Երեւանի ընտրություններ. ի՞նչ անել

Երեւանի ընտրություններ. ի՞նչ անել

Արդեն տեւական ժամանակ է՝ ԱԺ ընդդիմությունը խոսում է Երեւանի ընտրություններին դաշինքով կամ միասնական թեկնածուով մասնակցելու մասին: Ասում են՝ քննարկում են: Ենթադրում եմ, որ կա նաեւ սեփական թեկնածուով ընտրությունների գնալու թեման, բայց կոնկրետ անուններ չեն ասում: Մի տեսակ կաշկանդվածություն կա, կարծես չեն ցանկանում որեւէ հավակնորդի դնել հարվածի տակ:

Փոխարենը ակտիվ են արտախորհրդարանական ուժերը, որոնք իշխող ՔՊ-ին ժրաջանորեն հիշեցնում են իրենց մասին, չեն թաքցնում իրենց թեկնածուի անունը, որը կգլխավորի ցուցակը, եթե ՔՊ-ն իրենց չվերցնի ավտոբուս: Տիգրան Խզմալյանը, օրինակ, որ Հայաստանի եվրոպական կուսակցություն է հիմնադրել, չի բացառում, որ իրենց թեկնածուն կարող է լինել երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կանգ է առել Արտակ Զեյնալյանի թկնածության վրա: Նիկոլի ավտոբուսում տեղավորվելու ուղղությամբ ամենահամառ ջանքերը, սակայն, գործադրում է Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն՝ ի դեմս Դավիթ Խաժակյանի, ով Երեւանի քաղաքապետարանում ՔՊ-ի հետ համագործակցության մեծ փորձ ունի:

«ՔՊ-արտախորհրդարանականներ» ֆորմատից, սակայն, ՔՊ-ն հրաժարվեց: Իշխող ուժը մերժում է իր մեջ ներծծվել արտախորհրդարանականներին, թեեւ վերջիններս դեմ չեն՝ պատվավոր տեղ գրավել մի դաշինքի ցանկում, որը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Կարելի է ասել՝ դա պատասխանատվություն ստանձնելու մեծ ռիսկ է արտախորհրդարանականների կողմից, մանավանդ՝ եթե հաշվի առնենք 44-օրյա պատերազմի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի «հարցաքննության» հանգամանքները: ՔՊ-ի առաջնորդը, պարզվեց, իսկական դատելու «ապրանք ա», մինչդեռ արտախորհրդարանականներն իրենց ճղում են նրա ավտոբուսը խցկվելու համար:

ՀԱԿ-ից ընդհանրապես ձեն-ձուն չկա, ասես Երեւանն իրենց մայրաքաղաքը չէ: Չենք ասում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորի ցուցակը, բայց մի՞թե ՀԱԿ-ում չկա Նիկոլ Փաշինյանի նման երկրորդը, որ կկարողանա հակակշռել Նիկոլ Փաշինյան առաջինին:

Մի փոքր տարբեր է «Ապրելու երկիր» կուսակցության պարագան: Եթե մյուս արտախորհրդարանական «ընդդիմադիրները» կապ չեն պահում բուն ընդդիմության հետ, ապա Մանե Թանդիլյանը գոնե որոշակի ակտիվություն է ցուցաբերում առանձին հասարակական կազմակերպությունների փողոցային նախաձեռնությունների եւ ստորագրահավաքների հանդեպ: Բացի այդ, «Ապրելու երկիրը», կարելի է ասել, միակ քաղաքական ուժն է, որ մտադիր է միայնակ գնալ ընտրությունների՝ առանց շիթիլների: Հուսամ, որ Մանե Թանդիլյանն ու նրա ընկերները որոշակի տնային հաշվարկներ արել են իրենց հնարավորությունները գնահատելու ուղղությամբ եւ իրենց մասնակցությունը չեն համարում զուտ մասնակցություն: «Ապրելու երկիր»-ին, օրինակ, կարող են ձայն տալ բոլոր այն երեւանցիները, որոնք զզվում են ՔՊ-ի միահեծան իշխանությունից եւ երազում են Երեւանի այն ավագանու մասին, որտեղ ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն չունենա: Մանե Թանդիլյանի «դուխն» էլ, կարծես, տեղում է, ինչը վատ չէ, եթե աչքիդ առաջ ունես Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի դառը փորձը: Ի դեպ՝ Վանաձորի մասին: Այդ քաղաքի հետ են կապված Էդմոն Մարուքյանի մասին հիշողությունները, իսկ նրա հանդեպ զզվանքն ամենեւին էլ փոքր չէ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ զզվանքից: Ինչեւէ:

Գանք վերնագրի հարցադրմանը՝ ի՞նչ անել այս իրավիճակում: Իսկ իրավիճակը հետեւյալն է՝ խորհրդարանական ընդդիմությունը չի շտապում կողմնորոշվել, ՔՊ-ն ուզում է 100 տոկոսանոց ներկայություն ունենալ Երեւանի ավագանիում, «Ապրելու երկիրը» փորձելու է մի քանի աթոռ փախցնել, իսկ մնացածը ընկել են ՔՊ-ի հետեւից, որ իրենց տանեն քաղաքապետարան՝ դաշտում ընտրապայքարի իմիտացիա ստեղծելու դիմաց: Եթե խորհրդարանական ընդդիմությունը մինչեւ սեպտեմբեր շարունակի չկողմնորոշված մնալ, ապա տեղի կունենան Երեւանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները՝ 2018թ․ ընտրություններից էլ խայտառակ: Չի կարելի նման բան թույլ տալ, այլապես 2021թ. ընտրազանգվածը վերջնականապես կհիասթափվի խորհրդարանական ընդդիմությունից եւ անգամ կպահանջի վայր դնել մանդատներն ու հեռանալ խորհրդարանից: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ հենց սեփական ընտրազանգվածի առջեւ ունեցած մեծ պատասխանատվությունն է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը երկար է մտածում: Նիկոլենք, օրինակ, նման խնդիր չունեն, որովհետեւ չունեն նաեւ մտածող ընտրազանգված եւ հույսները դրել են պետական լծակների, այդ թվում՝ նաեւ բանտիկով չագուճների վրա:

Եվ ուրեմն՝ ի՞նչ անի խորհրդարանական ընդդիմությունը, որ կանգնել է հեքիաթներից մեզ քաջ հայտնի երեք ճանապարհների խաչմերուկում՝ գնան դաշինքո՞վ եւ, Աստված մի արասցե, ցույց տան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, գնան առանձի՞ն եւ, Աստված մի արասցե, չանցնեն ավագանի, թե՞ գնան երրորդ ճանապարհով, որի սկզբում հետեւյալ մակագրությամբ ցուցանակ է կախված. «Քայլ 1-ին՝ տապալիր Երեւանի ընտրությունները, քայլ 2-րդ՝ սիկտիր արա Նիկոլին»: Այնտեղ մանր տառերով մի գրություն էլ կա, որ այս հեռավորությունից կդժվարանամ կարդալ, բայց կարծեմ խոսքն այն մասին է, որ Նիկոլին անպայման պետք է ս․․․ անեն ազգային ուժերը, այլապես այս իշխանության մեջ վարչապետի աթոռի ապազգային թեկնածուների պակաս չկա:
Եվ ուրեմն, ի՞նչ անել: Թեեւ ես հաճախ եմ խորհուրդներ տալիս, բայց ինքս ինձ շատ վատ խորհրդատու եմ համարում: Այս հարցում էլ դժվարին կացության մեջ եմ: Սատանան ասում է՝ խորհրդարանական ընդդիմությանը խորհուրդ տուր՝ գնալ երրորդ ճանապարհով, այն է՝ հերթականությամբ կատարել ցուցանակի վրա նշված բոլոր քայլերը: Բայց մեկ էլ մտածում եմ՝ ինչպե՞ս կարելի է խորհուրդ տալ՝ տապալել մի այնպիսի ժողովրդավարական միջոցառում, ինչպիսին ընտրությունն է: Սա իմ խղճին դեմ է։ Բայց մյուս կողմից էլ հստակ է, որ դա ոչ թե ընտրություն է, այլ իսկական էշի հարսանիք, ինչպես բոլոր այն ընտրությունները, որ տեղի են ունեցել Նիկոլի օրոք: Նիկոլի օրակարգն է այս ընտրությունը, սա 44-օրյա պատերազմում պարտված Երեւանի եւ երեւանցու առաջին ընտրությունն է, որ կարող է, Աստված մի արասցե, վերահաստատել 2021թ․ հունիսի 20-ի արդյունքները՝ թե՛ թվային, թե՛ բարոյահոգեբանական առումներով:

Եվ ուրեմն՝ պետք է տապալել Նիկոլի օրակարգը: Տապալել թեկուզ քայլերի հերթականությունը խառնելով․ սկզբում՝ Նիկոլին, հետո՝ ընտրությունները: