Հայկ Մարությանն ընտրված է, եւ որեւէ առիթ չկա հրաժարականի

Հայկ Մարությանն ընտրված է, եւ որեւէ առիթ չկա հրաժարականի

Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ, ներկայում Երեւանի  ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ 

- Տիկին Սարգսյան, ինչպե՞ս եք կարողանում կազմակերպել կյանքն ու աշխատանքը։ Վերջին շրջանում ԲՀԿ-ն խիստ ընդդիմադիր կեցվածք է ընդունել, կառավարության 100 տոկոսի հրաժարականն է պահանջում, շատերը նկատեցին, որ Դուք Ծառուկյանին չէիք աջակցում դատարանների մոտ, ավելին՝ խոսվում էր, որ ուզում եք վայր դնել մանդատը։ 

- Ես նորմալ փոխհարաբերությունների մեջ եմ մեր ավագանու թիմի հետ, եւ այնտեղ զբաղվում ենք բոլորովին այլ հարցերով։ Քաղաքական կուսակցության դիրքորոշումը մի բան է, քաղաքային խնդիրներով զբաղվելը՝ բոլորովին այլ բան։ Այնպես որ, այստեղ շահերի բախում չկա։

- Դուք ԲՀԿ խմբակցության անդամ եք, որը դիրքավորվել է խիստ ընդդիմադիր դաշտում, ի՞նչ ասել է՝ շահերի բախում, ո՞ւմ հետ։

- Նկատի ունեմ՝ քաղաքային գործընթացի մեջ նման խնդիր չունենք։ Եթե քաղաքային խնդիրներում իշխանությունը թուլանում է, մենք քննադատում ենք՝ ինչպես մյուս անդամները, այնպես էլ ես։ Բայց ես քաղաքական ենթատեքստերի մեջ չեմ մտնում։

- Այսինքն՝ չեք կիսում ԲՀԿ-ի մոտեցումները։

- Դուք արդեն այնպիսի բան եք հարցնում, որի պատասխանից հետո պետք է գնամ մանդատս վայր դնեմ։

- Փաստ է, չէ՞, որ ԲՀԿ-ի հետ նույն գծի մեջ եք եղել, որ հայտնվել եք այդտեղ։

- Ես ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ին միացել եմ, երբ «Բարգավաճը» Նիկոլ Փաշինյանի շատ լավ գործընկերն էր, «Իմ քայլի» դաշնակիցը։ Այնպես որ՝ այստեղ  հակասություն չենք ունեցել։ Հիմա էլ քաղաքային խնդիրների հետ կապված որեւէ հակասություն չունենք, իսկ քաղաքական խնդիրների հետ կապված իրենց մոտեցումը կիսում եմ, թե ոչ, դա թողնենք հետոյին, ես այս պահին չեմ շտապում այդ խնդիրներով զբաղվել, ինքս էլ որեւէ քաղաքական դիրքորոշում չեմ հայտնում։

- Չեք հայտնում, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կերպարը Ձեր սրտով չէ։

- Ինձնից պետք չէ խոսք քաշել, ես այնտեղ ունեմ լավ մարդիկ, որոնց հետ ուզում եմ շարունակել լավ հարաբերություններ, չեմ ուզում իրենց հետ մտնել հակասությունների մեջ։

- Որ ասում եք՝ հակասություն չունեք, նկատի ունեք, որ ԲՀԿ ավագանուն բավարարո՞ւմ է քաղաքային իշխանության գործունեությունը, իրենք այս հարթակում ընդդիմությո՞ւն չեն։

- Չէ, բայց եթե օբյեկտիվ քննադատություն է, ես դրանց միանում եմ։ Մենք, ի վերջո, ընտրվել ենք, որ ծառայենք քաղաքին, ստիպենք քաղաքային իշխանությանը՝ այս կամ այն հարցը վերանայել, այստեղ քաղաքական թեմա չկա, ավելի շատ տնտեսական թեմա կա։ Ես համարում եմ, որ քաղաքային իշխանության կողմից այսօր ջանքեր գործադրվում են, բայց դրանք բավարար չեն։ Իհարկե, չես համեմատի նախկինների հետ, ես տեսնում եմ, որ այսօր ավելի շատ ազնիվ մարդիկ են աշխատում։

- Ասացիք, որ ԲՀԿ-ին միացել եք, երբ «Բարգավաճը» Նիկոլ Փաշինյանի շատ լավ գործընկերն էր․ հիմա, երբ գործընկերներ չեն, ի՞նչն է Ձեզ պահում այդտեղ։

- Դա իր քաղաքական դիրքորոշումն է, որը որեւէ կերպ իմ վրա չի ազդում քաղաքային իշխանության հետ հարաբերվելիս։ Այնպես որ, դա իրենց իրավունքն է, ես կարող եմ համամիտ լինել իրենց հետ կամ չլինել, դրանից ոչինչ չի փոխվում։ Բայց քանի դեռ ինձ հետ ոչ մի խնդիր չկա, ես շարունակելու եմ մնալ ավագանու անդամ։

- Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։

- Ես համենայնդեպս այս պահին չեմ զգում։

- Այսինքն՝ Դուք դիսկոմֆորտ չեք զգում, որ ԲՀԿ-ն դարձել է իշխանությունների խիստ քննադատը։

- Գիտեք՝ չի կարելի անընդհատ մտնել-դուրս գալ, դա ինձ հատուկ չէ։

- Բոլորը գիտեն, որ Դուք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի զոքանչն եք, ով հաճախ է ստանձնում ԲՀԿ-ի քննադատի գործը․․․

- Կներեք, ես որպես զոքանչ հանդես չեմ գալիս, ես ինքս ինձանով քաղաքական անձ եմ։

- Ուզում էի հարցնել․ վերջին իրադարձություններից հետո Ձեր «տունը կռիվ չի՞ ընկել», Ձեր փեսան չի՞ պահանջում, որ դուրս գաք ԲՀԿ-ից։

- Բացարձակ, նման խոսակցություն երբեք չի եղել, հակառակը՝ իմ ընտանիքի անդամները համարում են, որ ես պետք է շարունակեմ իմ գործունեությունը՝ որպես  քաղաքի ավագանու անդամ։ Ինչ վերաբերում է իմ փեսային, բնականաբար, ես երբեք այնպես չեմ պահի ինձ, որ վնասեմ իրեն։ Բայց ես էլ ունեմ իմ քաղաքական դիրքորոշումները, որոնք որեւէ կապ չունեն իմ փեսայի հետ։

- Իսկ կարո՞ղ է փեսան է ասում՝ մանդատը մի դրեք, որ ավելի արմատական մեկը ԲՀԿ-ից չգնա քաղաքապետարան։

- Իհարկե՝ ոչ։ Ես այնքան կայացած մարդ եմ, որ ինձ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ անեմ, ինչ չանեմ, ու երբեք, որտեղ ես լինում եմ, այնտեղ կեղտոտ հետք չեմ թողնում։

- Վերադառնանք քաղաքային իշխանությանը՝ վերջին օրերին Հայկ Մարությանի հրաժարականի թեման է ակտիվորեն արծարծվում։

- Արհեստական շրջանառվող թեմա է, ինչպեսեւ՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի թեման։

- Ինչո՞ւ է արհեստական, որովհետեւ կարծում եք, որ նրանք հեղափոխական իշխանության լավագույն պաշտոնյանե՞րն են եւ որեւէ պարագայում չե՞ն կարող հեռանալ։

- Ես ուղղակի վստահ եմ, որ Հայկ Մարությանն ընտրված է, եւ ինքը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընտրվելու փաստին։ Եվ որեւէ առիթ չկա հրաժարականի, մանավանդ որ շատ հարցերում ինձ գոհացնում է նրա աշխատանքը, օրինակ՝ շենքերում լիֆտերի տեղակայումը։ Դա շատ մեծ աշխատանք է, որը նախաձեռնել եւ պատվով իրականացնում է։ 

- Բայց որքա՜ն խոստումներ է տվել, որոնք չի կատարել, ասում են՝ աշխատանքի նորմալ չի էլ հաճախում, կինն է իրականում որոշում շատ հարցեր եւ այլն։

- Այո, կան խոստումներ էլ, որ դեռեւս չեն իրականացվել, դրա համար էլ քննադատում են, որ իրականություն դառնան։ Հաջորդ ընտրություններին, կարծում եմ, տեսանելի կլինեն բոլորի աշխատանքները, եւ եթե ժողովուրդը դժգոհ լինի իշխանության  գործունեությունից, չի ընտրի։ Ինչ վերաբերում է կնոջ մասին լուրերին, ես չեմ հավատում, որ որեւէ մեկը կարող է թույլ տալ, որ ընտանիքի մեկ այլ անդամ իր տեղը զբաղեցնի, առավել եւս՝ կինը։ Կարող է ինչ-որ հարցերում աջակցում է ամուսնուն, բայց դա չի կարող որոշիչ լինել, դրանք ավելի շատ տաքացվող թեմաներ են, որին նաեւ դուք՝ լրատվամիջոցներդ եք նպաստում։

- Մի մոռացեք՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Լավ, առաջիկա անելիքներից խոսենք՝ ԲՀԿ-ում մարզային ակտիվ այցելություններ են իրականացվում, գուցե ակտիվ փողոցային պայքար սկսեն, այդ ժամանակ ի՞նչ եք անելու, էլի՞ կհամարեք, որ շահերի բախում չկա։

- Ես «եթե»-ներով չեմ խոսում։

- ԲՀԿ-ում Ձեզ վստահո՞ւմ են։

- Ես կուսակցության գործերի հետ չեմ առնչվում, իսկ ավագանիում մեր շփումների ընթացքում անվստահության դրսեւորումներ չեմ նկատել։ Որպես մարդու՝ ինձ վստահում են, որպես քաղաքական այլ ուժի ներկայացուցչի՝ միգուցե ինչ-որ հարցերում զգուշավոր են, որը նորմալ է։

- ԲՀԿ-ում անկախ հանրապետություն եք, փաստորեն։

- Չէ, այդպես չէ, ես ֆրակցիայում իմ պարտականությունները կատարում եմ։

- Բայց առանձնապես ակտիվ չեք։

- Ինձ համար ակտիվությունը քաղաքական դաշտում է, եթե մյուս անգամ իմ թեկնածությունն առաջարկվի, ես չեմ դնի, որովհետեւ իմ դաշտը քաղաքականն է։ Հետո՝ ես խնդիր չունեմ ինքնադրսեւորվելու, շատերին դա պետք է, որպեսզի նկատվեն, ճանաչվեն, հետագայում ավելի մեծ հաջողության հասնեն, ես իրատես մարդ եմ եւ հասկանում եմ, որ ինչ-որ պահից սկսած՝ ավելի նվազում են քաղաքական գործունեության շանսերը, հետեւաբար, ես ինձ ավելի պասիվ եմ պահում։