Հովհաննես Գրիգորյան. Զուգահեռ Աշխարհ

Հովհաննես Գրիգորյան. Զուգահեռ Աշխարհ

(Կցտկտուր մտածումներ Ռուբեն Ֆիլյանի հետմահու գրքի առիթով)



Դեկտեմբերի 10-ին ծնվել է Ռուբեն Ֆիլյանը՝ հայ և առհասարակ գրականության մեջ իմ ամենասիրելի, ինձ համար ամենակարևոր հեղինակը: Մի արձակագիր առանց որի չեմ պատկերացնում իմ օրը, ժամանակը, իմ կյանքը: Նրա «Քո երկրի դեսպանը» գիրքը համանուն վեպը, ափաչափ պատումները, «Անծանոթ ինքնակենսագրություն» շարքը, փոխում են հայ արձակի «մասին» ձևավորված պատկերացումները և բացահայտում նոր հնարավորություններ, նոր ճանապարհներ: Երբ «Քո երկրի դեսպանը» գրքի առաջին և գրքի վերջին էջից հետո աշխարհն այլևս նույնը չէ և Դու նույնպես աշխարհի համար այլևս նույնը չես: Վստահաբար Ռուբեն Ֆիլյանի գրականության ժամանակը դեռ առջևում է, միշտ «իր ժամանակից» մեկ քայլ առաջ:



Ստորև ներկայացնում եմ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հոդվածը՝ մտածումները Ռուբեն Ֆիլյան՝ մարդու, գրողի շուրջ:



 



Խոսքը, իհարկե, տաղանդավոր մարդու խոսքը, զարմանալի հատկություն ունի՝ բավական է մեկ-երկու նախադասություն կարդաս նրա տեքստից, լինի դա վեպ, կամ մի փոքրիկ էսքիզ՝ լինի դա բնության պատկեր կամ բոլորովին մեկ այլ կերպար, հեղինակից շատ տարբեր, նկարագրություն, որպեսզի հիշողությանդ ինչ-որ ծալքում լուսանկարչական ճշգրտությամբ վերարտադրվի այդ տեքստի հեղինակը՝ ամենաբնորոշ, յուրահատուկ կեցվածքով… Եվ ընդհանրապես, չափազանց տխուր զբաղմունք է մտածելը, գրելը որևէ վաղամեռիկ հեղինակի մասին, թեկուզև առաջին տպավորությամբ առիթը ուրախալի է՝ լույս է տեսել նրա գիրքը… հետմահու իհարկե: Լույս է տեսել ոչ այսօր, ոչ երեկ… երկու տարի առաջ: Իսկ ուրախալի է առաջին տպավորությամբ, որովհետև հետո անմիջապես հաջորդում է տխուր տպավորությունն այն մտքի, թե ինչու հեղինակն իր գիրքը չկարողացավ տեսնել իր կենդանության օրոք: Իսկ հետո ավելի ես տխրում, որովհետև երբ թերթում ես նրա գիրքը, կարդում ես առաջին իսկ մեկ-երկու նախադասությունը՝ անմիջապես աչքերիդ առաջ է հայտնվում Ռուբեն Ֆիլյանն իր ծուռ, կոտրված ժպիտով ու հարցական նայում է աչքերիդ, և ձեր համր, հոգեմաշ ՙզրույցը՚ տևում է ժամեր: Նա ոչինչ չունի քեզ հարցնելու և դու չունես պատասխան: Եվ նա գիտի ամեն ինչ և դու գիտես…
Ահա այս «ամեն ինչ իմանալն» ինձ անընդհատ խանգարում էր գրել այդ գրքի մասին, «ամեն ինչ իմանալն ու ոչ մի բան անել չկարողանալն» անընդհատ ստիպում էր ինձ գրիչը դնել մի կողմ և երկար լռել: Ոչ միայն այս գրքի մասին…



Այո, դժվարությունն այս պարագայում երկակի էր, նախ՝ որովհետև այդ վաղամեռիկ գրողը, ոչ թե որևէ հեղինակ էր, այլ շատ մտերիմ ու հարազատ անձնավորություն և նրա կորուստը ինձ համար ոչ միայն տաղանդավոր գրողի կորուստ էր, այլ, միգուցե, նախևառաջ՝ մտերիմի, հարազատի… Եվ հետո գրելն հիմա դժվար է ընդհանրապես և պատճառը միայն՝ «Երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են» հանրահայտ ճշմարտությունը չէ, այլ որ մուսաներից առաջ լռել են գրական ամսագրերն ու թերթերը, և ամենակարևորը՝ տպարաններն են լռել… Եվ ահա հաղթահարելով բազում տեխնիկական ու այլ կարգի դժվարություններ Ռուբենի ծնողները իրենց ծախսով լույս աշխարհ հանեցին, իրականացրեցին իրենց որդու վերջին երազանքը…



Իսկ գիրքը չափազանց նման է իր հեղինակին՝ պարադոքսներով ու հումորով լեցուն, հարուստ կտրուկ ու անսպասելի շրջադարձումներով, շաղախված զուտ ֆիլյանական կենսասիրությամբ, ծիծաղկոտ, թախծոտ և… անսպասելի ընդհատվող, ինչպես հենց իր կյանքը եղավ: Սակայն ամենաբնորոշը, առաջին տպավորությունը, որ գնահատական է դառնում, ինչ խոսք, ինքնատիպությունն է. նրա ձեռագիրը, պատումն առաջ տանելու, միտք ու պատկեր կառուցելու հնարքներն այնքան տարբեր են քո տեսածից ու իմացածից, որ ոչ մի կերպ չես կարողանում վերապատմել թեկուզ հենց նոր կարդացածդ փոքրիկ պատմվածքն ու անգամ երկու-երեք տողանոց մանրապատումը՝ պիտի կրկնես նույնությամբ, բաց չթողնելով ոչ մի բառ ու չխառնելով ոչ միայն նախադասությունների հերթականությունը, այլև կետադրությունը, այլապես անսպասելիորեն կխամրեն պատմվածքի կենդանի գույները ու կկորչի հմայքը և ապրող, շարժվող մարմնի փոխարեն, կստանաս գիպսե անշունչ արձան…



Հենց միայն նրա մեծ ու փոքր ստեղծագործությունների վերնագրերն անգամ վկայում են, թե մոլեգնության հասնող ինչ ցանկությամբ էր համակված Ռուբենը՝ շեղվելու տրորված ուղիներից, մերժելու՝ ոչ միայն հինը, այլ հնամաշը, հրաժարվելու ծեծվածից, տրաֆարետից… Ահա դրանցից մի քանիսը, որոնք ընտրել եմ առանց շատ որոնելու. «Հեքիաթ տարիքային առանձնահատկությունների մասին», «Հեքիաթ Լոպե դե Վեգայի 16-րդ սիմֆոնիայի մասին», «Հեքիաթ փուչ ընկույզների մասին»… և այսպես կարելի է շարունակել, ըստ էության թվարկելով նրա բոլոր գործերը ներառյալ նաև մի պատմվածք, որն ընդհանրապես վերնագիր չուներ: Ճիշտն ասած հայտնի բան է, պոեզիայում շատ կարելի է հանդիպել անվերանգիր բանաստեղծությունների, բայց չգիտեմ, գուցե միամիտ բան եմ ասում, անվերանգիր պատմվածքներ ինչ-որ չեմ հիշում… Ընդհանրապես «մոլեգին» բառը պատահական չօգտագործեցի, և իրոք, նա այդպիսինն էր ոչ միայն գրականության մեջ՝ եթե ինչ-որ բան սիրում էր, ապա՝ մոլեգնորեն, ատում էր՝ դարձյալ մոլեգնորեն, թե ինչպիսինն էր նրա սովորական օրը, չեմ կարող հիշել, համոզված եմ, որ նա այդպիսի օրեր չուներ, ամբողջ էությամբ ընդդիմանում էր սովորական օրվա սովորական ռիթմին և գրեթե միշտ կարողանում էր գտնել միապաղաղ առօրյայից խուսափելու ինչ-որ մի հնար, կարողանում էր աշնանային գորշ ու թաց, անձրևոտ, անհեռանկար օրվան ինչ-որ տոնական երանգ հաղորդել: Ձանձրույթի, միօրինակության դեմ պայքարելու հազարավոր ձև ու միջոց էր հորինել, անընդհատ եռուզեռի մեջ, անվերջ շարժման մեջ էր ու ամենակարևորը՝ չէր սիրում քնել, ու ընդհանրապես քնո՞ւմ էր, որ… Ամեն դեպքում գիշեր, թե ցերեկ վառ էր նրա փոքրիկ սենյակի լույսը, դուռն անընդհատ շարժման մեջ, իսկ ներսում, օրվա բոլոր ժամերին՝ հյուրեր, ծուխ, սուրճ, երաժշտություն և խոսք-զրույց, վեճեր, աշխույժ ու թեժ վեճեր ամեն ինչի մասին, անշուշտ նախևառաջ արվեստի և գրականության… Եվ այդ ամենի կենտրոնում, անշուշտ տանտերն էր՝ պարադոքսալ, համարձակ, խենթուխելառության աստիճանի տարօրինակ, բայց միշտ հետաքրքիր, միշտ հումորախառն մտքերով ու կարծիքներով… Նույնն էր նաև կյանքում՝ միշտ կգտներ հենց այն զբաղմունքը, որն արգելվածների մեջ ամենաարգելվածն էր արգելքներով լեցուն այն օրերին՝ մեկ կտարվեր կարատեով, մեկ՝ ոտից գլուխ կխրվեր բուդդիզմի և յոգայի խորհրդավոր շերտերի մեջ, մեկ՝ նորից կվերադառնար Աստվածաշնչին…



Նույնն էր նաև գրելիս՝ ընտրում էր թեմաներ, որոնք ցանկացած ՙլուրջ՚ արձակագիր պարզապես մի կողմ կնետեր, որպես բացարձակապես անհեռանկար: Օրինակ ի՞նչ է հնարավոր գրել մի մարդու մասին, որը օրը ցերեկով շուկայում… փուչ ընկույզներ է վաճառում: Դեռ ավելին, բոլորին նախապես զգուշացրել է, որ իր վաճառած ընկույզները բոլորն անխտիր փուչ են: Մեկ ուրիշի գրչի տակ վերոհիշյալ ընկույզավաճառը մեկ-երկու նախադասություն հետո դուրս կշպրտվեր շուկայից հաճախորդների թուք ու նախատինքի և կամ լավագույն դեպքում ծաղրուծանակի ուղեկցությամբ: Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ նա կամովին պիտի հեռանար, մի քանի ժամ ապարդյուն հաճախորդ սպասելուց հետո: Մինչդեռ Ռուբեն Ֆիլյանի պատմվածքում փուչ ընկույզների վաճառքը սրընթաց վերելք է ապրում և այս չափազանց անպտուղ ու անհեթեթ թվացող թեման քիչ-քիչ երանգավորում է փիլիսոփայական ենթատեքստերով և ի վերջո դառնում բավականին գունագեղ մետաֆոր՝ բնորոշելով արվեստի էությունն ընդհանրապես…



Գրեթե համանման է իրադրությունը «Լոպե դե Վեգայի…» պարագայում: Աշնան կեսին ծաղկած ծառը կարող էր փոքր ինչ զարդարել մի ոչ այնքան հաջող բանաստեղծության ավարտը: Ռուբեն Ֆիլյանի պատմվածքում այդ պատկերը աշխատում է կարելի է ասել մի անհնարին ծանրաբեռնվածությամբ. մի շեշտով, թերևս ամենակարևոր, որ այն մեր հեղինակին անվերջ մտահոգող՝ արվեստագետի ով և ինչպիսին լինելու թե հարցի, թե պատասխանի որոմնումն է, մեկ այլ՝ կերպարներ երևակելու հնարամիտ գյուտ, մեկ ուրիշ՝ պարզապես հումոր է և կամ պարադոքսների շարանի հերթական օղակ, որոնց հետ «խաղալու» մեծ հակում ուներ Ռուբենը… և այլն: Արդյունքում ստացվել է մի շատ տպավորիչ պատմվածք, որն իմ կարծիքով, ամենաբնորոշներից է Ռ. Ֆիլյանի այս գրքի մեջ և որը երևի թե ամենաշատն է վկայում, թե ինչ լայն հնարավորություններով էր օժտված ընդլայնելու արձակի մասին մեր պատկերացումները: Եվ իրոք, ես այժմ էլ դժվարանում եմ, մի որևէ ժանրի մեջ ՙպարփակել՚ նրա մեծ ու փոքր գործերը, և մի դեպքում պատմվածք եմ կոչում դրանց, մեկ այլ՝ մանրապատում, ապա ինքս էլ հասկանում եմ, որ այդ տերմինները խիստ պայմանական են մեր դեպքում: Դասական առումով դրանք ոչ սյուժե ունեն, ոչ ֆաբուլա, ոչ էլ պատմությունը զարգացնելու հետևողական ծրագիր և ոչ էլ նույնիսկ թեմա… Ահա թե ինչու անհնարին է վերապատմել հենց նոր կարդացածդ պատմվածքը, անհնարին է ասել, թե ինչի մասին են դրանք: Արձագանքելով այս փաստը, թե փաստերը ներքուստ հասկանում եմ, որ խոսքիս մեջ անսպասելի ոչինչ չկա, Ռուբեն Ֆիլյանն, այստեղ ևս անդավաճան է իր նկարագրին, գիտակցաբար, կամովին ինքն իրեն դրել է չափազանց դժվար կացության մեջ՝ հետևողականորեն հրաժարվել է պատմվածք, վեպ, վիպակ ՙսարքելու՚ անհրաժեշտ «գործիքներից»… Այդ հրաժարումն, անշուշտ, խիստ ինքնանպատակ կլիներ, եթե չլիներ վերջնական արդյունքը՝ այն մեծ որևէ բանի հետ անշփոթելի հաճույքը, որը ստանում ես, առնչվելով իսկական գրական ստեղծագործության հետ…



Ահա և հերթը հասավ խոսելու գիրքը բացող «Քո երկրի դեսպանը» վեպի մասին: Տաղանդավոր մարդու խոսքը ունի մեկ այլ կարևոր հատկանիշ, բացի իր հեղինակին ճշգրտությամբ վերարտադրելուց, այն նույնքան ճշգրտությամբ և հարազատությամբ կենդանացնում է այն ժամանակն ու մթնոլորտը, որի ծնունդն է եղել հենց ինքը, և սա է հետաքրքիրը, հեղինակն իր առջև ամենևին էլ խնդիր չի դնում, ինչպես հենց այս վեպի պարագայում նույնությամբ, անմիջականորեն, ռեալիստորեն անդրադառնալ ու պատկերել իր ժամանակն ու շրջապատը: Ես երախտապարտ եմ Ռուբեն Ֆիլյանին, որ նորից ու նորից կարդալով նրա գիրքը և հատկապես ՙՔո երկրի դեսպանը՚ վեպը, նորից ու նորից հաղորդվեցի ինձ ու կարծում եմ շատերին սիրելի ու թանկ մի ժամանակի՝ խոսքը 60-ական թվականների մասին է, խրուշչովյան առաջին դեմոկրատիայի մասին, որի բարերար հյութերով սնված ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծնունդ առան գրողների, արվեստագետների մի քանի սերունդ, այդ թվում՝ Ռուբեն Ֆիլյանի սերունդը: Հեռու հեռվից ես այդ տարիները տեսնում եմ լույսով ու ջերմությամբ ողողված, և այդ տարիների վերհուշն այսօր էլ դեռ տաքացնում է հոգիս և ապրելու, գրելու հույս տալիս ներկա ցուրտ առավոտների, խավար գիշերների հերթափոխի մեջ…



Վերջին տարիներին հատկապես վերակառաուցում կոչված միջոցի սկզբերին, երբ ռուս գրականությունը ջրի երես հանեց փակի տակ կալանված բազում հետաքրքիր և ոչ այնքան հետաքրքիր ստեղծագործությունները, ոմանք սկսեցին դառնորեն խայթել հայ գրողներին՝ արգելված ստեղծագործությունների պակասը համարելով մեծ թերություն… Այս կարծիքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը բազմաթիվ առումներով: Բազում էջեր լրացնելու կարիք կզգացվեր, եթե միայն թվարկելու լինենք այս կամ այն պատճառով արգելված արժեքավոր ստեղծագործությունների ցանկը, ասեմ միայն, որ «Նորք» հանդեսը իր գլխավոր խնդիրներից մեկը համարելով այդօրինակ գործերը հայ ընթերցողներին ներկայացնելու ծրագիրը դժվարանում է այդ աշխատանքի վերջը տեսնել առաջիկա տասը տարիների ավարտին, սա նույնիսկ այն դեպքում, եթե մեր միակ գրական-գեղարվեստական հանդեսը տպագրվելու նորմալ պայմաններ ունենա, ինչի մասին ավաղ առայժմ կարող ենք խոսել ըղձական եղանակով: Սակայն սա գործի նյութա-տեխնիկակն կողմն է, որը դժվարությամբ սակայն ի վերջո կարելի է հաղթահարել: Հիմնականում ոչ թե դժվարությունը այլ դժբախտությունը այն է, որ ստանլինյան զտումներից հետո խիստ աղքատիկացված, պարզունակացված, միատարր, գորշ զանգվածի վերածված գրական հասարակությունը սառնությամբ ու թշնամանքով է վերաբերվում մտածողության նորացման ու թարմացման ցանկացած փորձի, չի կարողանում հանդուրժել վառ, տաղանդավոր անհատականությունների գոյությունը… Մեր գրական մթնոլորտը չուներ և հիմա էլ չունի այն տոնական գունագեղ երանգավորումը, որը յուրահատուկ է արվեստի ու գրականության ցանկացած օջախի: Հիշում եմ մեր բյուրոկրատա-չինովնիկական, սառնաշունչ-քաղքենիական, այսպես կոչված գրական շրջանակներում, ինչ զարմանահրաշ, գրեթե այլմոլորակայինի տպավորություն թողեց Վիլյամ Սարոյանը՝ արվեստագետի իսկական, տաղանդավոր գրողի իր ազատ-անկաշկանդ պահվածքով, հմայքով ինչպես ընդգծվեց մեր փողկապավոր գրող-քննադատների չափած-ձեւված միատարր զանգվածի ֆոնին: Մերձարևադարձային գունագեղ թիթեռի նման անսպասելիորեն հայտնվեց մեր ցամաք ու ցուրտ քարուքռաների մեջ, թափահարեց թևերն ու հեռացավ: Տպավորությունը նույնն էր, երբ 60-ականանների ժողովրդավարական շարժումներով ոգևորված, եվրոպական մայրաքաղաքները լքելով, հայրենիք վերադարձավ Կոստան Զարյանը՝ վիթխարահասակ շրջում էր մեր արևավառ մայրաքաղաքում, գրեթե մի գլուխ բարձր մեր շենքերից… Ու եթե ես իմ աչքով տեսած չլինեի, զգացած չլինեի իմ հոգով ու սրտով, ապա դժվար թե հավատայի, թե ինչքան բան կարող է փոխել, ավելի ճիշտ ինչպես կարող է ամեն ինչ փոխել ընդամենը մի մարդ՝ Սերգեյ Փարաջանովը: Եկավ և հաջորդ օրվանից գորշ օրերը նվազեցին, արևոտ օրերը երկարեցին ու ձգվեցին մինչև անսահմանություն և ինձ համար, համոզված եմ շատերի համար Երևանը դարձավ աշխարհի կենտրոններից մեկը, գուցե ամենակենտրոնը… Մարդկանց և նույնիսկ ամենաանհուսալիներին վերափոխելու մոգությամբ է օժտված նաև Լևոն Ներսիսյանը՝ կտեսնես նրան և արդեն հոգու տոն է, խոսքի հրավառություն, իսկական արվեստին առնչվելու իսկական հրաշք… Այո բացի հեռու-հետավոր երկրներից եկածներից, մեր կողքին էլ կային մեր հողի ծնունդ սքանչելի արվեստագետներ, տաղանդավոր գրողներ, նկարիչներ, երաժիշտներ… ավաղ Գուլիվերի պես կաշկանդված մեր «արվեստասեր ու գրասեր» հասարակության երբեմն աներևույթ, երբեմն սարդոստային պես բարակ թվացող, բայց զորեղ ու դաժան կապանքներով… Եվ ինչն է զարմանալի դրանց ուժն ու դաժանությունը հատկապես պարզորոշ զգացվեցին 60-ականնին, երբ ժողովուրդը երկար տասնամյակներից հետո առաջին անգամ փորձ արեց այդ կապանքներից ազատվելու: 60-ական թվականները… Բազմամյա արգելքի տակից դուրս էին գալիս մեր երկու մեծ կալանավորները՝ հիշողությունն ու մտածողությունը: Չեմ սիրում պաթետիկ դարձվածքներ, բայց հնարավոր չէ խուսափել այս մեկից. մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն ապրելու դարեդար ձգվող փուլերից խրուշչովյան դեմոկրատիայի պարգևը երևի թե ամենալիարժեք էր նախորդներից՝ զարթոնքով, վերելքով և նմանօրինակ խանդավառ բառերով ձևակերպվող երևույթների բացահայտ առկայությամբ… Այս ամենի բարերար հետևանքը, առաջին կարևոր հետևանքը՝ համազգային մտածողության, հետևաբար, ազգային, ստեղծագործական մտածողության զարթոնքն էր, որն իր կենդանացած արմատներով ձգվում էր միանալու դարերի խորքում խճճված իր «պորտալարին»… 60-ական թվականներին… անսպասելիորեն գեղեցկացած Երևանի փողոցները լցվել էին չգիտես թե որտեղից միանգամից հայտնված սիրունատես, ճաշակավոր հագնված աղջիկներով ու կանանցով և ինչն էր ամենազարմանալին՝ բոլոր տղամարդիկ մաքուր սափրված էին ու ժպտադեմ… Առաջին սրճարանների և առաջին տրոլեյբուսների ժամանակներն էին… առաջին ցույցերի և առաջին միտինգների… Հասարակությունը և հատկապես պաշտոնյաններն ու ավագները շշկլված ու մոլորված էին ազատությունների տեղատարափից և կեղեքվում էին երկվության մեջ, մի կողմից կարծես թե ուրախ էին ստալինյան զսպաշապիկներից ազատվելու համար, մյուս կողմից շարունակում էին միլիցիայի ձեռքով հալածել այգիներում համբուրվող սիրահար զույգերին… Հնարավո՞ր է մոտենալ իր համաժողովրդականությամբ թերևս միայն Վարդանանց պատերազմին զիջող այն անողոք պայքարը, որը մղվում էր… նեղ շալվար հագած տղաների և մազերը կարճ կտրած, մինչև գետին հասնող փեշերը կարճացրած աղջիկների դեմ: ժողովրդի այդ ՙթնամիներին՚ որսում էին փողոցներում, դատափետում մամուլում (հատկապես ակտիվ էր ՙՈզնի՚ երգիծահանդեսը) հեռացնում կոմերիտմիության շարքերից… Մի ձեռքով ազատություն էին տալիս անցյալի նորարարներին, անարդար էին համար տարիներ շարունակ նրանց փականքի տակ պահելը, մյուս ձեռքով արգելում էին երիտասարդ, նորարար նկարիչների ցուցահանդեսները… Մի կողմից կար ՙԳարուն՚ ամսագիրը, որն իր էջերը տրամադրում էր թարմ ու նորովի մտածող ստեղծագործողներին, մյուս կողմից՝ պաշտոնական մամուլը («Ոզնին» դարձյալ առաջինների շարքում) խաչակրաց արշավանք էր սկսել նրանց դեմ՝ գաղափարախոսական անեծքն ու հահոյանքը իրար խառնած… Բայց հաղթահարելով «պարտիայի կոչով գյուղ գնացող ինժեներ բալայի» հմայքի բարիկադները, փողոցներում, պատուհան պատուհանի ետևից նվաճելով առաջընթաց էր ապրում ազնավուրյան խռպոտ ողբը՝ «Մեռնում է մաման…» և ծնողասեր հայ ժողովուրդը, պիտի ասել, որ սրտի մոտ և չափազանց լրջորեն ընդունեց իր սփյուռքահայ զավակի այս կսկածի ՙտեղեկատվությունը՚ և ասում են Շառլ Ազնավուրի փարիզյան բնակարանը հեղեղված էր Հայաստանից ստացված ցավակցական հեռագրերով… Համայնական դաշտերում արդեն թևածում էին Բիթլների քառակիթառ «յե-յե» -ները, որոնց աշխույժ ռիթմի շնորհիվ սաստիկ արագացան խոտհունձի տեմպերը…



60-ական թվականներն էին… Արևելյան ծորուն, մուղամախառն նաղլերի շարբաթի մեջ քաղցր խեղդվող մեր հոգիները փրկելու հերոսական ճիգեր էին անում Անտոնիոնիի, Ֆելինիի, Բերգմանի ֆիլմերը… Ազգովի ինքնամաքրվելու հրաշալի ժամանակներ էին և ես անչափ շնորհակալ եմ Ռուբեն Ֆիլյանին, որ այս գրքի շնորհիվ մտապատկերիս մեջ նորից վերակենդանացան լույսով ու ջերմությամբ լցված այն օրերը, երբ բոլորս նման էինք լեթարգիական ծանր քնից նոր արթնացողների և փորձում էինք հիշել, թե ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք գալիս, և ո՞ւր ենք գնում… Ի դեպ Ռուբենի ՙՔո երկրի դեսպանը՚ հենց այդ հիշողության արթնացման, կենդանացնող արմատների ընձյուղավորման գեղարվեստական պատումն է՝ հումորով, բանաստեղծական անխառն զգացմունքայնությամբ… Այս վեպը գրվել է ուրիշ ժամանակներում, իսկ հրապարակվեց մի այնպիսի ժամանակ, որի մասին երազում էր Ռուբեն Ֆիլյանը՝ իսկական անկախության ժամանակ: Ճիշտ է՝ հիմա չկան այն օրերի լույսն ու ջերմությունը, սակայն այս գիրքն ու նրա հեղինակը անվերջ համոզում են մեզ, որ այն ինչ մի անգամ արթնացել է մեր հոգու մեջ, այլևս չի թողնի մեզ խարխափելու զարհուրելի խավարի մեջ անգամ, չի թողնի մեռնելու սառցե մագիլների մեջ սառնամանիքի…



«Հայաստանի Հանրապետություն» թերթ, 1994թիվ, հունիսի 23



Պատրաստեց՝ Արամ Պաչյանը