Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ. Շարմազանով

Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ակնահյտ դժվարությամբ ու դժկամությամբ պատասխանեց Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մաիսն հարցերին։ Նա անընդհատ կրկնում էր, որ իրենք երկու տարի առաջ փետրվարի 12-ին գնահատական են տվել ոչ թե անձին, այլ երևույթին՝ նշելով, որ գուցե իր պատասխանները չբավարարեն մեզ, բայց ինքը այլ բան չի ցանկանում ավելացնել այս թեմայով։



«Մենք խոսել ենք երևույթների մասին, մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա էլ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։ Կգան ընտրություններ, կտեսնենք։ Մի՛ զարմացեք, գալիս է, չի գալիս»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե հանրությունը չի մոռացել, թե ինչեր ասաց երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին, ինչպիսի պիտակավորումներով բնորոշեց նրան, Շարմազանովը որոշեց հարցին հարցով պատասխանել․ «Էդ որ ասում եք՝ հանրությունը չի մոռացել, էդ որ եռյակ էր, քառյակ էր, նոր միացան՝ Էդմոնը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը, էդ որ ընդամնեը երկու-երեք ամիս առաջ Վանաձորում իրար ինչ ասես՝ ասում էին, բա էդ ինչի՞ մեկիդ մոտ հարց չառաջացավ, որ ասեիք՝ ոդ ո՞նց եղավ, որ դուք միացաք»։



Լրագրողները նորից պնդեցին իրենց հարցերը, Շարմազանովը նորից մնաց իր տեսակետին, որ իրենք խոսել են երևույթների, ոչ անձերի մասին։ Հարցին, թե Գագիկ Ծառուկյան երևույթն այսօր էլի քաղաքական չարի՞ք է, թե՞ ոչ, Շարմազանովն ասաց․ «Ես կասեի, որ նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի։ Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար»։



Լրագրողներից մեկի հարցին, թե մենք ուզում ենք հասկանալ՝ տեղի ունեցածից (Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից) երկու տարի հետո Գագիկ Ծառուկյանը «Դոդի Գագո՞» է, թե՞ ոչ, Շարմազանովն ասաց․ «Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ