Սա ոչ թե պաշտոնի վերադարձ էր, այլ իրավունքի հաղթանակ

Սա ոչ թե պաշտոնի վերադարձ էր, այլ իրավունքի հաղթանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը եւ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով` 1. Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում»,- մասնավորապես նշված է որոշման մեջ:

Նանե Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվանից արդեն ներկայացել է աշխատավայր։ «Երեկ հրապարակվեց վարչապետի որոշումը, որով ի կատար ածվեց դատարանի վճիռը, որը հրապարակվել էր դեռ հուլիս ամսին, գրեթե 4-5 ամիս անց իրականացավ նաեւ վերականգնում ու փոխհատուցում։ Երեկ ինձ ծանուցել են դրա մասին, եւ ես այսօր արդեն առավոտյան ժամը 9.00-ից աշխատանքի եմ, իսկ պարապուրդի փոխհատուցման մասով ինձ տեղեկացրին, որ ընթացքի մեջ է»,- ասում է Ն․ Ասատրյանն ու նկատում՝ ընդհանուր առմամբ, դատական պրոցեսը տեւեց գրեթե 2 տարի, բոլոր ատյաններով գործն անցել է՝ վճռաբեկ, վերաքննիչ, հարկադիր։

Անկուսակցական Նանե Ասատրյանն ասում է՝ անգամ 2 տարի անց այդպես էլ չի հասկանում, թե ինչու իրեն ազատեցին աշխատանքից։ «Նախապատմությունը սա էր․ 2021թ․ հուլիսի սկզբին ինձ տեղեկացրին, որ այն ժամանակվա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Արարատ Գրիգորյանին ասել է, որ քաղաքական թիմը որոշել է Նանե Ասատրյանին ազատել աշխատանքից, ինչի հետ կապված՝ Արարատ Գրիգորյանը պետք է ներկայացներ միջնորդագիր։ Այդ ժամանակ ես գտնվում էի հղիության 6-րդ ամսում եւ ուղիղ 20 օրից պետք է գնայի ֆիզարձակուրդ։ Արդյունքում ես զրկվեցի ֆիզարձակուրդ գնալու, մայրության նպաստից, այսինքն՝ ոտնահարվեցին նաեւ իմ չծնված երեխայի իրավունքները։ Այսօր, երբ հետ եմ նայում, չեմ ափսոսում, որ չհանձնվեցի եւ մինչեւ վերջ գնացի, որովհետեւ վճիռը հրապարակվել էր ու մի քանի ամիս չէր իրականացվում, դրա համար ստիպված նաեւ հարկադիր գնացինք ու հասանք այս փուլին, որը ոչ թե պաշտոնի վերադարձ էր ինձ համար, այլ իրավունքի հաղթանակ»,- հավելում է մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնված Ն․ Ասատրյանը։