Մեսսին հերթական ռեկորդներն է սահմանել

Մեսսին հերթական ռեկորդներն է սահմանել

Երեկ ուշ երեկոյան Լա լիգայի հերթական տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ խոշոր 1-6 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Կապտանռնագույների կազմում իր հաշվին դուբլ գրանցեց Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսայի» առաջատար Լեո Մեսսին։

Ինչպես ֆիքսել են իսպանական հեղինակավոր մարզական պարբերականները, Մեսսին հերթական ռեկորդն է գրանցել, այս անգամ արդեն ակումբում անցկացրած խաղերի քանակով։Արգենտինացու համար հանդիպումը 768-րդն էր կատալոնական ակումբի կազմում: Ըստ այդ ցուցանիշի, նա շրջանցեց ակումբի լեգենդ Չավիին, ով իր ակտիվում ուներ 767 խաղ կատալոնական թիմի կազմում: Բացի այս, արգենտինացու համար «Սոսյեդադի» դեմ հանդիպումը 511-րդն էր Լա Լիգայում:

Ըստ այդ ցուցանիշի, Մեսսին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին և բարձրացավ 7-րդ հորիզոնական Լա Լիգայում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում ՝ կիսելով այն «Աթլետիկի» հարձակվող Ռաուլ Գարսիայի հետ: