Մոսկվան սադրում է Սերժ Սարգսյանին բռնել Ասադի ուղին. Ջեյկոբ Կամարաս «Independent Journal Review»

Մոսկվան սադրում է Սերժ Սարգսյանին բռնել Ասադի ուղին. Ջեյկոբ Կամարաս «Independent Journal Review»

Ամերիկյան «Independent Journal Review» լրատվական վերլուծական կայքը հրապարակել է վերլուծական հոդված, հեղինակությամբ Ջեյկոբ Կամարասի, որը թեեւ վերաբերում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, սակայն անդրադարձներ կան նաեւ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Հայաստանին:



Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Կամարասը հատկապես ուշադրություն է դարձնում Սիրիայի հարցում նոր վարչակազմի ձեւավորվելիք քաղաքական գծին եւ համեմատում է Օբամային եւ Թրամփին: Ըստ այդմ, եթե Թրամփը խոստանում էր, որ կհարվածի Ասադի վարչակազմին, եթե վերջինս քիմիական զենք կիրառի, ապա Թրամփը պարզապես այդ հարվածն հասցրեց, ինչը հոդվածագիրը դիտարկում է, որպես լավ սկիզբ:



Կամարասը գտնում է, որ Սիրիական հակամարտությունը ընդամենը մեկ բաղադրիչն է ավելի լայն կոնֆլիկտի, որն այսօր կա ռուս ամերիկյան հարաբերություններում, եւ սա այն պայմաններում, երբ Ամերիկայի հիմնական մրցակիցը բացեիբաց հայտարարում է իր նպատակների մասին, որոնց պետք է հասնի ի հաշիվ ամերիկյան ազդեցության թուլացման: «Այն ժամանակ, երբ Եվրամիությունը բախվել է «Բրեքսիտի» հետ, իսկ ՆԱՏՕ-ն էլ շփոթվել է սեփական գոյության նպատակներում, Պուտինը շարունակում է ընդլայնել իր ազդեցությունը իր թույլ հարեւանների վրա եւ որպես ակնհայտ օրինակ դիտարկում է Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների ներկայիս վիճակը եւ այդ համատեքստում Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու փաստը: Յուրի Խաչատուրովի նշանակումը «Պուտինյան ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղար /ՀԱՊԿ-ն այդպես է կոչվում Արեւմուտքում/, ցույց է տալիս, թե ինչքան է Կրեմլի ազդեցությունն իր հարեւանների վրա:



Այստեղ արդեն հոդվածագիրը նկատում է, որ Հայաստանն ըստ էության Ռուսաստանից ամենից վասալական կախման մեջ գտնվող պետությունն է հետսովետական տարածքում, որտեղ ռուսական զենք ու զինվորականությունն է տիրապետում եւ նույնիսկ արտաքին ամենից կարեւոր սահմանները պաշտպանվում են ռուս զինվորականների կողմից: Համեմատելով ռուսական զենքի ներկայությունը Սիրիայում, Հայաստանում եւ Կալինինգրադում, Կամարասը գտնում է, որ ըստ էության Մոսկվան այդ տարածքները համարում է իր սեփականը եւ վարպետորեն օգտագործում է իր հեռահար շահերի համար: Ուշագրավն այն է, որ հոդվածագիրը Հայաստանի նախագահին դիտարկում է որպես «Հայաստանյան Ասադ»` նկատելով, որ վերջին շրջանում Սարգսյանը չափազանց շատ է հիշատակում իր կողմից «Իսկանդերով» հարվածելու հնարավորությունը, այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանն այնքան էլ եռանդուն չեն Ասադին մինչեւ վերջ պաշտպանելու հարցում:



Ուշագրավ է նաեւ այն, որ հոդվածագիրը համարում է Հայաստանը նոմինալ անկախ եւ ինքնիշխան երկիր եւ գտնում է, որ սուվերենիտետի բարձրացման հարցում կարեւոր է, որպեսզի Հայաստանը հարթի իր ռեգիոնալ հակամարտությունները եւ ապահովի կայունություն եւ խաղաղություն ռեգիոնում: