Ճառ ասելու փոխարեն զանգ է կախել

Ճառ ասելու փոխարեն զանգ է կախել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակի մարզից ռեյտինգայիւն ընտրակարգով նորից ընտրված Արման Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է արել նա հինգերորդ գումարման խորհրդարանում, որ ցանկացավ գալ նաև վեցերրոդ գումարման խորհրդարան։



«Էդ հարցը շատ երկար հարց ա, հիմա ոտքի վրա չեմ կարող պատասխանել համապարփակ, բայց ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ էլ կիսատ թողեցի, հուսով եմ՝ կշարունակենք։ Օրինակ՝ Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր ունենք, որ դեռ չենք արել, նկատի ունեմ՝ օրենսդրական նախաձեռնություններ, որ էս գումարմանում անպայման կանենք»,-ասաց Արման Սահակյանը՝ առայժմ չցանկանալով մանրամասնել, թե ինչ նախագծերի մասին է խոսքը․ կգա ժամանակը, կասի։



Դիտարկմանը, թե այս տարիներին լռակյաց պատգամավորական մանդատ էր զբաղեցնում, նոր խորհրդարանում իրեն խոսելիս կտեսնե՞նք, Սահակյանն ասաց․ «Դե հա, էդ գաղտնիք չի, ես դրանից վատ էլ չեմ զգում, ամեն մարդ իր ոճն ունի աշխատելու, հիմա մարդ կա՝ ճառ ա ասում, մարդ կա՝ զանգ ա կախում»։



Hraparak.am-ի հարցին, թե ինքը որտե՞ղ է այդ զանգը կախել, ո՞րնէ եղել այդ զանգը, Սահակյանն այսպես արձագանքեց․ «Իմ կախած զանգը էն ա եղել, որ ընտրության արդյունքներից երևում է, որ ժողովրդի ինչ-որ քանակ իմ հետ հույսեր ա կապում»։



Ընտրության արդյունքների մասով մեր դիտարկմանը, թե ասում են՝ ինքն էլ է իր կոլեգաների նման տարբեր տեղերից մարդկանց տարել ու վերագրանցել Շիրակի մարզում, որ իրեն ձայն տան, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Չէ, դրանք սուտ խոսակցություններ են, ոչ մի վերագրանցումից, համենայնդեպս, ես տեղյակ չեմ, կարող եք ճշտել»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ