Գյումրու քաղաքային կոլորիտը, դիմագիծն ու կենցաղը ներկայացնող թանգարանը տոնում է 40-ամյակը

Գյումրու քաղաքային կոլորիտը, դիմագիծն ու կենցաղը ներկայացնող թանգարանը տոնում է 40-ամյակը

«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը» տոնում է հիմնադրման 40-ամյա հոբելյանը։

Հոբելյանական օրվա առթիվ միջոցառում է անցկացվել թանգարանում, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, աշխատակազմի պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, հյուրեր։

Միջոցառման մասնակիցներին ողջունել, շնորհավորել, թանգարանի աշխատակիցներին հաջողություններ, ստեղծագործական եռանդ, իսկ Գյումրու անցած ուղին ու պատմությունը ներկայացնող թանգարանին էլ՝ անթիվ, անհամար այցելուներ, նոր ծրագրեր ու նախաձեռնություններ է մաղթել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը. «Ուրախ եմ ներկա գտնվելու Գյումրին ու գյումրեցուն, մեր մարզկենտրոնի կենցաղն ու սովորույթները, արհեստներն ու արվեստն իր մեջ խտացնող, մեզ շատ հոգեհարազատ «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի»՝ Ձիթողցոնց տան հիմնադրման 40-ամյա հոբելյանին։

Այսօր, խոսելով «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» մասին, պետք է նշեմ, որ մեր քաղաքի այցեքարտ դարձած Ձիթողցոնց տուն-թանգարանի մասին առանձնակի ոգևորությամբ եմ խոսում, նրա մասին իմ իմացածը պատմում եմ հպարտությամբ։ Արդեն 40 տարի անխափան գործունեություն ծավալած մեր թանգարանում ամբարված առարկաների, գրավոր աղբյուրների և արվեստի ստեղծագործությունների առկայությունը խոսում ու պատմում է Գյումրու արհեստների ու արվեստների, քաղաքային կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին, Ձիթողցյան եղբայրների անցած ճանապարհի, Ալեքսանդրապոլի հնամենի պատմության էջերի մասին։

Իհարկե, թանգարանում պահվող անգին նմուշները շատերի համար անարժեք կդառնային, եթե այստեղ աշխատող թանգարանային գործի նվիրյալները չկարողանային պահպանել ու արժանվույն ներկայացնել հոգևոր-նյութական հիասքանչ այս ժառանգությունը՝ հանուն ներկայի և ապագայի։

Հարգելիներս, Ձեր շնորհիվ հնարավոր է դառնում քայլել պատմության արահետներով, զգալ հին Ալեքպոլի շունչը, ներկան էլ՝ ընկալել նորովի ու խորհել ապագայի մասին։

Շնորհավորում եմ թանգարանի բոլոր աշխատակիցներին այս տոնական օրվա առթիվ, ձեր նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով դուք նպաստում եք հարուստ մշակութային ժառանգություն ունեղող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» զարգացմանը՝ կարևորելով Գյումրու քաղաքային կոլորիտը, դիմագիծն ու կենցաղը, անցած ուղին զբոսաշրջիկներին ու հյուրերին ներկայացնելը»։

Մարզպետը տնօրեն Անի Նազարյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, լսել ներկայացված ցուցանմուշների մասին պատմությունները։

Նշենք, որ Ձիթողցոնց տանը ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Ձիթողցոնց տուն-թանգարանը 1872 թվականի կառույց է, եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը, 1984 թվականից գործում է որպես թանգարան։

Միջոցառման ավարտին համերգով հանդես է եկել Գյումրու ժողգործիքների նվագախումբը։