24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար՝ հայ-թուրքական սահմանին

24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար՝ հայ-թուրքական սահմանին
լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում, մոտ 24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար տեղադրվեց։ Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,   կարևորելով նախաձեռնությունը, ընդգծեց, որ պատմական այս իրողությունն այս տարածաշրջանում իր դրական ազդեցությունն է ունենալու զբոսաշրջության զարգացման ոլորտում ։ 
Նշենք, որ  նախաձեռնությունը հնարավոր է եղել իրագործել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։ Ի դեպ, համացանցում արդեն իսկ քննարկվում է, թե արդյոք խաչքարը         օծվել է: Եթե այն օծված չէ, ապա տեղադրելը սխալ է: «Առանց օծման ու հոգևորականի օրհնության խաչքար եք տեղադրու՞մ»,-զարմանք են հայտնել օգտատերերը:                
Մինչդեռ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  վստահեցնում է,« Եւ հիշատակի կարգ է եղել, և խաչքարի օծում : Յուրահատուկ հայորդիների ջանքերով է կյանքի կոչվել այս միտքը և ընդամենը մի քանի օրվա մեջ»։
Հիշեցնենք, որ Խարկով գյուղը Անի մայրաքաղաքից բաժանված է ընդամենը մեկ ձորով, այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը: Շիրակի մարզպետը անցյալ տարվա վերջին հայտնել էր, թե     այս   տարվանից սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն:
Գյուղն ամբողջապես  դատարկված է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահելով` չի հեռացել գյուղից: