Ովքե՞ր են բանկերի հարուստ ավանդատուները

Ովքե՞ր են բանկերի հարուստ ավանդատուները

Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրության համաձայն աղքատ է յուրաքանչյուր 3-րդ եւ գործազուրկ յուրաքանչյուր 5-ից 6-րդ քաղաքացին, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 188 հազար դրամ է, եւ որի շեմը չի հաղթահարում աշխատողների առնվազն 85%-ը, դժվար թե խոսք լինի բնակչության բանկային ավանդների աճի մասին: Բայց արի ու տես, որ մեր երկրում դա հնարավոր է: ՀՀ բանկային համակարգում ավանդատուների ներդրած գումարներն այս տարեվերջին հատեցին 2,4 տրիլիոն դրամի սահմանը` 1 տարվա ընթացքում արձանագրելով ավանդների ավելի քան 462 մլրդ․ դրամի աճ:



Ընդ որում` աճել են ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ հաճախորդների ցպահանջ եւ ժամկետային բոլոր ավանդները` արտահայտված թե՛ դրամով, թե՛ արտարժույթով: Դեկտեմբերի վերջին միայն բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 1 տրլն․ 156 մլրդ․ դրամ, ինչը 2015թ. տարեվերջի ցուցանիշը գերազանցում է շուրջ 150 մլրդ․ դրամով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ բանկային ավանդների շուրջ 50%-ը կազմող բնակչության խնայողությունները նախորդ տարի աճել են եւս 15%-ով, ինչն ուղղակի ապշեցուցիչ է աղքատության, գործազրկության, աշխատավարձերի անփոփոխ ցուցանիշների, մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ նվազման եւ արտագաղթի աճի համապատկերում: Մասնավորապես, նախորդ տարի արձանագրվել է արտաքին միգրացիայի վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգով մուտք եղած դրամական փոխանցումների վերջին 10 տարվա ամենացածր ցուցանիշը: 



Այսինքն՝ մի կողմից հանրապետությունում բնակչության թիվը տարեցտարի նվազում է (վերջին 3 տարում հանրապետությունից արտագաղթել է եւս 130 հազար քաղաքացի), մյուս կողմից` այդ նույն ժամանակահատվածում բնակչությունից ներգրավված ավանդներն աճում են գրեթե կիսով չափ, ավելի կոնկրետ` 46%-ով: Համաձայն ԱՎԾ տվյալների` 2013թ. տարեվերջին բնակչությունից ներգրավված ավանդները կազմել են ընդամենը 790,2 մլրդ․ դրամ: Թվում է` այս ամենից պետք է միայն ուրախանալ, քանզի ավանդների աճը, առաջին հայացքից, միայն մի բանի մասին կարող է վկայել. դա այն է, որ մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն իրականում այնքան էլ անհուսալի չէ, որքան կարծում ենք: Ավելին՝ տպավորություն է, որ վիճակը, ի հեճուկս «նվնվացողների» եւ «գորշ մթնոլորտ ստեղծողների», գնալով լավանում է, այլապես որտեղի՞ց բնակչության ձեռքին այդքան խնայողություններ: Իրականում, այո, բնակչության ձեռքին կան շոշափելի խնայողություններ:



Այլ խնդիր է, թե կոնկրետ քանի տոկոսի ձեռքում են կենտրոնացած այդ խնայողությունները` մե՞կ, հի՞նգ, թե՞ տաս: Եվ արդյո՞ք ամենահարուստ 1% ավանդատուների խնայողությունն ավելին չէ, քան մնացած 99%-ի ավանդները միասին վերցրած: Բնականաբար, այս մասին ոչ վիճակագրությունը, ոչ էլ ֆորմալ կամ ոչ ֆորմալ որեւէ աղբյուր տեղեկություններ տրամադրել չի կարող: Սակայն, ցանկության դեպքում, շատ եւ շատ հարցերի պատասխաններ կարող ենք ստանալ ԱՎԾ կողմից անցկացվող տնային տնտեսությունների կենսապայմանների ընտրանքային հետազոտություններից: Ըստ այդմ, ավանդների նման աճ արձանագրած 2016 թվականին նախորդած տարում ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16,4 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները: Սա ինքնին ահռելի անդունդ է` հասարակության երկու բեւեռների միջեւ, որը գնալով խորանում է: Իսկ միջին խավ, որպես այդպիսին, Հայաստանում գրեթե չկա:



Բնակչության կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներից է նաեւ Ջինի գործակիցը, որն իրենից ներկայացնում է բնակչության սպառման, եկամուտների եւ դրանց բաշխվածության անհավասարության գնահատման ցուցանիշը: Ավանդների աճի «բումին» նախորդած տարում Ջինի գործակիցը մեր երկրում դարձյալ աճել է եւ ըստ սպառման, եւ ըստ եկամուտների ստացման անհավասարության, այսինքն` բնակչության կենսամակարդակների անհավասարությունն էլ ավելի խորացել է: Ընդ որում, ըստ եկամուտների` անհավասարությունն ավելի շատ է խորացել, քան ըստ սպառումների: Բնականաբար, 10%-ի մոտ տարեցտարի աճող եկամուտների ավելցուկն ուրիշ որտե՞ղ, եթե ոչ բանկերում պետք է հանգրվանի:



Քանզի հասարակության ունեզրկման հաշվին թափով հարստացած 10%-ը երբեք էլ պատրաստ չի լինելու իր փողերը ներդնել չեղած տնտեսության մեջ, ինչի ականատեսն ենք այժմ` ի դեմս ավանդների աճի: Սրան զուգահեռ` մեկ տարվա ընթացքում առեւտրային բանկերում վարկերն աճել են ավելի քան 316 մլրդ․ դրամով, ինչը եւս խոսուն ցուցանիշ է` հատկապես բնակչության կարիքների գնահատման տեսանկյունից: Իսկ այն, որ բանկային ավանդների աճն ամենեւին էլ հասարակության կյանքի որակի բարելավման ցուցիչ չէ, կարծում ենք՝ շատ լավ հասկանում են նաեւ իշխանությունները:



Եվ, այնուամենայնիվ, իբրեւ թե ձեռքբերում` ավանդների աճի թեման ՀՀԿ վերջին համագումարում շոշափեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնավորապես ընդգծելով, որ 2006թ. համեմատությամբ ավանդներն աճել են 5,8 անգամ: Նա, իհարկե, ոչինչ չասաց այն մասին, թե ինչ է տվել այդ աճը հասարակության առնվազն 90%-ին, որոնք աղքատ են, գործազուրկ, վարկերի տակ կքած եւ ճամպրուկն ամեն պահ ձեռքն առնելու պատրաստ: Նախագահը չասաց նաեւ, թե ինչն է պատճառը, որ փողատերերը նախընտրում են իրենց միլիոնները բանկերին պահ տալ, այլ ոչ թե ներդնել «ապահով Հայաստանի» տնտեսության մեջ եւ աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մնացած 90%-ը եւս գոյատեւելու հնարավորություն ունենա:



Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ