Չարագուշակ է հնչում

Չարագուշակ է հնչում

Regnum-ի «արեւելյան հարցի» փորձագետը, որ վերջին շրջանում հաճախ է երկխոսում հայրենական որոշ լրատվամիջոցների հետ, Հարավային Կովկասում հնարավոր վերաձեւումների շուրջ մտորումներում չի բացառում տարբերակը, երբ Արցախի կամ Արեւելյան Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ռուսական, իսկ Արեւմտյան Հայաստանը՝ Արեւմուտքի պրոտեկտորատի տակ: (https://regnum.ru/news/polit/2274718.html)



Մոսկովյան վերլուծաբանի այս տեսլականը կարելի էր քաղաքագիտական ուտոպիայի շարքին դասել, եթե նույն տեղում նա չխոսեր «Մեծ Ադրբեջանի» եւ, ընդհակառակը, Վրաստանի «հետգա մասնատման» մասին եւ ասելիքը չամփոփեր այսպես. «Անդրկովկասյան պետությունները, որ հաճախ են խոսում ռուսական «հարավային նվաճողականության» մասին, աշխարհաքաղաքական գլխավոր սպառնալիքների պետք է սպասեն հարավից եւ ոչ թե հյուսիսից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա պետք է ձգտի Անդրկովկասում իր համար սահմանել բացառապես ազատարարի եւ խաղաղապահի դեր՝ որոշ պետությունների տալով աշխարհաքաղաքական սպասվող վերաձեւումների պտուղներով մինչեւ կոկորդ կշտանալու հնարավորություն: Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ Անդրկովկասի պետությունների հանդեպ խորհրդային ժամանակներին բնորոշ միանման մոտեցում: Նա պետք է տարբերակված փոխհարաբերություններ ձեւավորի Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հետեւյալ գործոնների հաշվառմամբ: Առաջին՝ Անդրկովկասի վերաձեւման միտումները, երկրորդ՝ ինչ-որ տեղ, գուցե, ընդառաջելով Մեծ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերին: Մեծ քաղաքականության մեջ սպասել կարողանալը նույնպես քաղաքականություն է» :



Անդրկովկասին «հարավից սպառնացող վտանգի» մասին ասվածը մեծ հաշվով վերաբերում է Հայաստանին կամ՝ առաջին հերթին Հայաստանին, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը թիկունք է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավորագույն դաշնակից: Իսկ եթե մեկնաբանի պնդումը դիտարկենք ISIS-ի դեմ պայքարում Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր ներգրավվածության մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, ապա կստացվի, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը կարող է «ազատարար եւ խաղաղապահ լինել» միայն այն դեպքում, եթե Հայաստանը հարավից «ենթարկվի հարձակման»:



Ռուս մեկնաբանի շուրթերից, ինչպես տեսնում ենք, հնչում է բավական չարագուշակ կանխատեսում: Մանավանդ որ նա չի բացառում երկու ներկայիս հայկական տարածքը Ռուսաստանի եւ Արեւմուտքի պրոտեկտորատի վերածելու հավանականությունը: Ընդ որում, համարելով, որ այդ դեպքում Ռուսաստանը թույլ կտա, որ որոշ երկրներ մինչեւ կոկորդ կշտանան սպասվող աշխարհաքաղաքական վերաձեւումների պտուղներով:



Ենթատեքստը հասկանալի է. երբ Մերձավոր Արեւելքում լարվածությունը հասնի բարձրակետին, եւ Հայաստանը «ենթարկվի հարավային սպառնալիքի» , Ռուսաստանը կստանձնի «ազատարարի եւ խաղաղապահի» իր դերը: Ահա թե ինչ է նշանակում Հարավային Կովկասի երկրների հետ ունենալ «տարբերակված փոխհարաբերություններ» եւ որոշակիորեն «ընդառաջել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերին» :



...Իսկ Ադրբեջանում արդեն բաց խոսում են Նախիջեւանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտությունից՝ ի հակակշիռ ռուս-հայկական միացյալ զորամիավորման:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ