է փոխել։ Բայց նկատենք, որ ՍԴ-ի իրենց ներկայացրած ցանկի բոլոր մեքենաներն էլ համեմատաբար նոր մեքանաներ են, և հաստատ դարն ապրածն չեն, որ ունենան 100 տոկոս մաշվածություն, այդ թվում՝ ՍԴ նախագահի Audi-ն։ Մարդիկ այսօր 20-30 տարվա մեքենաներն են անխափան օգտագործում, ուր մնաց 5-10 տարվա մեքնաները չշահագործեն։



Ուստի առնվազն տարօրինակ է ՍԴ աշխատակազմի այս «մաթեմատիկական» հաշվարկը։ Բացի այդ, եթե ավելի քան 100 տոկոս մաշվածություն ունեն, ինչու՞ դրանք դուրս չեն գրում, օպտիմալացնում, որևէ կերպ ազատվում դրանցից։ Ի վերջո, այդ մաշված ու անպիտան մեքենաներն անգամ կանգած տեղը, երբ չեն շահագործվում, տեղով մեկ ծախս են՝ առնվազն դրանց համար տարեկան գույքահարկ են մուծում, ինչը քիչ գումար չէ։ Էլ չասենք, որ հնարավոր է՝ այդ անպիտան մեքենաների անունով բենզինի, յուղի գնման կամ տարատեսակ տեխսպասարկման ծախսեր դուրս գրել բյուջեից և այդ փողը, մեղմ ասած, գրպանել։



Եվ, վերջապես, քանի՞ մեքենանայի համար է նախատեսված այդ 100 և 50 լիտր լուղը։



ՍԴ-ից կրկին ոչ հստակ պատասխան են տվել․ «Նշված քանակի յուղերը նախատեսված են ՀՀ ՍԴ բոլոր ավտոմեքենաների համար՝ ըստ անհրաժեշտության»։ Բայց եթե այդ բոլոր մեքենաների մեծ մանս ունեն 100 տոկոս մաշվածություն, ստացվում է՝ ՍԴ-ն 545 հազար դրամի յուղ է գնել ավելի քան 100 տոկոս մաշված մեքենաների համա՞ր։



Մեկ անձից գնման մասով էլ էին հերթապահ ու ոչինչ չտվող մի պատասխան գրել՝ հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի ինչ-որ հոդվածի, բայց այդպես էլ չեն բացատրել, թե ինչու են այդպես վարվել։ 



Այս բոլոր հարցականները թերևս չառաջանային, եթե ՍԴ աշխատակազմից բարի լինեին ավելի խնամքով վերաբերվել իրենց աշխատանքին և նման անփույթ ու «գլխառադ» արած պատասխան չուղարկեին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ