176 միլիոնի դիմաց ապահովել են 3 տոկոս շահույթ

176 միլիոնի դիմաց ապահովել են 3 տոկոս շահույթ

Այս օրերին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունում է տարբեր մշակութային օջախների (Պատկերասրահ, Պատմության թանգարան, օպերային թատրոն) տնօրեններին եւ լսում նրանց ներկայացրած տարեկան հաշվետվությունները՝ տալով դրանց «բավարար», «պայմանական բավարար» գնահատականները, երբեմն էլ հետաձգում այդ գնահատականները։ Երեկ հերթը հասել էր նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), որի հաշվետվությունը ներկայացրել է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ Այդ մասին կարճ հաղորդագրություն է տարածել նախարարության ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով հիմնականում նախարարի խոսքը. «Խենթացրե՛ք այս քաղաքը, օգտագործեք երիտասարդական ձեր ներուժը, ուզում եք՝ օդապարիկներով իջեք վերեւից, ինչ ուզում եք՝ արեք, միայն թե չհիասթափեցնեք ինձ: Ձեզ շատ եմ սիրում: Դուք դա կարող եք»։ Ամիրյանն անընդունելի է համարել պետության ծախսած 176 միլիոնի դիմաց մոտ 3 տոկոս շահույթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դեպքում:



«Գործարար ծրագիր ներկայացրե՛ք, միասին քննարկենք, շտկենք բացերը, գնահատենք ռիսկերն ու շարժվենք առաջ»,-ՊՈԱԿ-ի հաշվետվության ներկայացումից հետո նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանին հանձնարարել է մշակույթի նախարարը: Տնօրենը խոստացել է ծրագիրը ներկայացնել երկու շաբաթից, 2017-ին նախատեսվող ֆինանսական եկամտի մասով խոստանալով շուրջ 7 տոկոս աճ։ «Քի՛չ է, չեմ ուզում ձեզ որեւէ թիվ պարտադրել, բայց դուք կարող եք ապահովել ավելին։ ...Միանգամից բարձր ցուցանիշ սահմանեք ու ձգտեք հասնել առավելագույնին: Օգտագործե՛ք երազելու, երեւակայելու ձեր հնարավորությունը, որպեսզի լավ արդյունք ստանաք ու լավ ապրեք»,-ասել է նախարարը, ով Երիտասարդական նվագախմբից ակնկալում է «սուպերակտիվություն», մի բան, որն արդեն կա, նվագախումբն ընդգրկված է գրեթե բոլոր կարեւոր եւ առաջնային նշանակության համահայկական միջոցառումներում, այլ բան է, որ պետությունը, մշակույթի նախարարությունը պետք է հետամուտ լինեն, թե ուր են գնում եւ ինչի վրա են ծախսվում պետության փողերը, «սուպերակտիվության» դիմաց սահմանելով «սուպերվերահսկողություն»։



Հատկանշական է նաեւ, որ Երիտասարդական նվագախմբի հաշվետվության դեպքում նախարարի գնահատականը բացակայում է, դա նշանակում է, որ նվագախումբն իր 3 տոկոս շահույթով ոչ միայն բավարարի շեմը չի հաղթահարել, այլեւ մոտ է անբավարարին, որը, սակայն, շրջանցել է նախարարը՝ սահմանափակվելով միայն խիստ հանձնարարականով:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ