ՀՀԿ դպրոցում սովորեցնու՞մ են՝ ինչպես չքծնել վերադասին և պահպանել արժանապատվությունը

ՀՀԿ դպրոցում սովորեցնու՞մ են՝ ինչպես չքծնել վերադասին և պահպանել արժանապատվությունը

ՀՀԿ-ի հիմնած «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցն ընդունում է 20-40 տարեկան երիտասարդ, մոտիվացված, արդեն կրթություն ունեցող կամ ուսումնառությունը շարունակող երիտասարդներին՝ անկախ իրենց քաղաքական պատկանելությունից։



Այս մասին այսօր հատուկ այս նպատակով հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, այդ քաղաքական դպրոցում դասավանդող Արմեն Աշոտյանը։ «Ուզում եմ հատուկ շեշտել, որ դպրոցի դռները բաց են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց համար, և առաջին շրջանավարտները կարող են վկայել, որ դպրոցում բացարձակապես գոյություն չունի քաղաքական մենաշնորհ կամ քաղաքական «մշակում», այսպես ասաց»,-հավաստիացրեց Աշոտյանը։



Միաժամանակ նշեց, որ առաջին շրջանավարտներից արդեն ունեն Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակում ընդգրկված թեկնածուներ։ Նա նաև հիշեցրեց, որ արդեն մեկ տարի գործող այս դպրոցում ուսումնառությունն անվճար է, և հիմա իրենք մտադիր են նաև Արցախում կազմակերպել այս դպրոցի ամառային ճամբարը։



Hraparak.am-ը հետաքրքրվեց Աշոտյանից, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ արժեքներ են դավանել ՀՀԿ դպրոցի ուսանողներին։ Մասնավորապես՝ ՀՀԿ դպրոցում սովորեցրե՞լ են ապագա քաղաքական գործիչներին՝ ինչպես պահպանել սկզբունքայնությունը քաղաքական դաշտում, ինչպես լինել բարոյական, բայց քաղաքական գործիչ, ինչպես չքծնել վերադասին և պահպանել արժանապատվությունը։



Մինչ պատասխանը, Աշոտյանը նախ նկատեց, որ մեր թվարկած հարցերից ամեն մեկը թվելիս մենք, հավանաբար, որևէ քաղաքական գործչի էինք պատկերացնում, և չսխալվեց։ Օրինակ, եթե առաջին երկուսի դեպքում գուցե որոշ ընդդիմադիրների աչքի առաջ ունենալով այդ հարցը տվինք, ապա վերջին հարցը, թե ինչպես չքծնել վերադասին և պահպանել արժանապատվությունը, ավելի շատ իշխանականների օրինակն աչքի առաջ ունենալով՝ հնչեցրինք։



«Մենք դավանում ենք արժեհամակարգի վրա խարսխված քաղաքական գործունեություն, որն ունի նաև գաղափարախոսական հիմքեր։ Նորից կրկնեմ՝ դպրոցի իմաստը չի եղել ուղեղների լվացումը հօգուտ Հանրապետական կուսակցության գաղափարաբանության, ազգային պահպանողականության, քրիստոնեական-դեմոկրատական ուսմունքի և այլն։ Եվ, իհարկե, մեր տարբեր բանախոսներ անդրադարձել են իրենց դասախոսությունների ընթացքում իրենց արժեհամակարգային կարևորությանը քաղաքական գործունեության մեջ»,-ի պատասխան՝ ասաց Աշոտյանը՝ նշելով, որ անգամ ինքն է իր բանախոսության մեջ անդրադարձել դրան։



Մեր հարցին, թե ինքն, օրինակ, ի՞նչ օրինակ է ծառայել իր կերպարով այդ դպրոցի ուսանողներին, պարոն Աշոտյանն ասաց․ «Ոչ այդպիսի հեգնական մեկնաբանություններով, ինչպես Դուք եք փորձում անել, բայց ավելի գլոբալ և ավելի վեր՝ ընթացիկ ճղճիմ գործունեությունից»։



Նկատեցինք, որ հարցը առանց հեգնանքի ենք տալիս և ամենայն լրջությամբ։ «Եթե Դուք բացասական կարծիք ունեք իմ կերպարի մասին, անդրադարձեք ձեր գործունեության մեջ, ես միայն կհետևեմ Ձեր գնահատականներին և անպայման կծանոթանամ»,-արձագանքեց Արմեն Աշոտյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ