ՍԴՀԿ-ն ու «Հայազնը» միավորվեցին ընտրություններից հետո՝ ընտրություններին ընդառաջ

ՍԴՀԿ-ն ու «Հայազնը» միավորվեցին ընտրություններից հետո՝ ընտրություններին ընդառաջ

 



Այս պահին ՍԴՀԿ-ն և «Հայազնը» նախաձեռնում են մեկ միասնական քաղաքական խորհրդի ձևավորման գործընթաց, որի մոտական խնդիրը երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումն է, ինչպես նաև մեկ միասնական թիմի ձևավորման աշխատանքների կազմակերպումը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դրոշի ներքո։ Միավորումից հետո քաղաքական խորհուրդը կգործի որպես կուսակցության մաս կազմող մարմին։



Այս մասին այսօր հայտարարվեց ՍԴՀԿ և «Հայազն» կուսակցությունների կողմից հրավիրված աշխատավորների իրավունքներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, որտեղ էլ հայտարարվեց հենց նրանց միավորման մասին։



ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը սա համարեց աննախադեպ գործընթաց, երբ ՀՀ-ում քաղաքական կուսակցությունները միավորվում են ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից հետո։ Նրանց ելույթներից և վերը նշված տեքստից, սակայն, լիարժեք պարզ չդարձավ, թե այս երկու կուսակցությունները միավորվում են, որ ի՞նչ անեն, ո՞րն է նրանց միավորման նպատակը։



Այս հարցի պատասխանը Նարեկ Գալստյանն այսպես ձևակերպեց․ «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում կա մեծ գաղափարական վակում։ Մինչև այս ՀՀ-ում գործող բոլոր միավորումները կրել են նախընտրական, էպիզոդային բնույթ։ Եվ չի եղել խոշոր քաղաքական միավորում զուտ գաղափարական օրակարգային հարցերի շուրջ։ «Հայազն» կուսակցության հետ մենք ընկերություն ենք արել և ունեցել ենք մտերմություն տարիներ շարունակ։ «Հայազնը» մշտապես եղել է ՍԴՀԿ գաղափարական հենքի համակիր։ Եվ մենք նույնպես բավական մեծ համակրանքով ենք նայել իրենց գործողություններին։ Հիմա եկել է մի պահ, երբ մենք սկսում ենք մեր քաղաքական խորհրդի ձևավորումը, որի խնդիրը լինելու է կուսակցությունների միավորումը, որը, կարծում եմ, կլինի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում»։



Հետո թվեց, թե ինչ են անելու՝ լրացնելու են այն հսկայական բացը, որ կա, փորձելու են գնալ երկրում քաղաքական փոփոխությունների, աշխատավորների իրավունքների պաշտպանության ճանապարհով։



Հարցին՝ իրենք հիմա քաղաքական խնդիր դնո՞ւմ են իրենց առջև այս միավորմամբ, թե՞ ավելի շատ սոցիալականի վրա են շեշտը դնելու, Նարեկ Գալաստյանն ասաց․ «Մենք դնում ենք երկրում մեր ներկայությունն ապահովելու, մեր օրակարգն առաջ քաշելու, քաղաքական, հասարակական, սոցիալական դաշտում։ Ո՞նց կարող է քաղաքական կուսակցությունը քաղաքական օրակարգ չառաջադրել»։



Նարեկ Գալստյանը նաև խնդրեց մի քանի օր սպասել, թող քաղաքական խորհուրդը ձևավորվի, որից հետո իրենք կանեն հայտարարություն և պարզ կդառնա՝ ինչ են անելու։ «Մենք հռչակեցինք մանիֆեստ, որը լինելու է առաջնային, հիմնական օրակարգը։ Դրանից հետո խորհուրդը կունենա այն օրակարգը, որը կհայտարարի»,- ասաց նա։



-Քաղաքականության մեջ կոնկրետ ի՞նչ եք ուզում փոխել։



-Հայաստանի Հանրապետությունը։



-Ինչպե՞ս, եթե խորհրդարանում ներկայացված չեք, առաջիկա ընտրություններին չեք մասնակցում։



-Իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացները գնում են միայն խորհրդարանու՞մ, և քաղաքական գործիչները միայն խորհրդարանու՞մ են լինում։ Ես կարծում եմ՝ ոչ։



-Իշխանափոխության ձգտող ինչ-որ քայլեր կլինե՞ն ձեր կողմից։



-Մենք գնում ենք մեր օրակարգով։



-Ո՞րն է ձեր օրակարգը։



-Մեր օրակարգը մանիֆեստն է և մեր օրակարգը լինելու է այն, ինչ որ մենք հայտարարելու ենք։ Ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է գալ իշխանության՝ իր ծրագրերը կյանքի կոչելու համար։



-Կարո՞ղ ենք ասել, որ սրանով հող եք նախապատրաստում հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։



-Սրանով հող ենք նախապատրաստում երկրում գաղափարական մեծ քաղաքական միավոր ստեղծելու համար։ Բնականաբար, դա ենթադրում է նաև ընտրական գործընթացներ։



-Այսինքն՝ 5 տարի ա՞նց։



-Հիմա 5 տարի առաջ ՏԻՄ ընտրություններ, քաղաքի ընտրություններ բոլոր հնարավոր մակարդակներում, որտեղ մենք կարող ենք մասնակցել։



-Այսինքն սա քաղաքական դաշտում ակտիվանալու, քաղաքական ջրի երեսին մնալու ևս մեկ փո՞րձ է։



-Սա փորձ չի։ 130 տարի ՍԴՀԿ-ն քաղաքական դաշտում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհով մեկ ոչ միայն ջրի վրա մնացել է, այլև աշտպանել է ազգությամբ հայ բոլոր մարդկանց շահերը՝ ֆիզիկական, սոցիալական, կենսական և նմանատիպ բոլոր առումներով։



-Իսկ վերջին 25 տարու՞մ։



-Վերջին 25 տարում՝ նույնպես։



-Նկատի ունեմ՝ ՍԴՀԿ-ն վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չի եղել քաղաքականության մեջ։



-Ես կարծում եմ, որ Դուք ուշադիր չեք եղել ՍԴՀԿ-ի՝ քաղաքական դաշտում գործունեության հետ կապված։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ, մենք, իհարկե, ունեցել ենք շատ վերաիմաստավորման ժամանակներ, ունեցել ենք նաև ներքին որոշակի խնդիրներ,ունեցել ենք անկումային ինչ-որ իրավիճակ ժամանակին, բայց էդ ամեն ինչը ցանկացած երկարատև, մեծ քաղաքական կազմակերպության, էսպես ասենք, պայմանական ինչ-որ բնույթներից մեկն է։ Էդ ամեն ինչը շատ վաղուց արդեն անցյալում է։



-Ձեր քաղաքական օրակարգում կգերակշռի քաղաքակա՞ն բաղադրիչը, թե՞ սոցիալական։



-Բոլոր բաղադրիչները, որոնք հուզում են ՀՀ քաղաքացուն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ