Հայաստանից Թուրքիա ճանապարհ չկա, բայց Հայաստանն ուզում է սահմանը բացել

Հայաստանից Թուրքիա ճանապարհ չկա, բայց Հայաստանն ուզում է սահմանը բացել

Իմիտացիան դարձել է գործող իշխանությունների գործունեության հիմնական բնութագիչը: Հայ-թուրքական սահմանը բացելու հարցում իշխանությունները չեն շեղվում այդ գծից՝ ցույց տալու համար, որ գոնե մի հարցում իրենք հետեւողական են: Հայաստան-Թուրքիա բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով հուլիսի 1-ին Ժնեւում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու շուրջ երկու երկրների մերկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության կատարման մասին, ասում է. «Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարեւոր բաներից մեկն առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը`շատ խաթարում է այդ վստահությունը»: Ռուբինյանի խոսքից կարելի է հասկանալ, որ Հայաստանը շահագրգռված է պայմանավորվածության շուտափույթ իրագործման հարցում: Մինչդեռ ընդունված է մարդկանց, այս դեպքում՝ նաեւ պետության եւ այն ներկայացնող իշխանության մտադրությունների մասին դատել ոչ թե նրանց խոսքերով, այլ իրականացրած կոնկրետ քայլերով:

Մի պահ ենթադրենք, որ Թուրքիան հայտարարում է, որ թեկուզ հենց այսօր պատրաստ է բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը եւ թույլատրել երրորդ երկրների քաղաքացիներին՝ հատել հայ-թուրքական սահմանը: Ինչպե՞ս պետք է այդ քաղաքացիները հասնեն մինչեւ սահման եւ անցնեն այն, երբ դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհն անանցանելի է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների համար: Անանցանելի է բառի բուն իմաստով։ Դա կարող են փաստել այդ ճանապարհից վերջին մի քանի տարիների ընթացքում օգտվող քաղաքացիները: Ճիշտ է՝ տեղի բնակիչները պարտադրված անցնում են այդ ճանապարհով՝ ջարդելով ու վնասելով իրենց մեքենաները, բայց նրանք այլընտրանք չունեն: Մինչդեռ սահմանը բացվում է որպես այլընտրանք այլ երկրների քաղաքացիների եւ, ենթադրաբար, բեռների համար:

«Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետեւանքով ճանապարհահատվածի երթեւեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթեւեկությամբ»,- այս հայտարարությունն ամեն օր կարելի է կարդալ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում, որտեղ ամենօրյա տեղեկատվություն է տարածվում Հայաստանի ճանապարհների վիճակի մասին։ Լուսագյուղ-Երասխահուն հատվածը գտնվում է հայ-թուրքական սահմանին, Մ-3 ավտոճանապարհը հենց այն ճանապարհն է, որի վերանորոգման մասին մի քանի օր առաջ խոսում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Այդ կամուրջը վնասվել է առնվազն կես տարի առաջ: Ինչ-որ մի պահ կամրջի վերականգնման աշխատանքներ սկսվեցին, բայց հետո այն միանգամից դադարեցվեց, ու առնվազն վեց ամիս այս կամուրջը միակողմանի փակ է, եւ ոչինչ չի արվում այն վերանորոգելու համար: Նույնիսկ այն մասը, որը բաց է, գտնվում է կիսավթարային վիճակում: Այս կամուրջն անցնում է Սեւ ջուր գետի վրայով:

Մ-3 ճանապարհի վրա գտնվող Երասխահուն-Ջրարբի կամրջի վիճակն ավելի վատ է: Չնայած այն պաշտոնապես երկկողմանի բաց է, բայց վարորդներն աշխատում են շրջանցել այն եւ օգտվել հարեւանությամբ գտնվող հին կամրջից, որը եւս վթարային վիճակում է, բայց մի քիչ ավելի բարվոք է, քան, այսպես կոչված, «նոր» կամուրջը: Բնականաբար, այս կամրջի վերանորոգման ուղղությամբ եւս այս պահին որեւէ աշխատանք չի իրականացվում: Այս կամուրջն էլ անցնում է Հայաստան-Վրաստան երկաթուղու վրայով:

Ճանապարհի այն հատվածը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, ընդհանրապես փակ է, եւ ճանապարհային նշաններով ցույց է տրվում, որ այդ հատվածն անցնելու համար պետք է օգտվել շրջանցող դաշտամիջյան ճանապարհներից:
Պարզ ասած՝ այս պահին Հայաստանը Թուրքիայի հետ կապող ճանապարհ գոյություն չունի: Այն հնարավոր է հիմնանորոգվի, բայց թե դա երբ տեղի կունենա, երբ այն կավարտվի, որեւէ մեկը չի կարող հստակ ասել: Հյուսիս-հարավ ավտոճանապարհն էլ պետք է հիմա շահագործված լիներ, բայց կառուցված է դրա չնչին մասը: Կիսավեր վիճակում է գտնվում նաեւ սահմանային անցակետի տարածքը: Կարող ենք փաստել, որ երեկվա դրությամբ այնտեղ եւս որեւէ շինարարական կամ վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում, թեեւ, եթե իսկապես սահմանը բացելու ցանկությունն իրական է եւ ոչ թե իմիտացիա, ապա այն պետք է տեղի ունենար ճանապարհի նորոգմանը զուգահեռ:

Նման պայմաններում ո՞ւմ են ուղղված պայմանավորվածությունը շուտափույթ կատարելու կամ վստահությունը չխաթարելու Ռուբինյանի կոչերը: Այս իշխանությունն ընդհանրապես տեղյակ չէ իր կողմից կառավարվող երկրի իրական վիճակի եւ որեւէ ծրագիր իրագործելու տեխնիկական հնարավորությունների մասին: Այնպես որ, Ռուբինյանի հայտարարությունները կարող են ծիծաղ առաջացնել թուրքական կողմի մոտ, որտեղ ճանապարհները գտնվում են իդեալական վիճակում, եւ որը ճանապարհ ու կամուրջ կառուցելու կամ վերանորոգելու խնդիր չունի՝ հատուկ սահմանը բացելու համար:

Ավետիս Բաբաջանյան