Իսկ Դուք, քաղաքացի Փաշինյան, կգնաք աշխատանքային գաղութ

Իսկ Դուք, քաղաքացի Փաշինյան, կգնաք աշխատանքային գաղութ

Նիկոլին ես արդեն չեմ նախանձում: Վերջացած ղեկավար է, խփված խաղաթուղթ… Նույնիսկ կանայք արդեն չեն սիրում նրան: Մտքերը ցրիվ են, խոսքը՝ անհասկանալի, սկսել է ինքն իրեն հակասել ամեն քայլափոխի: Չար լեզուներն ասում են՝ նույնիսկ Աննան է թողել-գնացել հորանց: «Հորանց» ասածն էլ մեր ժամանակներում լրիվ ուրիշ բան է նշանակում, հասկանում ես: Տիկինը փողին փող չի ասում, լայն կապերն էլ՝ չհաշված: Ով գիտի՝ նույնիսկ Հայաստանում չի: Այլապես այսքան արցախցի փախստականներ ունենք՝ մեկի տուն չի գնում, մեկի երեխաների հետ չի նկարվում, նորածին չի գրկում, ժպիտներ չի պարգեւում… Նիկոլը բավարարվում է ընտանիքի «նոստալջիկ» նկարներ հրապարակելով, որոնցում ինքը դեռ բավականաչափ թարմ տեսք ունի: Վերջին անգամ ե՞րբ է Աննայի հետ քայլել Երեւանի փողոցներով՝ արդեն չենք էլ հիշում:

ԱԺ-ում բյուջեի քննարկման օրը տեսա՞ք Նիկոլի վիճակը: Բյուջե քննարկեին, եւ Նիկոլը 2 ժամ չճառե՞ր, դա լսվա՞ծ բան էր: Շըփ-թըփ լմնցրին, գնաց: Թե բա՝ հարցուպատասխան: Բյուջեի մասին ոչ մի հարց վարչապետին չտվեցին: Բոլորին հետաքրքրում էր նրա վերջին դեմարշը ՀԱՊԿ-ի դեմ, ինչ-որ չափով էլ՝ իրավապահ համակարգի փչացածությունը, որ, վերջին հաշվով, դարձյալ վարչապետի ձախողման հետեւանքն է: Մարդը եկել-կանգնել է ամբիոնի մոտ եւ ոչ մի կերպ չի կարողանում մեղքը գցել նախկինների վրա: Խոսեց, խոսեց, պատասխանեց, պատասխանեց, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ: Ինքն էլ, ըստ երեւույթին, իր ասածներից բան չհասկացավ: Մենք «տո լի» արտաքին վեկտոր ենք փոխում, «տո լի» չենք փոխում, ՀԱՊԿ-ից «տո լի» դուրս ենք գալիս, «տո լի» դուրս չենք գալիս… Խաղաղության մասին էլ, իհարկե, ոչ մի խոսք՝ «տո լի» ստորագրում ենք էդ անտեր պայմանագիրը, «տո լի» չենք ստորագրում… Ժողովրդավարության մասին հիշողություններն էլ հո ծալել, գրպանն էր դրել: Ծպտուն իսկ չհանեց, երբ Վահե Ղազարյանին դեմ տվեցին ոստիկանության այսօրվա պատկերն ու պահվածքը: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ ինչ կաներ Նիկոլը, եթե ոստիկանությանը բան ասող լիներ:

Նկատել եմ, որ Փաշինյանն սկսել է պարտվել նաեւ քարոզչության բնագավառում: Հիշո՞ւմ եք, նախկինում մի հարթակ կար, որ ուսումնասիրում էր, թե որ պաշտոնյայի մասին որքան հրապարակում է եղել մամուլում, այդ հրապարակումներից քանիսն են եղել դրական, քանիսը՝ բացասական եւ քանիսը՝ չեզոք: Տեսնելով, որ այդ գործով այլեւս զբաղվող չկա, որոշեցի ինքս զբաղվել, եւ ահա թե ինչ պարզվեց: Վերջին մեկ ամսում իշխանական պաշտոնյաներից ոչ մեկի մասին որեւէ հրապարակում չի եղել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ, ո՛չ չեզոք: Լավագույն դեպքում՝ մեկ-երկու հարցազրույց, այն էլ՝ ոտքի վրա, ԱԺ միջանցքներում: Մնացածը քֆուր է: Փոխարենը անհաշիվ հրապարակումներ կան Նիկոլ Փաշինյանի մասին՝ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, Փաշինյանը Ֆրանսիա է գնացել, Փաշինյանը ՔՊ-ի փակ ժողովին է մասնակցել, Փաշինյանը ՔՊ ֆրակցիային է հավաքել, Փաշինյանը մասնակցել է Ավինյանի «շղթայման» արարողությանը… սրանք դեռ համեմատաբար չեզոքներն են: Փաշինյանի մասին մնացած հրապարակումները բացասական են եւ, հիմնականում՝ հայհոյախառը: Քննադատության պակաս չկա:

Փաշինյանը դադարել է ժողովրդի հետ հանդիպել, մարզեր չի գնում, իրեն շրջապատել է մինչեւ ատամները զինված տարատեսակ զորքերով, հրահանգներ է տալիս իրավապահ համակարգին, Փաշինյանի օրոք դատավորների վնգստոցը չի կտրվում, դատախազն ու հակակոռուպցիոն մարմինը գործում են վարչապետի զանգերով, Փաշինյանը հատուկ կառույցներ է պահում՝ սոցիալական ցանցերում անցանկալի օգտատերերի հրապարակումներն անաղմուկ «խլացնելու» եւ դրանց տարածումը սահմանափակելու համար: Դե իսկ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մասին քննադատական բնույթի վերլուծությունների մասին չեմ էլ խոսում: Դրանցում ոչ մի դրական խոսք չկա նրա որեւէ քայլի մասին: Արցախի հանձնում, ՀՀ սուվերեն տարածքի կորուստ, Հայաստանի հետագա ճակատագրի անորոշություն, դաշնակիցների խորը եւ գլոբալ բացակայություն՝ սրանք են այն հանգրվանները, որոնց մեզ հասցրել է Նիկոլը: Եվ ուրեմն բնական է, որ հայաստանյան մամուլում Նիկոլի մասին դրական հրապարակումներ չէին կարող լինել:

Միտք եմ անում, միտք, ու ինձ թվում է, որ Նիկոլի հեռանալու ժամանակը վաղուց եկել է: Նա այլեւս ծեր է ՀՀ վարչապետ լինելու համար: Նույն բանն էր փաստել նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ նշելով մեղքերի այն ծավալը, որի ծանրության տակ 20-ամյա մի քանի ուժեղ երիտասարդներ էլ չէին կարող դիմանալ: Ավարտելով՝ թվարկեմ դրանք: Եվ ուրեմն՝ Նիկոլը
• Տապալել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները 2018-2020 թվականներին։
• Ներքաշել է մեզ Ադրբեջանի հետ անհավասար 44-օրյա պատերազմի մեջ եւ այդ պատերազմում կատարելապես ձախողել Հայաստանի ռազմական ջանքի կառավարումը։
• Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ դրա հետեւանքով, ըստ էության, հրահրել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը՝ ցեղասպանության ակնհայտ տարրերով։
• 2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո` սկզբից առանց մարտի հանձնել է բազմաթիվ դիրքեր, այնուհետեւ տապալել  սահմաններում դիրքերի ֆորտիֆիկացիաների կառուցումը եւ նպաստել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դիրքերի գրավմանը։
• Հանուն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրման, զոհաբերել է Արցախը, բայց, միեւնույն է, այդ խաղաղությունը չի ստացել, ինչով, իսկապես, հարցականի տակ է դրել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: