Վահագն Խաչատուրյան. Հայաստանի գիտության պերճանքն ու թշվառությունը՝ մեկ առանձին գիտնականի օրինակով

Վահագն Խաչատուրյան. Հայաստանի գիտության պերճանքն ու թշվառությունը՝ մեկ առանձին գիտնականի օրինակով

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա տնտեսագիտության թեկնածու է: Պարզվում է, որ Վահագն Խաչատուրյանը գիտությամբ զբաղվել է միայն վերջերս, նա իր թեկնածուական թեզը պաշտպանել է 2020 թվականի մայիսի 22-ին՝ Հայաստանում տեղի ունեցած հակասահմանադրական հեղաշրջումից երկու տարի անց: Խաչատուրյանը նախկինում էլ ինչ-որ հոդվածներ եւ ուսումնասիրություններ հեղինակել է, բայց այդպես ֆունդամենտալ ու այդքան համոզիչ՝ միայն հեղաշրջումից հետո:

Ի՞նչը կարող էր Վահագն Խաչատուրյանին մղել՝ զբաղվել գիտությամբ, եթե դա կարելի է այդպես համարել. գուցե նոր գիտական հայտնագործություններ անելու անկասելի ներքին ձգտո՞ւմը,  թե՞ ուղղակի ժամանակի տենդենցներին համաքայլ շարժվելը: Ինչպես ժամանակին գիտական թեզ պաշտպանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մի քանի հանգամանքներ առավել համոզիչ են դարձնում այն վարկածը, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանը գնացել է հենց պարոն Լիսկայի, այլ ոչ թե գիտական նորարարություններով հայտնի անհատների ճանապարհով:

Նախ, Վահագն Խաչատուրյանը թեկնածուական թեզ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո, եւ անկախ այն հանգամանքից, որ նա նախարար է նշանակվել 2021թ., 2020-ին էլ եղել է իշխանության յուրայինների թիմում, իսկ Հայաստանում յուրաքանչյուր իշխանություն ունի իր պալատական գիտնականները: Թեկնածուական թեզը պաշտպանվել է մի ժամանակ, երբ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված ամենախիստ սահմանափակումներն էին, Երեւանի պետհամալսարանը, որտեղ պաշտպանվել է թեկնածուականը, չէր կարող պաշտպանության ժամանակ հրապարակայնություն ապահովել:

Խաչատուրյանը, լինելով էությամբ խիստ համեստ մարդ, չի էլ ցանկացել, որ գիտության ոլորտում իր անգնահատելի ծառայությունները հանրայնացվեն, գնահատվեն հայ եւ միջազգային հասարակության, գիտական շրջանակների կողմից: Բայց այս բոլորն առոչինչ են բուն թեկնածուական թեզի համեմատ, որի ուսումնասիրությունը կցնցեր նույնիսկ ամենավառ երեւակայություն ունեցող անհատին, քանի որ ոչ մեկի մտքով չի անցնի նման տափակությունը ներկայացնել որպես գիտական աշխատանք եւ հույս ունենալ, որ դրա դիմաց կարելի է գիտական աստիճան հայցել:

Չչարաշահենք մեր ընթերցողի համբերությունը, անցնենք նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի գիտական աշխատության առավել հետաքրքիր հատվածների ներկայացմանը: Աշխատությունը կոչվում է «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները Հայաստանի Հանրապետությունում (ընդերքի եւ ջրային ռեսուրսների օրինակով)»: Անվանումից կարելի է կարծել, թե այնտեղ ներկայացված են անպիսի նորարարական մտքեր կամ առաջարկներ, որոնք կօգնեն բարելավելու հանրային ռեսուրսների կառավարումը: Բայց այդ սպասումը հօդս է ցնդում՝ աշխատության սեղմագրի առաջին իսկ տողերին ծանոթանալիս: Մեր եւ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ ուսումնասիրենք ոչ թե ամբողջ աշխատությանը, որը 180 էջ է, այլ 22 էջից կազմված սեղմագիրը, որտեղ ներկայացված են դիսերտացիայի առավել արժեքավոր հատվածները:

Եվ այսպես․ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այդ պաշտոնը զբաղեցնելուց գրեթե 2 տարի առաջ գրում է․ «Ներկայումս այլեւս կասկածի տակ չի դրվում ինստիտուտների կարեւորության հարցը, ավելին՝ կա արդեն ձեւավորված տեսակետ, թե ինչու ոչ բոլոր երկրներն են փորձում լավ ինստիտուտներ ստեղծել: Բանն այն է, որ իշխող քաղաքական գործիչներին ու էլիտաներին ձեռնտու է ոչ թե այն քաղաքականությունը, որն աճ է ապահովում, օգուտ է բերում, այլ այն քաղաքականությունը, որը թույլ է տալիս նրանց մնալ եւ պահպանել իշխանությունը: Այդ նպատակների իրականացումը միշտ չէ, որ համատեղվում է»: Հիրավի մարգարեական տողեր. եթե նկատի ունենանք, որ ներկա իշխանությունների գործունեությունը ո՛չ աճ է ապահովում, ո՛չ էլ որեւէ հանրային օգուտ տալիս, ուստի այս տողերը կարելի է անվարան վերագրել այն իշխանությանը, որը ներկայացնում է Խաչատուրյանը:

Նման կարեւոր դիտարկում անելուց հետո Խաչատուրյանը մեկ այլ՝ իր պարզության մեջ հանճարեղ միտք է արտահայտում. «Ստեղծված իրավիճակում այսօր Հայաստանի համար խիստ կարեւոր է փոքր, բայց արդյունավետ պետություն ունենալու տեսլականը»: Կարող էր, չէ՞, գրել, որ Հայաստանի համար կարեւոր է մեծ պետություն ունենալը, բայց՝ ոչ․ հեղինակը համարում է, որ կարեւոր է փոքր պետություն ունենալը: Թե որքան փոքր պետք է լինի պետությունը, Խաչատուրյանը չի հստակեցնում, ինչից կարելի է եզրակացնել, որ դա նոր գիտական աշխատության թեմա է, որին անհամբեր սպասելու ենք:

Ընդհանուր դատողություններից հետո Խաչատուրյանն անցում է կատարում ատենախոսության բուն թեմային` ընդերքին եւ ջրային ռեսուրսներին, եւ հընթացս մի նոր գիտական հայտնագործություն անում. «Հայաստանի ջրային ռեսուրսները ձեւավորվում են հիմնականում նրա տարածքում տեղացող մթնոլորտային տեղումների եւ Արաքս ու Ախուրյան սահմանային գետերի ջրհոսքերի հաշվին»: Մինչեւ հիմա հայ գիտնականներն այս հարցում ունեին իրարամերժ տեսակետներ. մի մասը պնդում էր, որ Հայաստանի ջրային ռեսուրսները ձեւավորվում են Նեղոսի, մյուսների կարծիքով՝ Ամազոնի ջրային հոսքերի հաշվին, բայց Վահագն Խաչատուրյանն ապացուցել է, որ նախկինում առկա նախապաշարմունքները չունեին որեւէ գիտական հիմք եւ ապացուցողական բազա:

Լինելով գործող իշխանության կողմնակիցն ու նրա արժեքային համակարգի կրողը՝ Խաչատուրյանը գիտականորեն ջախջախիչ հարված է հասցնում նախկին իշխանությանը, ի ցույց դնելով նրա հակագիտական էությունը. «Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս զգալի են ջրային ռեսուրսների կորուստները: Նկատենք, որ 2011-2018թթ. ջրային ռեսուրսների կորուստները ոչ թե նվազել, այլ ավելացել են՝ 2011թ.-ի 700.1 մլն խոր. մետրից 2018թ. հասնելով 787.9 մլն խոր. մետրի, իսկ  նշված ժամանակահատվածում կորուստների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2013թ. (866.0 մլն խոր. մետր)»: Ջրային ռեսուրսի կորուստներն ավելացել են նաեւ 2018-ին հաջորդած  տարիներին, սակայն Խաչատուրյանն անդրադարձել է 2011-2018թթ․ ժամանակահատվածին, որովհետեւ դրանից հետո տեղի ունեցողը որեւէ գիտական արժեք չի ներկայացնում: Բացի այդ՝ եթե նույնիսկ շարունակել են ավելանալ, դա կապված է ոչ թե վատ կառավարման, այլ, ասենք, իներցիայի հետ:

Որպես գիտական խոշոր հայտնագործություն պետք է համարել բնապահպանական խնդիրների լուծման ոլորտում հեղինակի առաջարկած հետեւյալ մոդելը. ընդերքի օգտագործման եւ բնապահպանական խնդիրների լուծման համար առաջարկում է ունիվերսալ մոդել, որը ձեւակերպել է այսպես․ «Պետք է վճարի նա, ով աղտոտում է շրջակա միջավայրը»: Թե ինչու մինչ այժմ որեւէ մեկի մտքով չի անցել հանքարդյունահանող ընկերություններին ստիպել վճարել շրջակա միջավայրն աղտոտելու համար, պարզ չէ, իսկ եթե նրանք դա անում են տարիներ շարունակ, դա արդեն գիտնականի մեղքը չէ, որ դրա մասին տեղեկացված չէ:

Իսկ ատենախոսության եզրահանգումն արժանի է Նոբելյան մրցանակի, ոչ թե ինչ-որ թեկնածուական աստիճանի շնորհման: «Հայաստանում իրականացվող տնտեսական հեղափոխության հաջողությունը մեծապես կախված է լինելու նաեւ այն հանգամանքից, թե հեղափոխության արդյունքում ինչպիսի վերաբերմունք է ձեւավորվելու պետության նկատմամբ, ինչպիսին են լինելու պետություն-շուկա հարաբերությունները: Դրանով են պայմանավորված լինելու պետական գործառույթների ծավալն ու բովանդակությունը: Նախկին համակարգի ամենալուրջ եւ ճակատագրական սխալն այն էր, որ ժամանակի ընթացքում խախտվեց շուկայական տնտեսության ամենակարեւոր կանխադրույթը՝ բիզնեսի եւ իշխանության տարանջատման անհրաժեշտությունը, որն էլ հանգեցրեց օլիգարխիկ-կլանային տնտեսության ձեւավորմանը»:

Այս տողերը գրում է մարդ, ով քրեաօլիգարխիկ համակարգի կողմից նշանակվել է ՀՀ նախագահ: Այսինքն՝ Խաչատուրյանը գիտականորեն ապացուցում է, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ձախողված է բիզնեսի եւ իշխանության միաձուլման՝ ներկայումս կատարելության հասնող աստիճանի պատճառով:

Որպես վերջաբան, ներկայացնենք գիտնական Վահագն Խաչատուրյանի եւս մեկ կարեւոր հայտնագործություն, որը մինչ այդ որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել.
«Հանքարդյունաբերության ոլորտը կարեւոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտը հանդես է գալիս որպես արտահանման եկամուտների, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ քաղաքաբնակ կենտրոններից դուրս համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր»: Սա թեկնածուական թե՞զ է, թե՞ 6-րդ դասարանցու ռեֆերատ:

Եվ, վերջապես, ամենացնցող հատվածը․ իր գիտական թեզում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել. «Եթե ընդունենք, որ Հայաստանի արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, ապա հեշտ է նկատել, որ 1 մլն լ (1000 խոր․ մ) խմելու ջրի արտահանումից ստացվող դրամատուրքը (հասույթը) կկազմի 370 հզ, 1 մլն խմ խմելու ջրի արտահանման դեպքում կարելի է ստանալ  370 մլն, 10 մլն խմ դեպքում՝ 3,7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է ՀՀ-ից 2017 թ․ արտահանման ծավալին»: Իսկ հիմա, ուշադրություն` առաջարկը. «Ջրի այդպիսի քանակությունը կարելի է վերցնել Սեւանա լճից եւ այն հիմնականում արտահանել խողովակաշարով` մինչեւ Պարսից ծոց: Կարեւոր է նաեւ նկատել, որ ջրի քանակությունը հնարավոր է այդ տարածաշրջանի երկրներ հասցնել ինքնահոս եղանակով՝ նկատի ունենալով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 700 մ ավելի բարձր է Պարսից ծոցի երկրներից, ինչը զգալիորեն կէժանացնի խմելու ջրի տեղափոխման ծախսերը»:

ՀԳ. Հետո էլ ասում են, թե Հայաստանում գիտություն չկա, կամ «գիտական» կադրերը մեր երկրում գնահատված չեն: Էլ ինչպե՞ս գնահատվեն, ավելի բարձր էլ ի՞նչ պաշտոնում նշանակվեն, որ այդ գնահատականը տեսանելի լինի:

Ավետիս Բաբաջանյան