Եթե այսպես շարունակվի 2030 թվականին նոր ճանապարհը կվերականգնվի. ի՞նչ է կատարվում աղետի գոտում 

Եթե այսպես շարունակվի 2030 թվականին նոր ճանապարհը կվերականգնվի. ի՞նչ է կատարվում աղետի գոտում 

Քաղաքական, հասարակական գործիչ Վազգեն Պետրոսյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ մայիսի 28-ից գտնվում է աղետի գոտում և իշխանական քարոզչությունից իրականությանը համապատասխանում է միայն փրկարարների հերոսական աշխատանքը:

«Եկել են տարբեր մարզերից, Երևանից ու մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Բայց ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա Ճանապարհային դեպարտամենտը ընդամենը մեկ-երկու օր այստեղ աշխատեց և ամսի 29-ից հետո մենք իրենց չենք տեսել»,-ասաց Պետրոսյանը: Նա հավելեց, որ ճանապարհները միայն հատվածաբար են բաց, բայց միակողմանի, իսկ ճանապարհի միակողմանի բաց լինելը չի նշանակում, որ այն սարքին է:

«Անցյալ չորեքշաբթի օրն այստեղ հորդառատ անձրև սկսվեց, ու քանի որ մենք այստեղ ենք «Նոր տեխշին» ՍՊԸ-ով՝ Հարավկովկասյան երկաթուղու հրավերով էինք եկել, ու աշխատանքներն իրականացնում ենք 24-ժամյա ռեժիմով, գիշերը ժամը 12-ին ես և աշխատողները դուրս եկանք տարածքները նայելու և տեսանք, որ գետը բավականին բարձրացել էր՝ մոտավորապես երկու և կես, երեք մետր, որը իր սովորական հունից արդեն կար նախօրեին և դիմեցինք պարեկային ծառությանը, իրենց զգուշացնելով, որ գետի հունը բարձրացել է, հոսքը բարձրացել է և վտանգ է առաջանալու բոլոր այն կետերում, որտեղ որ ճանապարհը միակողմանի բաց է: Մոտ մի 15-20 րոպեից պարեկային ծառայության հետ կապվեցինք, որպեսզի տեսնենք, արդյոք իրենք կարողացա՞ն թույլտվություն ստանալ, որպեսզի Բագրատաշենից փակեն ճանապարհը ծանր մեքենաների համար, ֆուռերի համար, արդյոք կարողացա՞ն փակել, թե ոչ, պատասխանեցին, որ Ճանապարհային դեպարտամենտը դեմ է արտահայտվել դրան և թույլ չի տվել ճանապարհը փակեն ու իրենք չեն փակելու ճանապարհը: Այդ ժամանակ մեր աչքի առաջ փլուզվեց ճանապարհի մի հատվածը և ես անմիջապես դիմեցի Լոռու մարզի փրկարար ծառայության տնօրենին, որի հետ շատ անգամներ համատեղ աշխատանքներ ենք իրականացրել՝ Լոռու բոլոր վտանգավոր կետերում… Իրեն տեղեկացրի իրավիճակի մասին և նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց նախարարության հետ՝ համակարգելով և Բարգատաշենից արդեն փակեցին ծանր մեքենաների ելումուտը դեպի Ալավերդի- Վանաձոր ճանապարհ»,-ասաց Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ եթե ճանապարհը խոշոր մեքենաների համար չփակվեր, հնարավոր է նոր մարդկային զոհեր ունենայինք փլուզման հետևանքով:

Մեր զրուցակիցը նշեց, որ աղետի գոտում Ճանպարհային դեպարտամենտն իրականացնում է «աչք փակոցի» գործողություններ: 

«Երբ որ այստեղ նկարահանող խմբեր են գալիս կամ դեսպանների են բերում կամ դիվանագիտական խմբեր են բերում, իրենք աշխուժանում են, իսկ երբ գնում են՝ ամեն ինչ մեռնում է իրենց մոտ և այլևս ոչինչ չեն տեսնում»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշում է, որ Հարավկովկասյան երկաթուղու եւ Ռուսաստանից եկած մասնագետների հետ իրենք կարողացել են 24-ժամյա ռեժիմի աշխատանքով անձրևի և կարկուտի տակ աշխատել և մեկ շաբաթ գիծը պահել և հավանական ճգնաժամը, որը կախվում էր երկրի գլխին, թե պարենային, թե վառելիքի ներկրման մասով, կանխել:

«Մենք ականատես ենք լինում մի բանի, որ Ճանապարհային դեպարտամենտը որևէ գործողություն չի իրականացնում: Եվ երեկ գիշեր խորհրդակցություն տեղի ունեցավ, որին ներկա էինք և երբ Ճանապարհային դեպարտամենտին հարցնում էին, թե Ախթալայի այսինչ ճանապարհն ում է պատկանում, իրենք ասացին, որ իրենց չի պատկանում և իրենք այդ փլուզման հետ գործ չունեն: Մինչդեռ այդ ճանապարհի փլուզումը խանգարում է երկաթգծի աշխատանքին: Իսկ երբ մարզպետի հետ խոսակցություն եղավ, մարզպետն ասաց՝ մենք փող չունենք, որ այդ ճանապարհը կառուցենք: Սա նշանակում է, որ այս ճանապարհի անմխիթար վիճակը որ կա, ինչպես այս իշխանությունները շատ են սիրում ասել, թղթի վրա ամեն ինչ շատ լավ է, իսկ իրականության մեջ ամեն ինչը շատ վատ է: Եվ եթե այսպես շարունակվի, միգուցե 2030 թվականին նոր ճանապարհը վերականգնվի»,-եզրափակեց Վազգեն Պետրոսյանը:

Աղետի գոտում ճանապարհի տեսանյութն ու լուսանկարները դիտել այստեղ:

Հիշեցնենք, որ Կիրանցի նոր ճանապարհը դեռ պատրաստ չի և Հայաստան- Վրաստան միակ միջպետական ճանապարհը այսօր այս ճանապարհն է և նման անփութությամբ վերաբերվելը աններելի է։