Ո՞րն է Հայաստանի պատմությունը՝ Հայկական լեռնաշխա՞րհը, 29.800 ք/կմ տարա՞ծքը

Ո՞րն է Հայաստանի պատմությունը՝ Հայկական լեռնաշխա՞րհը, 29.800 ք/կմ տարա՞ծքը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», ինչը հանրային մեծ աղմուկի տեղիք է տվել:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում, որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության եւ հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում:

Նախկինում «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ, ներկայում՝ դասախոս, պատմաբան Հայկ Փայտյանը մեզ հետ զրույցում իր առարկություններն է ներկայացնում՝ կապված հնարավոր փոփոխության հետ․ «5-րդ դասարանում հայոց պատմությունը սկսվում է հենց հայ ժողովրդի կազմավորումով, հայկական լեռնաշխարհից, բայց քանի որ հիմա միտում կա ասել, որ դա ոչ թե հայկական լեռնաշխարհ է, այլ՝ Անատոլիա, բնականաբար, պետք է հայության բնօրրանը սահմանափակել եւ թուրքերի նկատմամբ որեւէ պահանջատիրական նկրտումներից հրաժարվել։ Այսինքն, այս ամենն իր մեջ քաղաքական ենթատեքստ ու պատվեր ունի։ Անել ամեն ինչ՝ լինի դա կրթությամբ, թե դասագրքերով, որ մենք մեր պահանջատիրությունից հրաժարվենք, եւ այն, ինչ հիմա թուրքերինն է, թուրքերինն էլ եղել է»։

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն, Հ․ Փայտյանը նկատում է․ «Ի՞նչ է նշանակում այդ վերափոխված անվանումը՝ «Հայաստանի պատմություն», այսինքն՝ այսօրվա 29.800 ք/կմ տարածքով Հայաստանի պատմություն, այն, ինչ մնացել է Հայաստանից այսօրվա դրությամբ, այսինքն՝ ըստ այդ փոփոխության, դպրոցներում կանցնեն 29.800 ք/կմ տարածքով Հայաստանի պատմություն։ Բայց հայ ժողովրդի պատմությունը միայն այս տարածքո՞ւմ է ընթացել, չէ՞ որ մենք թագավորություններ, պետականություններ ենք ունեցել, բա այդ պետականություններն ո՞ւմ տարածքում են եղել, ստացվում է՝ հայկական թագավորությունը կազմավորվել է Անատոլիայո՞ւմ։ 5-րդ դասարանի դասագրքում կա նաեւ Ուրարտուի եւ Վանի թագավորությունների մասին։ Գաղտնիք չեմ բացահայտի մասնագիտական շրջանակների համար, որ ասեմ՝ տարիներ շարունակ՝ սովետական ժամանակներից սկսած, հակահայ թեզ էր շրջանառվում, որ Վանի կամ Ուրարտուի թագավորությունը հայկական պետություն չէ։ Սա թուրքական թեզ է, ըստ որի՝ հայերը եկել, Վանի թագավորությունը կործանել են ու անգամ ցեղասպանություն են իրականացրել։ Այսինքն, ըստ իրենց, հայերը խոսում են ցեղասպանությունից, երբ առաջին ցեղասպան ժողովուրդներից են, որոնք Վանի թագավորությունը կործանել են։ Հիմա ես քարտեզը նայել եմ, եւ 5-րդ դասարանում Վանի թագավորության տարածքային ընդգրկումն ուղղակի կատաստրոֆա է, իրականում Վանի թագավորությունն իր տարածքով զբաղեցրել է հայկական լեռնաշխարհի տարածքը Արգիշտի 1-ինի ժամանակ, Սարդուր 2-րդի կառավարման ժամանակ։ Այսինքն՝ հայկական լեռնաշխարհի տարածքը զբաղեցրել է Վանի թագավորությունը, հիմա փոքրացնել, դարձնել ինչ-որ մի փոքրիկ հատված, սա միանշանակ թուրքական թեզի սպասարկում է»։

Համաձայն նոր փոփոխության, ծրագրից, ամենայն հավանականությամբ, դուրս է մնալու նաեւ Կիլիկիայի հայոց թագավորության պատմափուլը։ «Եթե հայկական լեռնաշխարհն են փոքրացնում դարձնում Հայաստան, բնականաբար, Կիլիկիան էլ դուրս կբերեն այդտեղից։ Հիմա, որքանով տեղյակ եմ, «Հայկական բարձրավանդակ»-ի փոխարեն պետք է օգտագործվի «Անատոլիա» տերմինը։ Ի դեպ, 1890-ական թվականներին Աբդուլ Համիդը հատուկ հրովարտակով արգելեց փաստաթղթերում օգտագործել «Հայաստան» տերմինը, որովհետեւ մինչ այդ թուրքական փաստաթղթերում օգտագործվում էր «Արեւմտյան Հայաստան» տերմինը, Աբդուլ Համիդը հատուկ հրովարտակով արգելք դրեց, որպեսզի «Հայաստան» բառը դուրս գա շրջանառությունից, փոխարենը մտցնում է «Անատոլիա» տերմինը։ Փաստացի այսօր այն, ինչ արել է Աբդուլ Համիդը, հենց հիմա արվում է մեր դպրոցներում, այսինքն՝ «Հայկական բարձրավանդակ»-ի փոխարեն օգտագործվելու է «Անատոլիա» բառը։ Ինչ է ստացվում. որ թուրքականությունը շարժվում է իր պանթուրանական ծրագրերով կամ Քեմալի ընդունած ազգային ուխտով, եւ փաստացի այսօրվա հայաստանյան իշխանություններն ամբողջությամբ սպասարկում են հակահայ այս ծրագիրը թե՛ կրթության մեջ, թե՛ դրանից դուրս»։

Հայկ Փայտյանն ասում է, որ դպրոցներում այս նախագիծը շատ վատ արձագանք է ստացել։ «Բոլորն էլ հասկանում են, թե սա ուր է տանում եւ ինչ նպատակ է հետապնդում, բայց ի՞նչ են անում դրա համար, քանի՞ մարդ է պատրաստ դուրս գալ պայքարի, անձնական զրույցներում շատ վատ են արտահայտվում, բայց ինչքանո՞վ են պատրաստ դրա դեմ պայքարել, դա արդեն միայն ուսուցիչներին վերաբերող հարց չէ, այլ ընդհանուր խնդիր է»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ ուսուցիչներից շատերը վախենում են հրապարակային իրենց կարծիքը հնչեցնելուց՝ զգուշանալով հնարավոր ճնշումներից։

«Բոլոր կրթական ծրագրերով ստիպում են եւ ամեն ինչ անում են, որպեսզի հայ երիտասարդությունը հրաժարվի իր պահանջատիրությունից։ Հիմա ինչպիսին է մեր երկրի կարգախոսը՝ հայրենիքը պետությունն է․․․, այսինքն ստացվում է, որ հայության հայրենիքը 29.800 ք/կմ-ն է, որի հետ անգամ թուրքերը համաձայն չեն, մնացածը՝ Հայոց բարձրավանդակը, Արցախը, Ջավախքը, Նախիջեւանը, Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան, հայրենիք չեն, եւ դասագրքերի այդ փոփոխությունը միտված է հենց դրան, ստիպելու հայությանը՝ հրաժարվել հայոց պահանջատիրությունից եւ ի վերջո հայկական հարցը փակել։ Կասկած չկա, ողջ կրթական «բարեփոխումները» հենց դրան են ուղղված»։