Եկել է ամենաբարդ՝ դաշինք կազմելու պահը

Եկել է ամենաբարդ՝ դաշինք կազմելու պահը

Այսօր՝ հունվարի 9-ին, «Համախմբում» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է բանակցող խումբ ստեղծել։ Խմբում ընդգրկվել են կուսակցության վարչության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Անդրանիկ Թևանյանը։ Բանակցող խումբը պետք է ակտիվ խորհրդակցություններ անցկացնի քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ:



Hraparak.am-ը հետաքրքրվեց Ստեփան Մարգարյանից՝ ինչու՞ որոշեցին հենց հիմա այդ բանակցող խումբը ստեղծել, արդյոք մինչև հիմա բանակցող խումբ չկա՞ր կուսակցությունում։



«Չէ, մինչև հիմա մենք անում էինք քաղաքական կոնսուլտացիաներ, և տարբեր ուժերի հետ տարբեր մարդիկ հանդիպում-խոսում էին, դա մեզ համար մարդկանց տեսակետները որոշելու ժամանակաշրջան էր։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական ուժեր կային, միավորումներ և այլն։ Հիմա, քանի որ եկել է հստակ դաշինք կազմելու ժամանակը, բնականաբար արդեն կոնկրետ սա վերածվում է բանակցությունների փուլի։ Մենք փորձում էինք հստակեցնել տեսակետները և հնարավոր դաշինքի դեպքում քաղաքական հենքը պատրաստել»,-ասաց Մարգարյանը՝ նշելով, որ կոնսուլտացիաների փուլն անցել են ու արդեն հասել են բանակցությունների փուլին։



Իսկ կա՞ն այդ ուժերը հստակեցված, թե ում հետ պետք է բանակցեք։



Մարգարյանն ասաց, որ այս պահին վերջնական հստակեցված չէ, դրա համար ինքը առայժմ որևէ անուն չեն հրապարակում, որովհետև կոռեկտ չի համարում նախընտրական շրջանում անուն տալ։ Բայց վստահեցրեց, որ խոսքը մեկից ավելի ուժերի մասին է, և հույս հայտնեց, որ շուտով այդ անունները կհստակեցնեն և կհրապարակեն։



-Իսկ ինչի՞ շուրջ պետք է բանակցեք, դաշինքի ի՞նչ ձևաչափ եք պատկերացնում և ի՞նչ առանցքային հարցեր կան ձեզ համար, որոնց շուրջ պետք է գաք համաձայնության։



-Ամբողջ քաղաքական կոնսուլտացիաները հենց դրա շուրջ էին՝ հստակեցնել սկզբունքային հարցերը և տեսնել քաղաքական հենքը։



-Որո՞նք էին այդ սկզբունքային հարցերը։



-Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք վերջնական հստակեցնելուց հետո, քանի որ կան դեռևս ճշտելու հարցեր։ Բայց շատ ժամանակ չի մնացել, շուտով մենք կհրապարակենք այն փաստաթուղթը, ինչի շուրջ մենք տեսնում ենք համագործակցությունը։



-«Համախմբան» համար դժվարություն կա՞ դաշինք կազմելու հետ կապված, քանզի շատ ուժեր արդեն կողմնորոշվեցին, դաշինք կազմեցին, իսկ «Համախմբումը» դեռևս անորոշ վիճակում է։



-Դաշինք կազմելը, բնականաբար, շատ բարդ բան է։ Հայաստանի պատմության ընթացքում էլ մենք տեսել ենք դա, գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, անշուշտ, և դա հեշտ բան չի, որովհետև մարդկանց պատկերացումները տարբեր են։ Բայց քաղաքական ուժերի առաքելությունը և իրենց ուժը այս իրավիճակում հենց դրա մեջ է, որ կարողանան տարաձայնությունները մի կողմ դնել և միասնական գործել։



-Այդ հարցում միտում նկատու՞մ եք այդ ուժերի կողմից, որոնց հետ կոնսուլտացիաներ էիք վարում։



-Այո։



-Այդ ուժերն այս պահին դաշտում ակտիվ խաղացող, հայտնի ուժերի՞ց են։



-Ես չեմ ուզում որևէ բան ասել, վերջնական կլինի, նոր կասենք։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ