Չեն պատկերացնում, որ մեր երկրում փոխվել է կառավարման համակարգը

Չեն պատկերացնում, որ մեր երկրում փոխվել է կառավարման համակարգը

Փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը ցավում է ՀՀ  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի համար։
«Ես գիտեմ նրա թե՛ հնարավորությունների, թե՛ արժեքային համակարգի մասին։ Ես չեմ զրուցել Արտակի հետ այդ մասին, բայց գիտեմ, որ նա այնքան հարուստ անցյալ ունեցող անձ է, որ կարծում եմ՝ նրա համար նախարարի պաշտոնը սովորական աշխատանքային գործունեություն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, թե Արտակ Զեյնալյանի գործունեությունը արդարադատության նախարարի պաշտոնում քննադատվել է մամուլում,  մասնավորապես այն բանի համար, որ նա չի գնում հեղափոխական լուծումների ճանապարհով, Արա Ղազարյանը արձագանքեց․ «Արտակ Զեյնալյանին քննադատում էին այնքանով, որքանով կարելի է քննադատել ցանկացած չինովնիկի։ Դա կորուստ է մեր պետական կառավարման համակարգի համար։ Իսկ հեղափոխական լուծումները պետք է առաջարկի առաջին հերթին ԱԺ-ն, ոչ թե գործադիրը։ Մենք խորհրդարանական երկիր ենք, մեզ մոտ հակառակն է՝ գործադիրն առաջարկում է, ԱԺ-ն համաձայնում է։ Քանի դեռ խորհրդարանը չի որոշել՝ հեղափոխական գործիքներ կիրառո՞ւմ են, թե՞ ոչ եւ ինչ գործիքներ՝ գործադիր իշխանությունն իրավունք չունի միջոցներ ձեռնարկել։ Իսկ Արտակ Զեյնալյանը հաշվետու է ԱԺ-ին։ Մարդիկ, որ պահանջում են նման բան, չեն պատկերացնում, որ մեր երկրում փոխվել է պետական կառավարման համակարգը։ Առաջին հերթին բարեփոխումների հարցերում որոշում է կայացնում ԱԺ-ն, հետո իրականացնում է գործադիրը»։