Առաջին անգամ հանդիպեցի պաշտոնատար անձի, ում համար կարևոր է իր պաշտոնի անկախությունը

Առաջին անգամ հանդիպեցի պաշտոնատար անձի, ում համար կարևոր է իր պաշտոնի անկախությունը

Գյումրեցի 25-ամյա երիտասարդ Արտյոմ Ադանալյանի սպանությունից անցել է շուրջ 7 տարի, սակայն խմբակային սպանության համար դատապարտվել է մեկ անձ: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի վճռով ապացուցվել է Արտյոմին դիտավորությամբ կյանքից զրկելու, սպանելու համար ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանին մեղսագրված արարքը և վերջինս դատապարտվել է 11-տարվա ազատազրկման:

Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզան Ադանալյանի կողմից՝ որպես տուժողի իրավահաջորդ, մի շարք այլ փաստերով պայմանավորված՝ վերաքննիչ քրեական դատարան բողոք է տարվել դատարանի վճռի դեմ, բողոքը բավարավել և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝  նոր քննության: Բոլորովին վերջերս նույն դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը ազատ է արձակել մարդասպանության համար 11-տարվա ազատազրկման դատապարտված մեղադրյալին՝ գրավի դիմաց:

«Նարեկ Բեգլարյանն ընդամենը երկու տարվա դատավոր է,փորձառությունը՝ զրո, նա Արտյոմի սպանության գործը փորձադաշտի վերածեց, դարձրեց սևագրության տետր: Փոխարենը ակնհայտ է մեծ փորձառությունը արտադատական շփումներում՝ մեղադրյալի, պաշտպանի, դատախազի հետ և դա այնքան Է ակնհայտ, որ ցավալիորեն ծիծաղ է առաջացնում: Սույն թվականի հունիս ամսին ավարտվում է դատավոր Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը: Եվ նա դեռևս անցած սեպտեմբեր ամսից պատշպանական կողմի հետ կասկածելի հիմքերով հետաձգում էր դատական նիստերը, կամայականորեն ամիսը մեկ անգամ նիստ նշանակում, որոնք շատ արագ և համապատասխան փաստերով մեզ հայտնի են դարձել և ինքնաբացարկի հիմք հանդիսացել: Ներկա պահին նույնպես ամիսը մեկ անգամ է նիստ նշանակում, դե ամբաստանյալին էլ ազատ է արձակել, ընդամենը մեկ-երկու դատական նիստից հետո էլ իր սև գործից գոհ ու երջանիկ կվերադառնա այնտեղ՝ որտեղից գործուղվել էր, իսկ թե ում է ժառանգելու իր «եփածը», դեռևս պարզ չէ»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց սպանված երիտասարդի մայրը՝ մանրամասնելով․

«Գործով փախած անձ կար՝ Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Թոփչյանը, մականունը՝ Կոպչիկ: Նշված անձը Արտյոմիս սպանելուց հետո փախուստի է դիմել ՀՀ-ից, իսկ նախաքննության ավարտից հետո ապահով վերադարձել: Նա նախկինում դատապարտվել է խոշոր չափերի հասնող թմրանյութի իրացման համար: Յոթ տարի շարունակ իբր նրան չեն կարողացել հայտնաբերել, մինչդեռ նա մշտապես գտնվել է Շիրակի մարզի քննչական վարչության, Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում, իսկ պետք եղած ժամանակ և բացառապես նրանց հրահանգներով հայտնվել է, հետո կրկին թաքնվել և այդպես շարունակ: Նրան դատարանում հարցաքննելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեր միջնորդությամբ որպես վկա է ներգրավվել, սակայն 2021թվականի մարտի 31-ից մինչև օրս՝ շուրջ մեկ տարի դատարան չի ներկայացել, կայացվել են նրան բերման ենթարկելու որոշումներ, սակայն դրանք ի կատար չեն ածվել, քանի որ քննչական մարմիններից, դատախազությունից նրան  դատարան ներկայացնելու հրահանգ չի տրվել: Այս ամբողջ տարիների ընթացքում իրավապահ համակարգի բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հետ եմ հանդիպել, ներկա պահին չեմ անդրադառնա դրանց մանրամասներին, սակայն կնշեմ, որ հանդիպումները կրել են ձևական բնույթ,որևէ էական տեղաշարժ չի գրանցվել: Տարբեր ուղղություններով աշխատել եմ օգնել դատաքննությանը, քննիչի կողմից պարտակած դրվագները վերականգնել, ամբողջացնել հանցավոր շղթան, գործի դնել ինձանից կախված բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ քննությունից խուսափողին դատարան ներկայացնելու համար: Գրավոր և բանավոր դիմել եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քանիցս հանդիպել եմ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյանի հետ՝ ներկայացրել մանրամասներ: Գրավոր  տեղեկություններով դիմումները վերահասցեագրվել և համապատասխան հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը:

Պիտի ասեմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ՝ Արամ Ղազարյանի կողմից դիմումներին տրվել է համապատասխան ընթացք : Թե՛ իմ խնդրանքով և թե՛ Ա.Ղազարյանի նախաձեռնությամբ ընդունելություններ է իրականացվել: Ի վերջո, այս արվա  մարտի 31-ին՝ 2014թվականից չհայտնաբերված Հովհաննես Թոփչյանը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց դատարան՝ Արտյոմի սպանությունից 7-տարի անց: Դատարանում իրականացվեց Թոփչյանի հարցաքննությունը, ստացվեցին գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ,կարևոր հարցերի պատասխաններ: Անգամ դատավոր Նարեկ Բեգլարյանն էր զարմացած մնացել Կոպչիկին դատարան ներկայացնելու հանգամանքից: Այս 7-տարիների ընթացքում իրավապահ համակարգում առաջին անգամ հանդիպեցի պաշտոնատար անձի, ով առանց կեղծիքների ու ստերի, առանց ձևականությունների՝ արժանապատվորեն համադրեց խոսքը գործի հետ, իսկ դա հատուկ է մարդ տեսակին, ում համար կարևոր է իր պաշտոնի անկախությունը»,-ասաց տիկին Ադանալյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի ոստիկանապետին, որի շնորհիվ 7 տարի անց հայնաբերվեց եւ բերման ենթարկվեց որդու սպանության մեջ կասկածվողը: